Յայտարարութիւն

Monday, November 1, 2010

Գոհար Յակոբեան - Աղթամար -«Ժամանակ» ի խմբագրի բանաձեւ

«Նշանակ» կը շարունակէ հրապարակել «Առաւօտ» ի մէջ լոյս տեսած Գոհար Յակոբեանի յօդուածները, որոնց շահեկանութիւնը , խմբագրութեանս ակնոցով,մեծ պէտք է որ ըլլայ ընթերցողներուն համար:
«Նշանակ»

-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-



2010-10-29
«ՑՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾԵՆՔ»

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագրի բանաձեւըՍտամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արաչ Գոչունյանը օրերս Հայաստանում էր, դրանից առաջ մասնակցել էր ԶԼՄ-ների 5-րդ համահայկական խորհրդաժողովին: «Առավոտի» խնդրանքով պարոն Գոչունյանը պատասխանեց մի քանի հարցի: Նրան խնդրեցինք մեկնաբանել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու արարողությունը՝ որպես կայացած փաստ: Նա գտնում է, որ թեկուզ երկու շաբաթ ուշացումով խաչի տեղադրումից հետո խնդրահարույց հարցերը նվազել են. «Հիմա բուն հարցը ոմանց տեսակետեն մնում է այն, որ եկեղեցին վերածված է թանգարանի, եկեղեցին պետք է վերադարձվե համայնքին, իսկ Ստամբուլի Հայոց պատրիարքարանը այս պահի դրությամբ չի էլ բարձրացնում այդպիսի պահանջ... Հետաքրքիր տեսակետներից մեկն այն է, որ մեր պատմության ընթացքին Աղթամարը բացառապես արքունիքի՝ սահմանափակ թվով մարդկանց համար նախատեսված սրբավայր է, եւ բացի ճարտարապետական նշանակությունից՝ կարեւորագույն հանգամանքն այն է, որ եղել է կաթողիկոսանիստ եկեղեցի»: «Ժամանակի» խմբագիրը փաստում է. «Թրքական կողմի լուսաբանումներու մեջ արարողությունը ավելի դրական պատկեր բնութագրված է, իսկ հայկական ԶԼՄ-ների մեջ՝ ավելի վերապահ: Այդ համեմատությունը անելիս բնականաբար չի կարելի անտեսել քաղաքական կոնժունկտուրը. այսօրվա դրությամբ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները սառեցված վիճակում են, եւ երկու երկիրներն էլ սառեցման երեւույթի կամ փաստի պատասխանատվությունը, հաճս շահագրգիռ երրորդ կողմի, ուզում են իրարու վրա գցել: Իհարկե, Թուրքիան էդ բանը անելիս իր տարածքում գտնվող հայկական հուշարձանները եւ նրանց քայլերը օգտագործում է քաղաքական տեսակետե»: Դրա վառ արտահայտությունը, ըստ մեր զրուցակցի, խաչն ուշացումով տեղադրելն է, որը մարտավարական քայլ էր, բայց մյուս կողմից էլ. «Ի վերջո, հայերիս համար գլխավորը այն էր, որ Աղթամարի նման կառույցը ինչ-որ ձեւով սերնդեսերունդ փոխանցվեր եւ անխնամ վիճակի մեջ չմնար: Աղթամարի նման կոթողային կառույցները մեզ ներշնչում են ժառանգության տեսակետե: Եթե էսպիսի սիմվոլներ չունենանք, մեր ժառանգությունը ավելի վերացական բան է դառնում: Եվ գուցե Աղթամարով պայմանավորված քայլերը հետո ուրիշ դրական երեւույթների առիթ հանդիսանան»: Ա. Գոչունյանը նշում է, որ այժմ Թուրքիայում հայերին հետաքրքրող կարեւորագույն հարցերի վերաբերյալ, բացի պաշտոնականից, կան այլընտրանքային կարծիքներ, որոնք գնալով ավելի բարձրաձայն են հնչում, երկու երկրներում էլ կարծիքների զանազանություն կա երիտասարդների մոտ, որը «նոր սերնդի առջեւ կարող է նոր հորիզոններ բացել»: Պարոն Գոչունյանը դրական է տպավորվել Արցախում կայացած ԶԼՄ-ների համաժողովից, չնայած գտնում է, որ «ուրիշ ոլորտների հետ համեմատած՝ ԶԼՄ-ների ոլորտում համագործակցություն հաստատելը բավականին դժվար է, եւ դա ԶԼՄ-ների բնագավառի էությունեն բխած բան է»: Նրա խոսքով, այս հավաքը առանձնացել է մյուսներից նրանով, որ ինչպես Սփյուռքի, այնպես էլ Հայաստանի առաջատար ԶԼՄ-ները ներկայացված են եղել ամենաբարձր մակարդակով: Սփյուռքյան ԶԼՄ-ներին հետաքրքիր են եղել Արցախի եւ Հայաստանի ղեկավարության հետ շփումները: «Աշխարհով մեկ ցրված ժողովուրդ ենք, էդ ցրվածությունը առավելության վերածելու հրամայականի դիմաց ենք կանգնած: Եթե հայ ժողովրդի հոգեւոր միասնականությունը հայ առաքելական եկեղեցին է ապահովում, ապա մեր մտածումների գաղափարների միասնականությունն էլ հայկական ԶԼՄ-ներին է վերապահված: Ուրախ ենք տեսնելու, որ հայկական ԶԼՄ-ների մոտ այդ գիտակցությունը զգալի է»,- ասում է Ա. Գոչունյանը: Մեր դիտարկմանը, թե Հայաստանում տարածված է այն մտայնությունը, որ Թուրքիայի հայ համայնքը ինչ-ինչ հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելիս վախվորած է, զուսպ է արտահայտվում կամ ընդհանրապես լռում է, ինչպե՞ս անել, որ հայկական ծագումը եւ Թուրքիայի քաղաքացիությունը չհակադրվեն, դեռ հարցերն էլ լուծում ստանան, խմբագիրը պատասխանում է. «Թուրքիայի հայությունը պարտավոր է հավասարակշռության մեջ պահել իր քաղաքացիական պատասխանատվությունները եւ արմատից բխած զգայունությունները: Թուրքիայի հայերը քաղաքացիությամբ թուրք են, արմատներով՝ հայ, դավանանքով՝ հայ առաքելական եկեղեցու զավակներ, սրանք մեր ինքությունը առաջացնող երեք կարեւորագույն առանցքներն են: Եթե այդ առանցքները փոքր գնդակներու նման հաշվի առնենք, պարտավոր ենք դրանք առանց գետնին գցելու պահել: Բայց քանի որ միայն երկու ձեռք ունենք որպես մարդ, էդ երեք գնդակները խաղացնելով ենք պահում... Մենք հարգում ենք բոլոր նրանց, որոնք համայնքի կեցվածքի վերաբերյալ ինչ-ինչ վերապահումներ ունեն, բայց չպետք է մոռանալ, որ համայնքի ներսում էլ մեկ-մեկ կարող են տարբեր կարծիքներ լինել, մինչեւ վերջնական դիրքորոշման արտահայտելը: Ինձ թվում է, որ այդ վերապահությունները մի քիչ էլ թյուրիմացությունից են ծագել, որովհետեւ մեր իրականության մեծագույն հարցերից մեկը մի քիչ իրարու անհաղորդ լինելու պարագան է: Կարծում եմ՝ այլ բան է աշխարհի երրորդ երկիրներում գոյատեւել որպես հայկական համայնք, եւ բոլորովին տարբեր՝ Թուրքիայի պայմաններում, որը ուղղակի խնդրին կողմ հանդիսացող երկիր է: Այնպես որ, լավ է չշտապել էդ տարբերության դրսեւորումներու մասին խորհրդածելիս եւ մի քիչ ավելի խորաթափանց լինել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ






«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝