Յայտարարութիւն

Friday, November 12, 2010

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐՏՈՎ ԻՏԱԼԱՑԻՆ

Կամ հետազոտություններ Արարատի գագաթին եւ փեշերին՝ կյանքը վտանգի ենթարկելով





Օրերս Հայաստանում էր ազգությամբ իտալացի մի հետազոտող-պատմագետ եւ ալպինիստ, որի իսկական անուն-ազգանունը իր խնդրանքով չենք նշում, որպեսզի հետագայում Թուրքիա մտնելիս խնդիրներ չունենա: Իտալացին խնդրեց իրեն թերթում ներկայացնել որպես Ազատ Վարդանյան, մանավանդ այդ ծածկանունով տպագրված աշխատություն ունի՝ «Մասիս, հայության մայրը»: Առաջին անգամ նա 20 տարի առաջ է բարձրացել Արարատ լեռը, տարիներ հետո հայկական Եռագույնը տարել այնտեղ, ապա, իր խոսքով, քրիստոնեական մտածողությամբ որոշել է զբաղվել Նոյյան տապանի փնտրտուքով: Ասում է՝ հաջողությունների է հասել, Արարատ լեռան շուրջը (թուրքական կողմից) գտել է հայկական գյուղերի հետքեր, ցեղասպանության ժամանակ զոհված հայերի կմախքների գտնվելու վայրեր, գերեզմաններ է ցանկագրել: Իտալացի Ազատը Արարատ լեռան շրջակայքի քրդական գյուղերում գտել է ընտանիքների, որոնք խոստովանել են, թե հայկական արմատներ ունեն:
Իտալացին մեզ բազմաթիվ լուսանկարներ ցույց տվեց՝ Արարատ լեռը մոտիկից պատկերող, ու նշեց, որ ամեն անգամ Արարատի մի նոր խորհուրդ է բացահայտում. «Իսկ ընդհանրապես լեռն ինձ համար մարդկության ծագման խորհուրդն է ներկայացնում, Աստվածաշնչյան պատմության կարեւորությունը եւ քրիստոնեության սկզբնավորման պատմությունը՝ հայերի շնորհիվ»: Խոսելով «հայկական» թեմաներով իր եռահատոր հրատարակության մասին ու մասնավորապես անդրադառնալով «Մասիս, հայության մայրը» գրքին, զրուցակիցս ասում է. «Մասիսը մարդկությանը սկզբնավորություն տվեց Ջրհեղեղից հետո, այժմ էլ իր ծոցում՝ ինչպես մայրը արգանդում, պահում է Հայոց ցեղասպանության շուրջ 200000 հայ նահատակների աճյուններ, որոնց մասին ոչ ոք դեռ չի բարձրաձայնել»:
Հետաքրքրվեցինք, ինչպե՞ս է ամեն անգամ Թուրքիա մտնում ուսումնասիրություններ իրականացնելիս՝ արդյո՞ք խոչընդոտների եւ վտանգների չի հանդիպում: Պարզվեց՝ մշտապես խնդիրներ է ունենում, մի քանի անգամ էլ հրաշքով է փրկվել թուրք զինվորների եւ քուրդ գրոհայինների բախումներին զոհ գնալուց: Չնայած ինքը իբրեւ զբոսաշրջիկ է մտնում Թուրքիա, բայց հիմնականում քրդաբնակ գյուղերում է լինում: Հիացած պատմում է իր գտած խաչքարերի, աղորիքների ու հատկապես հնագույն մենհիրների մասին, զուգահեռներ անցկացնելով դրանց քարահունջյան տեսակների հետ: Վկայակոչում է գեղեցիկ այն ավանդապատումը, թե Ջրհեղեղից հետո հնարավոր է երկրագունդը փոխել է առանցքը, ու Նոյի որդիները կարիք են ունեցել նման հաստատուն քարերի, որպեսզի մոլորակները դիտեն ու դրանց հիման վրա մարդկության օրացույցը կազմեն: Իտալացի հնագետ-ալպինիստը պնդում է, թե Արարատի փեշերին՝ 2200մ բարձրության վրա գտել է Ցեղասպանության ժամանակ ոչնչացված հայկական Գրեգոր կամ Գրիգոր ավանի ու նրա 1200 տարեկան եկեղեցու հետքերը: Իր ամենացնցող գտածոն, ըստ Ազատի, 4500մ բարձրության վրա գտնված կաղնու փայտի կտորն է: Փորձաքննությամբ որոշվել է, որ այն 5000 տարեկան է: Հնագույն կաղնու փայտից իտալացին կտորներ է նվիրել հայկական հոգեւոր կենտրոններին եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Ասում է՝ փայտի եւ Արարատի վրա արված լուսանկարների ցուցահանդեսը կկայանա Վենետիկում, ապա «կշրջի» աշխարհով մեկ: Ու երբ հասունանա պահը, գտածոները կհանձնի որեւէ թանգարանի:
Ներկայումս իտալացին սերտորեն համագործակցում է Վենետիկի Մխիթարյան միաբանության դիվանի եւ գրադարանի հետ, ուսումնասիրում որոշ վավերագրեր:
Նա տեղեկացրեց, որ իր եռահատոր գրքերը («Արարատ. Նոյյան տապանի հետքերով», «Խորհրդավոր Հայաստան. Մասիսը՝ հայության մայրը», «Դուդուկի քաղցրահունչ մեղեդին») արդեն տպագրված են, պատրաստվում են դրանց հայերեն հրատարակությունները, առաջիկայում կլինեն գրքերի ֆրանսերեն, իսպաներեն եւ ռուսերեն տարբերակները: Հետաքրքրվողները եւ մասնագետները կարող են հեղինակի հետ կապվել endhanrakan.hrat@mashtoc.org հասցեով: Մեր հերոսի հետ հարցազրույցը իրականացավ Վահե Լազարյանի թարգմանության շնորհիվ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝