Յայտարարութիւն

Friday, February 18, 2011

ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ - 3 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Օրվա աշխատանքի ու հոգնության բերած տագնապը վանում են անցյալից մնացած հուշերը, նրանք խինդով են լցնում հոգին, զեփյուռի նման մեղմ օրորում են վանելով տագնապից ծնված մշուշն ու հոգնության ցավը: Մեծ աղետից հետո, հազարավոր զոհերին հողին հանձնելուց ամիսներ անց որոշեց հեռանալ, չէր կարողանում աշխատել, վրձինը ձեռքին ժամերով նայում էր ճերմակ կտավին ու ամեն անգամ հայացքի դեմ հառնում էր փլված արվեստանոցը` ավերակված կտավներն ու տիրամոր վշտահար հայացքը: Միակ նկարը, որը չէր վնասվել: Նկարը ասես ձուլվել էր պատին, իսկ` պատը, վերջին ճիգով գրկել էր Տիրամորը, անբացատրելի բնազդներով`քարից ու բետոնից կառուցված պատը,մյուս պատերից ավելի բախտավոր էր: Իր կրծքին տեղավորված Տիրամոր պատկերը` նրա միակ առավելությունը, նրա դիմակայության իրական վկան: Կանգնած էր, տխուր ու տրտում , որովհետև, ինքն էլ գիտեր, իր փրկությունը եթե անգամ պատահական չէ, բնավ էլ իմաստ չունի, ո՞ւմ է մխիթարում, փլված տան կանգուն մնացած պատը: Իսկ մարդիկ միշտ էլ փնտրում են անմեկնելին, անբացատրելին, քաղաքի միամիտ հասարակության համար, եթե հրաշք չէր աղետից փրկված պատը, ապա տիրամայրը բաց երկնքի տակ համատարած ավերակների ու փլվածքների շրջապատում նման էր դարասկզբի հայ նշանավոր գեղանկարիչներից Արշակ Ֆեթվաճյանի ջրաներկ գործին, բնորդի գրկին մանուկ էր, ձեռքին` հրացանը, իսկ պատին գամված տիրամայրը , մանկանը գրկած, հայացքը` հրացանի փոխարեն խաչին էր ուղղված, որի կիսաթեք ստվերը ավելի էր թանձրացնում ցավը:Արդեն երկրորդ օրն է Մոսկվայում է, ԱՄՆ-ի դեսպանատանը արտագաղթի թղթերը նայելուց հետո երեկոյան ժամադրեցին, անհատական զրույցի: Մինչև երեկո դեռ ժամանակ կար: Մտքերով տարված քայլում էր նշանավոր Արբաթով: Մարդաշատ փողոցը լեցուն էր տարբեր ազգերի ու տարբեր զբաղմունքի տեր մարդկանցով: Զբոսաշրջիկներին, տեղացիներից դժվար էր տար-բերելը, բոլորն էլ լեցուն պայուակներով ու ձեռքի զամբյուղներով շտապում էին:
Ամսագրերի կրպակի դիմաց, նկարակալի առջև կանգնած շիկավարս ու կապուտաչյա նկարչուհին համառորեն հրավիրում էր նկարվելու, անցորդները լսում, մի պահ հմայված նայում գեղեցկուհուն ու թերահավատ ժպիտով հեռանում էին: Ոչ մեկը նկարվելու ցանկություն չուներ, կամ էլ Մոսկվան դեռ Փարիզ չէր: Թեև շատ բան էր փոխվել սովետներից հետո, բայց մարդիկ ամեն նորի ու նորամուծության դժվարությամբ էին ընտելանում: Աղջիկը հեռվից նկատել էր Էդվարդին ու հայացքը ուղղած նրան սպասում էր, երբ մոտեցավ , ժպտաց ու անմիջապես հարցրեց.
-Եթե ցանկանաք ես ձեզ կնկարեմ, ահա նստեք այստեղ, և մեկ ժամից կունենաք Մոսկովյան տեսարանով հիանալի հիշատակ:
-Դու հրապուրիչ կին ես, արի այս անգամ ինքս քեզ նկարեմ:
-Ի՞նձ , իսկ դո՞ւք նկարելու ձիրք ունեք:
-Չգիտեմ, բայց սիրտս վկայում է, որ ձեզ կարող եմ նկարել:
-Հաճոյանում եք, իզուր, ես ապրում եմ նկարելով, ավելորդ ժամանակ չունեմ :
-Ես լուրջ ու սրտանց քեզ կնկարեմ, ծանոթանանք .
-Էդվարդ,
-Ձե՞ր անունը:
-Նատաշա:
-Հրաշալի է, տուր ինձ ներկապնակն ու նստի՛ր ահա այս դիրքով հայացքդ ինձ:
Աղջիկը թերահավատ կիսաժպիտը շուրթերի ծալքում տեղավորվեց ծղոտե ճոճաթոռի մեջ ու ոտք գցելով ոտքին սկսեց ակնդետ նայել իրեն նկարող տղամարդուն: Տագնապ ու սպասում կար կապույտ աչքերի խորքում: Վրձինը լավն էր:
Արագ ու կանոնավոր վրձնահարվածներով կտավի հարթության վրա երևակվում էր կնոջ դեմքը: Անցորդները կանգնում էին, նայում, լուրջ ուշադիր նայվացքներից նկարիչը ավելի էր խրախուսվում:
Ասես ուսումնառության տարիներ ետ էին դարձել, ինքն առաջվա պես էլի ուսանող է , շրջապատված երկրպագուների հոծ խմբով:
Շուրջը գնալով մարդկանց թիվն ավելանում էր: Տարիքն առած մի կին անընդհատ բարձրաձայն , առանց քաշվելու խոսում էր, ու կողքինին ասում.
-Լավն է, նման է, հաջորդը իմ աղջկան է նկարելու:
-Հերթը մերն է, արդեն կես ժամ է մայր ու աղջիկ նայում ենք:
Նման առիթ էլ դժվար թե լինի, ես աղջկաս նկարը կունենամ, նա վաղը մեկնելու է Մադրիդ: Կինը աշխույժ ու անկաշկանդ խոսում էր,
հավաքվածների թիվը գնալով ավելանում էր:
Նկարիչը ինքնամոռաց նկարում էր:
Տպավորությունը՝ ասես նա դրսում չէ, այլ՝ իր արվեստանոցում, ու այս էլ որերորդ անգամ նկարում է երկրաշարժից փրկված Տիրամորը, առանց մանուկ Հիսուսի, կտավին ամբողջացնող կնոջ դիմանկարը լեցուն էր ներքին հմայքով, կապույտ աչքերի տաք շունչը մոսկովյան երկնքից պոկված ոչ միայն լուսավորում էին աղջկա դեմքը, այլ պարուրում էին նրան կանացի հրապուրիչ հմայքով, որն հատուկ է ռուս կնոջը:
Նման գերող, միամիտ, երբեմն պճրուհու հրապույրով են օժտված գեղանկարիչ Անտուան Վատտոյի ֆրանսուհիները:
Ահա վերջին շտկումները, մեկ երկու աննշան շտրիխներ և նկարիչը դիմեց աղջկան.
-Նատաշա պատրաստ է, կարող ես նայել:
Նկարչուհին նայում էր իր դիմանկարին, ու զարմանքից, շփոթմունքից կորցրել էր խոսելու ունակությունը, սթափվեց նկարվել ցանկացող կնոջ առարկություն չընդունող ինքնավստահ ձայնից:
Էդվարդը փորձում էր հրաժարվել, արդարանալով, որ չի կարող նկարել, ներկերը, նեկապնակը ու կտավը իրենը չեն այլ նրանն են, աղջկանը: Կինը չէր համոզվում, հետո դիմեց աղջկան, այս անգամ արդեն խնդրելով: Նատաշան սկզբունքորեն դեմ չէր, բայց լռում էր:
Նա չէր կարող տղամարդու փոխարեն պատասխանել:
Մարդկանց թիվը գնալով շատանում էր, մոտեցողների համար հետաքրքիր իրավիճակ էր, անհեթեթության հասնող, նկարիչը հրաժարվում է նկարելուց, երբ ինքն է եկել նկարելու, դրամ վաստակելու: Ոմանց թվում էր, թե նկարիչը պարզապես աշխատում է սակարկել:
Կինը արդեն թախանձում էր Նատաշային, հավանաբար զգացել էր, որ աղջիկը դեմ չէր: Հավաքված խմբին էր մոտեցել կապիտանի համազգեստով ոստիկանը: Նա էլ իր գործն էր կատարում: Այդ տարիներին բազմազգ երկրի քաղաքացիների մոտ այլազգիների հանդեպ որոշակի ու ոչ նպաստավոր կարծիքներ էին ձևա-վորվում: Տասնամյակներ շարունակ իշխանությունների թողտվությամբ` հակակրանքի հզոր ալիքը գտավ հրեաներին: Սովետների հասարա-կության միտքն ու միամտությունը խաթարող այլախոհները առանց բացառության հրեաներն էին: Հետո`մի քանի տասնյակ մերձբալթյան ազգայիններ, հետո` լեհերը, մի քանի կովկասցիներ, իսկ իրա-կանում բոլորն էլ, էլի հրեաներ էին`օտարի ազգանուններով: Կային հատուկենտ անհատներ` ազատության գույնից շլացած, վաղուց սոցալիզմին թշնամի համարվող հեղինակություններ:
Եւ, իհարկե նրանցից ետ չէին մնում մերձավոր արևելքից խորհրդային Հայաստան ներգաղթաց հայեր:
Արդարության առջև չմեղանչելու համար, ավելացնենք , որ հայերը հեռանում էին աննկատ, առանց ավելորդ աղմուկի: Ոստիկանի ներկայությունը ավելի էր բորբոքել կրքերը, իրականում բոլորն էլ զգում էին, որ մեղավորներ չկան ու դեպքերի զարգացումը առանց մեղավորների դառնում էր ծայրաստիճան հետաքրքիր:
-Ի՞նչ էր ասելու ու անելու հասարակական կարգի պաշտպան ոստիկանը, և նրա, ո՞ր արժանիքը` մարդկայինը, թե` համազգես-տայինը, կտային ցանկալի արդյունք:
Աշխարհի բոլոր անկյուններում էլ ոստիկանը ունի բացարձակ իրավունք ստուգելու անհատի ինքնության թղթերը, իսկ ոչ վաղ անցյալում Անդրոպովյան Ռուսաստանում ամեն քայլափոխի կարող էին ստուգել ցանկացածի անձնագիրը, պարզելու՝ թե անհատը ինչ նպատակով է գտնվում տվյալ վայրում:

Շար . 3



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝