Յայտարարութիւն

Friday, September 10, 2010

Ստեղնաշարի հմայքը

Պատվելին ժիր ու աշխույժ, խոշոր քթով, ազնվաբարո, բայց կրքոտ խառնվածքով անհատ էր, յոթանասունի շեմին։ Կարդացած , աշխարհի անցուդարձին իրազեկ։ Մինչ այս ափեր հաստատվելը ուսանել էր Հռոմում , ապրել ՝ Փարիզում, ամուսնացել էր Կանադայում , աղջիկները՝ զույգ մեծացել ու հաստատվել էին Ամն–ում ։
Ինքն էլ կնոջն առած վերջին տասնամյակում տեղափոխվել էր այս նոր աշխարհը՝ հայերի համար չափից դուրս բարենպաստ երկիրը։
Նախակրթարանի սան էր, սիրում էր երաժշտությունը։ Ժամերով կարող էր լսել ու լսել։ Ինքն ամեն անգամ մտածում ու չէր հասկանում , որտեղի՞ց են գալիս դաշնամուրի ձայները։ Հարցնել մեծերից ամաչում էր։ Ախր մեծերը նրան համարում էին ուշիմ ու խելացի ։ Իսկ դաշնամուրը իր տեսքով, ճերմակ ու սև ստեղնաշարերով տանջում էր միտքը։
Գալիս էր վարժուհին , նստում էր դաշնամուրի առջև, բացում էր կափարիչը ու դաշնամուրը նրա մատներին հլու սկսում էր նախ աղմկել, հետո աղմուկը չքվում էր ու շուրջը լցվում էր կախարդական մեղեդիներով։
Որտեղ էին թաքնված մեղեդիները։
Գաղտնիքը պարզելու համար նա մի օր թաքնվեց դաշնամուրի տակ ու համբերատար սպասեց վարժուհու գալուն։ Երկար սպասեց։ Արդեն փոշմանել էր դաշնամուրի տակը մտնելու համար, երբ դուռը բացվեց ու երգողները վարժուհուն շրջապատած ներս մտան ։ Տեղավորվեցին, ինքը վախեցած
ավելի կուչ եկավ , հետո տեսավ վարժուհու սև կոշիկների սուր քթերը , ինչքան հնարավոր էր ետ քաշվեց, որ վարժուհու ոտքերի տակ չմնա։ Ակամա սկսեց նայել ոտքերին ։ Ճերմակ ու ողորկ ոտքերից կախարդված հայացքը գնաց վեր, գերող ու հմայող ուժով էին լեցուն վարժուհու ոտքերը, ինչի՞ համար էր մտել դաշնամուրի տակ՝ լրիվ մոռացավ, ներքին՝ անորոշ լարվածությունից ու անբացատրելի ցանկությունից, ուրիշ մի նոր անծանոթ գաղտնիքի տիրելու տենդից՝ հայացք մնացել էր գամված վարժուհու ստեղնաշարի պես ճերմակ ու ողորկ ոտքերի ։
Զգում էր, որ, ահա՝ ինքը մի նոր, մինչ այդ անհայտ գաղտնիք էլ կբացահայտի, այնտեղ՝ խորքում , ուր ոտքերն էին միանում՝ բացի ճերմակից ոչինչ չէր տեսնում, անկախ իրենից ձեռքով փորձեց մաքրել աչքերին կպած քողը, բայց հրաշքի փոխարեն կատարվեց անխուսափելին, նա կորցրեց հավասարակշությունը, լարվածությունից թմրած ոտքերը չդիմացան՝ կըծկված մարմնի ծանրությանը ՝ փլվեց վարժուհու ոտքերին։
Վարժուհին անակնկալից շիկնած ու շփոթված ճչած։
Հանցանքի մեջ բռնված կատվի ձագի պես նրան դաշնամուրի տակից դուրս հանեցին։ Աղջիկները աղմկում էին , վարժուհին՝ կասկարմիր , խոսելու ունակությունը կորցրած՝ ջղագարի պես ընդհատումներով արտասվում էր ։ Պատժեցին։ Այնքան մեղք բարձեցին վեցամյա տղեկի ուսերին , որ նա ատեց կախարդական ու հոգեթով հնչյուններ արարող, բայց հրեշի արտաքինով դաշնամուրին, ու խեցգետնու պես կարմրած վարժուհուն։ Չնայած այդ դեպքից հետո նա ավելի հանրաճանաչ դարձավ։
Իսկ տեսածը, իրականում միայն ողորկ ու ճերմակ ոտքեր էին, թաղի, դպրոցի իրենից տարիքով տղաները, անգամ մեծ տղամարդիկ ամեն առիթով հարցնում էին.
–ի՞նչ տեսար։ Հարցնում էին ու անմիջապես էլ հենց իրենք տղայի փոխարեն հորինում չլսված պատմություններ, հետո սկսում էին ուրախ հռհռալ։ Տղաներից շատերն էլ գովում էին հնարամտությունը։ Ժամանակից շուտ բացահայտված տղամարդուն արժանի ցանկասիրությունները։ Մեղք, մեծ մեղք բարդեցին իր դեռ չձևավորված մեղավոր մարմնին ու մտքին։
Ամեն ինչ ժամանակին մոռացվեց :
Անցան տասնամյակներ, նա թեև հիասթափվեց դաշնամուրից, բայց կարոտով ու թախիծով էր մտաբերում մանուկ օրերից մնացած անմեկնելի հույզը, որն ավելի զորեղ էր՝ քան դաշնամուրի հոգեպարար ձայները։
Հետագայում հազարավոր ոտքեր տեսավ՝ ծովափի տաք ավազներին մեկնված, աշխարհի տարբեր բեմերին։ Հաճախ ինքն էլ շոյեց ու գուրգուրեց ոչ քիչ թվով նույնիսկ ավելի գեղեցիկ ոտքեր։ Բայց վարժուհու ոտքերը ,մեղեդու նման ասես դաշնամուրից, թե՛ վերածնդի դարաշրջանից ծնված ` մնացին անկրկնելի , իրենց շլացուցիչ ճերմակ ողորկությամբ ՝ իր տեսած ու հետագա տարիներին երազած ամենականացի ոտքերն էին ։

Վահան Գէորգեան


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝