Յայտարարութիւն

Friday, November 5, 2010

ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ

Ծայրահեղությունների երկիր՝ Թուրքիա


Ստամբուլի Չուկուրջումա թաղամասում, օրինակ, հնաոճ ապրանքների խանութների շարք կա, րանցից մեկի մուտքի մոտ անցորդներին էր «ժպտում» Վլադիմիր Իլյիչ Լենինը:



Սրանք Վանում գտնվող վերջին հայկական հետքերն են, որոնք լուսանկարել է մեր գործընկեր Արմեն Սարգսյանը:


Հայազգի մեր հայրենակցի ստամբուլյան սրճարանը իր մականունով է՝ «Քյոռ Հակոբ»:


Արա Գյուլերը երիտասարդական առույգություն ունի:


Հայաստանյան ԶԼՄ-ների մի խումբ ներկայացուցիչներ, «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով, սեպտեմբերի 13-19-ը Թուրքիայում էին` Անկարայում, Ստամբուլում եւ Վանում: Մեզ հետ աշխատում էին հիմնադրամի ներկայացուցիչներ Դանիելն ու Արետը, իսկ ինձ համար Ստամբուլում փոքրիկ էքսկուրսիա կազմակերպեց նաեւ Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչունյանը: Օրինակ, հենց պարոն Քոչունյանից տեղեկացանք, որ «Հեյնրիխ Բյոլ» հիմնադրամի Թուրքիայի գրասենյակի ներկայիս շենքում նախկինում ապրել եւ փաստաբանական գործունեությամբ է զբաղվել Գրիգոր Զոհրապը: Ստամբուլահայ մեր հայրենակիցներն էլ հպարտորեն պատմում էին, որ Ագաթա Քրիստին իր վեպերից մեկը գրել է 1895թ. կառուցված «Պերա պալաս» հանրահայտ հյուրանոցի 411 համարում: Հյուրանոցը հայտնի է այլ անվանի կենվորներով եւս՝ Ելիզավետա 2-րդ, Քեմալ Աթաթուրք, Լեւ Տրոցկի, Գրետա Գարբո, Էռնեստ Հեմինգուեյ, Սառա Բեռնար եւ այլք:
Քաղաքի կենտրոնում է գտնվում «Istiklal Caddesi»-ին՝ Անկախության պողոտան, որը կոլեգաներս նմանեցնում էին մեր Աբովյան փողոցին` մոդեռն խանութներով, կրպակներով, ակումբներով ու սրճարաններով: Այստեղ գիշերը եւս նույնպիսի աշխուժություն է, ինչպես ցերեկը:
Ստամբուլում եւ Անկարայում աղբամաններ չնկատեցինք, տեղացիները ասացին, որ պատճառը մեկն է՝ իշխանությունները վախենում են, թե ահաբեկիչները դրանցում պայթուցիչներ կտեղադրեն:
Ի դեպ, մի անգամ երեկոյան, երբ ուզում էինք փողոցն անցնել, մեկ էլ աղմուկ-աղաղակով, մեքենաների «լյուկերից» դուրս պրծած երիտասարդներ հայտնվեցին, նրանց մեքենաները փակեցին փողոցը եւ կազմալուծվեց ողջ երթեւեկությունը: Այդ երիտասարդները թուրքերեն ինչ-որ բան էին վանկարկում: Պարզվեց, իրենց մոտ «կարգն» է այդպես. երբ քեմալիստները տղա են ճանապարհում բանակ, ուրախանում են յուրովի:
Ստամբուլի Յենի Չարչի` Նոր շուկա փողոցում է գտնվում 82-ամյա աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի սրճարանը: Հայ լրագրողներիս համար մեծ ուրախություն էր իր անվան սրճարանում «Ստամբուլի աչք» որակվող վարպետին հանդիպելը: Հիշեցնենք, որ Գյուլերը հեղինակավոր մրցանակների է արժանացել, մասնավորապես 2009-ին նրան շնորհվել է «Lucie» մրցանակը, որը լուսանկարչության ոլորտի «Օսկարն» է: 2000-ին էլ վարպետը Թուրքիայում ճանաչվել է «Դարի լուսանկարիչ»: Նշենք, որ թուրքական «Milliyet»-ի գրասենյակում էլ հանդիպեցինք հայազգի լուսանկարիչ Կարպիս Օզաթային, ով հպարտորեն ասաց, որ Գյուլերի սանն է, ու վարպետը լուսանկարիչների մի ողջ սերունդ է դաստիարակել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝