Յայտարարութիւն

Sunday, November 7, 2010

Հայերենը Թուրքիայում տկարանում է

Ստամբուլահայերը սովորում են 50-ամյա վաղեմության հայերենի դասագրքերով


Հայ երեխաները թուրքերեն այս պաստառից են տեղեկանում, որ Հիսուսը կմաքրի մեր բոլոր մեղքերը:


Հայաստանցի լրագրողները «Ազգային Կեդրոնական վարժարանի» մուտքի մոտ:

Այս լուսանկարները փակցված են բողոքական եկեղեցու նկուղում գործող դպրոցի պատին:

«Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով Թուրքիա մեկնած լրագրողներս այցելեցինք Ստամբուլի 1886թ. հիմնադրված «Ազգային Կեդրոնական վարժարան», որը 1980-ից ղեկավարում է Սիլվա Գույումճեանը: Նա հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում, թուրքերեն է թարգմանել Մնձուրու ստեղծագործությունները, հայկական հաստատությունների եւ հայ անհատների մասին հոդվածներով հանդես եկել թուրքական մամուլում: Ինչպես տեղեկացրեց տիկին Գույումճեանը, իրենց վարժարանում չեն անցնում հայոց պատմություն, բայց այդ առարկան դասավանդվում է հայ գրականության միջոցով: Ասում է, երբ, օրինակ, Գրիգոր Զոհրապ են անցնում, ուսուցիչը բնականաբար անդրադառնում է այն ամենին, թե ինչու եւ ինչ պատահեց նրա հետ: «Գրականութեան մեջ բաժին-բաժին պատմութիւն ունինք եւ ոչ միայն 1915-ը...»,- պարզաբանում է տնօրենը: Նա նշում է, որ 50-60 տարվա դասագրքերով են պարապում, ափսոսում, որ մեր օրերում Դանիել Վարուժանի նման անհատներ չկան, որոնք չէին զլանա անգամ գյուղական վարժարաններում ուսուցչություն անել: Նեղսրտում է, որ գիրք ստեղծողներ չկան, իսկ կիսատ-պռատ դասագրքեր իրենք չեն ուզում: «Ազգային Կեդրոնական վարժարանը» համայնքային օժանդակություններով ու զոհողություններով է գոյատեւում: Տնօրենը փաստում է, որ հաճախ հայ ծնողի համար կարեւորը իր երեխայի մուտքն է համալսարան եւ ոչ թե հայեցի կրթությունը: Պատահական չէ, որ շատերը թուրքական կրթօջախներ են նախընտրում: «Կեդրոնականում» անգամ թուրք գրականությունն են հայերեն դասավանդում, ընդունում են միայն Թուրքիայի քաղաքացի հայերին, պարտադիր պայման է քրիստոնյա լինելը:

Տիկին Սիլվայի պատմելով, ստամբուլահայ վարժարանների մեծ մասը հիմնվել է 1860-ականներից հետո: Նրանցից նշանավորներից են իրենց եւ Էսաեան վարժարանը (1895թ.): Այս պահին «Կեդրոնականը» 230 աշակերտ ունի, ամեն տարի 50-60 շրջանավարտ է տալիս: Նատալի անունով ուսուցչուհին եւս դժգոհեց դասագրքերից. «Երբեմն անձնական նոթեր կպատրաստենք եւ անոնք կգործածինք»: Հայոց լեզվի դասագրքի խնդրով դիմել են ՀՀ ԿԳ նախարարությանը, բայց քանի որ լեզվի մեծ տարբերություն կա՝ արեւմտահայերենի եւ արեւելահայերենի, հայաստանյան դասագրքերը նպատակահարմար չեն գտնում օգտագործել: «Տնօրէններ եւ ուսուցիչներ պէտք է առաւելագոյն բծախնդրութիւն ցոյց տան վարժարաններէ ներս հայերէնախոօսութեան: Աշակերտը հայ ուսուցչին, հայերէն գիտցող ուսուցչին հետ ուրիշ լեզուով մը խօսելու առիթը եւ համարձակութիւնը պէտք չէ ունենայ»,- համոզված է տիկին Սիլվան: «Հայերէն լեզուի ուսուցումը այսօր իջած է այնպիսի մակարդակի մը, որ կարելի չէ այլեւս հանդիպիլ՝ հայերէնի քաջատեղեակ երիտասարդի մը: Օտար վարժարաններու ճիգն ու թափն ալ հրահրած է հայերէնի տկարացումը»,- մտահոգված է վարժարանի տնօրենը: Նա գտնում է, որ հայերեն դասագրքերն անբավարար են իրենց բովանդակությամբ եւ «համակրելի չեն թուիր տղոց, մասնաւորաբար, եթե բաղդատուին օտար լեզուի դասագրքերուն հետ»:

Կումկափու թաղամասում գտնվող Գեդիկփաշա փողոցի բողոքական եկեղեցու նկուղում էլ Հայաստանից անօրինական ներգաղթածների երեխաներն են սովորում: Նրանք չեն կարող այլ կրթօջախներ հաճախել: Գրքերն այստեղ ուղարկում է ՀՀ ԿԳ նախարարությունը: Ուսուցիչներից Հերքինազ Ավագյանին Թուրքիա է բերել վաստակելու ցանկությունը, նա այստեղ սկզբում դայակություն է արել, ապա անցել մանկավարժության: Ասում է, որ 7 տարի է, ինչ գործում է այս «անօրինական» դպրոցը, սկզբում 7 աշակերտով են սկսել, հիմա սաների թիվը 70-ի է հասնում, մանկապարտեզ էլ ունեն: Հերիքնազը, որ վերջերս Հայաստանում մասնակցել է սփյուռքահայ ուսուցիչների խորհրդաժողովին, նշում է, որ իրենք Հայաստանի դպրոցական ծրագրին համապատասխան կրթություն են տալիս, բայց՝ մինչեւ 5-րդ դասարան: Ավելի բարձրի հնարավորություն եւ մասնագետներ չունեն: Նա ժամանակին աշխատել է Երեւանի թիվ 180 դպրոցում, այժմ ամուսնացած է ստամբուլահայի հետ, բայց մտածում է մի օր Հայաստան վերադառնալու մասին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ստամբուլ-Երեւան
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝