Յայտարարութիւն

Wednesday, October 27, 2010

ԱՆԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀԱՅԵՐ

«Առաւօտ» թերթի վաստակաւոր լրագրուհի Գոհար Յակոբեան վերջերս այցելեց Պատմական Հայաստան: «Նշանակ» կայքէջին եւ անոր առաքելութեան նկատմամբ իր ունեցած հաւատքին պատճառաւ Գոհար ուղարկեց իր տպաւորութիւններն ու իր տարած աշխատանքին մասին տեղեկագրութիւն առ ի հրապարակում եւ ծանօթութիւն կայքէջիս ընթերցողներուն: Խմբագրութեանս եւ ընթերցողներու անունով շնորհակալութիւն կը յայտնենք սիրելի Գոհարին ,որուն, «Առաւօտի» միջոցաւ կատարած դրական ներդրումը հայ լրագրութեան մարզէն ներս մեծ է ու գնահատելի: Շնորհակալութեան խօսք նաեւ Գայանէ Մանուկեանին, որուն շնորհիւ , երկու տարի առաջ,կայքէջս ծանօթացաւ տաղանդաւոր լրագրուհիին եւ որուն շինիչ ու որակաւոր գաղափարներուն ու ցուցմունքներուն շնորհիւ մենք՝ լրագրող կամ կայքէջի խմբագիրներս կարողացանք շատ մը նիւթեր շօշափել յօգուտ ընթերցողներու մտաւորական զարգացման:
«Նշանակ»
««»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»««««»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»




Հայկական ինքնության որոնումներում



Իսլամացած, բայց հայկական արմատները չմոռացած Սինանն



... ու Ֆարզանդա պապը:



Այս նորապսակները եւս մասնակցում էին
պատարագին:



Լրագրողների՝ խաչերով ակցիան հետաքրքրեց
«դրսի» եւ թուրքական ԶԼՄ-ներին:



Քանի որ ոչ բոլոր ուխտավորները ներս մտնելու հնարավորություն ունեցան, ստիպված պատարագին դրսից հետեւեցին:



Աղթամարի Սուրբ Խաչ անխաչ եկեղեցու «ոտքերի տակ»
կոտրատված խաչքարեր էին:


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայաստանյան ԶԼՄ-ների մի խումբ ներկայացուցիչներ, «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով, սեպտեմբերի 13-19-ը Թուրքիայում էին՝ Անկարայում, Ստամբուլում եւ Վանում: Ստամբուլի օդանավակայանի տհաճ միջադեպին արդեն անդրադարձել ենք: Նշենք, որ հանդիպումներ եղան «Ակոս» շաբաթաթերթի, թուրքական «Միլիեթ» թերթի, CNN-turk-ի, NTV-ի, թուրքական խորհրդարանի անդամների, մշակույթի, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների եւ այլոց հետ: Այցի շրջանակներում լրագրողները այցելեցին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի:
10-րդ դարի հայկական այս եկեղեցին վերականգնելու նպատակով թուրքական կառավարությունը ծախսել է 1,5 միլիոն դոլար, սակայն խաչը տեղադրվել է ոչ թե եկեղեցու գմբեթին, այլ «հանգրվանել» է հարեւանությամբ: Աշխարհի տարբեր անկյուններից եկած հայազգի զբոսաշրջիկները լուսանկարվում էին խաչի մոտ, որոշ ուխտավորներ Մուշից արկղերով խաղող էին բերել ու բաժանում էին պատարագի մասնակիցներին: Մի խումբ հայ լրագրողներով պատարագի ժամանակ փայտե խաչեր բարձրացրինք՝ ի նշան բողոքի խաչը չտեղադրելու որոշման դեմ: Փայտե խաչերի ակցիան չվրիպեց արտասահմանյան եւ թուրքական ԶԼՄ-ների «աչքից»: Սեպտեմբերի 19-ի արարողությանը մասնակցելու համար Աղթամար էին եկել նաեւ իսլամացած հայեր, որոնցից մի քանիսի հետ զրուցեցինք: Նրանք խոսում էին թուրքերեն կամ քրդերեն, թարգմանում էին ստամբուլահայ մեր հայրենակիցները:
Օրինակ, Ֆարզանդա անունով շենիկցի պապիկը փնտրում էր Երեւանի իր բարեկամին, որը, նրա խոսքով, ծնվել է Թալինում, անունը Վարդան Վարդանյան է, դասախոսում է երեւանյան բուհերից մեկում: Մուսուլմանացած 70-ամյա այս հայը նշեց, որ իր հոր անունը Ուլիխան էր, ազգանունը՝ Գյուլբադաղ: Ֆարզանդայի քուրդ փեսան՝ Բաշիրը նույնիսկ հեռախոսահամար թողեց՝ 530 353 49 14, որպեսզի երեւանցի ազգականները կապվեն իր աներձագի հետ:
Ի դեպ, Աղթամարի շրջակայքում հայերեն տեքստերով բուկլետներ էին բաժանվում այս կամ այն հյուրանոցի մասին, «Աղթամար» մակագրությամբ շարֆեր վաճառվում, Սուրբ Խաչի պատկերով էլ՝ նկարներ, երբեմն նույն վաճառասեղանի վրա երկու տեսակի Սուրբ Խաչի մակետ էր վաճառվում, մեկը՝ խաչով, մյուսը՝ առանց խաչի:
Տալվորիկցի Գեւորգ Չալըշը այժմ Ստամբուլում է ապրում: Ասում է՝ Թուրքիայում 5 մլն մուսուլման հայ կա, մյուսներն էլ ծպտված են, վախենում են իրենց արմատների մասին խոսել: Սեբաստացի Աջիթաշն էլ հիշում էր, որ իրենց հայկական ազգանունը Մազմանյան է եղել: Սերգեյ Մանուկյանը Կիսլովոդսկից էր եկել պատարագին մասնակցելու, եղել էր Երեւանում, Էջմիածնում, Գառնի-Գեղարդում, պիտի նաեւ Կարս մեկներ: Ասում էր՝ նախնիները Մուշից են եղել, հետո տեղափոխվել Ալաշկերտ ու Կարս: Մեռնող տատին խոստացել էր, որ էրգրից անպայման մի բուռ հող կտանի գերեզմանին: Որոշ ստամբուլահայեր մեղադրում էին պատարագը բոյկոտած հայերին: «Հարյուր տարի է՝ այս եկեղեցին խաչ չունի։ Մարդիկ ուզում էին, որ այս եկեղեցի՞ն էլ չվերանորոգվեր եւ կործանվեր»,- նեղսրտում էր նրանցից մեկը:
Ինչ վերաբերում է Վանին, նրանից առաջին տպավորությունը օդանավակայանի մոտ հանդիպած քրդական հարսանիքն էր: Երբ գործընկերներիցս մեկը լուսանկարում էր քուրդ երաժիշտներին, նրանք համառորեն «բախշիշ» պահանջեցին, ու մինչեւ չստացան 3 լիրա (1,5 եվրո)՝ բաց չթողեցին: Փոշոտ Վանը ճնշող տպավորություն էր թողնում, հայկական շինությունները կամ ավերված-ջնջված էին երկրի երեսից, կամ ցուցանակ ունեին, թե տարածքը վաճառվում է: Թուրքերն արդարանում էին, թե Վանը երկրաշարժային գոտի է, դրա համար են շատ շենքեր ավերված: Իսկ ընդհանրապես, թուրքական դիվանագիտության «կանոններով», սեպտեմբերի 18,19-ին ողջ Վանով մեկ հայատառ պաստառներ էին փակցված՝ «Բարի գալուստ, հայեր» մակագրությամբ: Վանի մասին պատմող բրոշյուրներում էլ հայկական ծագման մասին խոսք անգամ չկար, Աղթամարի լեգենդը վերապատմված էր թուրքավարի՝ Թամարը հայուհի էր, որը սիրահարված էր քուրդ տղայի: Ըստ այդ բրոշյուրներից մեկի, Վանը հիմնադրել են ուրարտացիները, ովքեր քրդերի նախնիներն են:
«Hotel Garden Van»-ում լրագրողներիս մոտեցավ Սինան Դեմիրբաշ անունով 38-ամյա մի մուսուլման հայ եւ ասաց, որ ուրախ է հայերի հանդիպելու համար: Սինանի պապերը երկաթագործներ են եղել, ինքն այժմ զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ: Ասում է, որ իր Ջաֆեր պապը 5 տարի առաջ է մահացել, մահից առաջ կանչել է Սինանի մորն ու ասել, որ իրենք հայ են, ցույց է տվել տոհմական լուսանկարներ: Սինանի պապի հորեղբայրները Սարգսյան ազգանունն են կրել, նրանք ջարդերից փախել են Երեւան: Իսկ պապին, որն օրորոցի երեխա է եղել, մի քուրդ ընտանիք է մեծացրել: Հարցին՝ ի՞նչ զգացողություն է ունեցել իմանալով հայկական ծագման մասին, Սինանը պատասխանեց. «Սկզբում չընդունեցի, թե հայ եմ, վախեցա մի տեսակ: Հետո հասկացա, որ հայը ազգությունն է, ոչ թե կրոնը, մտածեցի՝ ոչինչ, թող ես էլ հայ լինեմ, բայց՝ մուսուլման»: Սինանը պատմում է, որ երբ Հայաստան-Թուրքիա խաղն ավարտվել է հայերի պարտությամբ, իր թուրք եւ քուրդ ընկերները հատուկ ցավակցել են իրեն: Մեր զրուցակցի պատմելով, Վանում շուրջ 1000 մուսուլման հայեր կան, շատերն իրենց ծագումը գաղտնի են պահում: Սինանը եւս մտադիր է Երեւանում փնտրել իր ազգականներին: Զրույցին ներկա էր նաեւ Վան-Աղթամար տուրի կազմակերպիչներից Իսահ Յավուզ անունով թուրքը, ով հետաքրքրվում էր՝ եթե Սինանը գտնի իր քրիստոնյա ազգականներին՝ պահանջելու են, որ կրոնափո՞խ լինի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
Վան-Աղթամար-Երեւան
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝