Յայտարարութիւն

Monday, February 7, 2011

Մեր շունը՝ Միկին

Հինգ ամսական , պոչը՝ կտրած, լայն ու կախ ականջներով շան լակոտ էր, երբ առաջին անգամ տղաս տուն բերեց: Զարմացած ու շփոթված նախ կանգնեց միջանցքում , հետո քայլ առաջ եկավ ու ասես ջրի մեջ հայտնված լողորդը՝ փռվեց արհեստական գորգին ու սկսեց օդի մեջ լող տալ: Կարճ կտրած պոչը արագ շարժվում էր, աչքերը խելացի ու թախծոտ միշտ մեզ հառած սպասում էր : Հետո դուր գալու բնազով սկսեց թավալվել, թաթերը օդի մեջ շարժելով : Կինս զարմացած ու խոժոռ հայացքով նայում էր շանն ու տղայիս: Տղաս մոր կասկածները փարատելու համար ասաց , բերել է մի քանի օրով հետո կտանի , շուն տեր ունի :Մի քանի օրը դարձավ շաբաթներ: Հասկացա ,որ շունը մնալու է մեր տանը: Նա մի օր էլ շան համար պատրաստի շքեղ բուն բերեց ու տեղադրեց պատշկամբում: Շունը համառում էր, նա ցանկություն չուներ դրսում գիշերելու: Կինս էլ չէր համակերպվում, որ նա սենյակում գիշերի:Մի ամիս մեզ մոտ ապրելուց հետո տղաս Միկիին տարավ : Բույնը մնաց պատշկամբում: Միկին դարձավ թափառական: Ճակատագիր էր: Տղաս նրան տարավ: Բայց շաբաթներ անց կրկին հետ բերեց: Մենք արդեն ավելի հանդուժող ու զիճող էինք : Միկիի ոդիսականը տխուր էր ու նրա ապրածը՝ ավելորդի, լքվածի, հոգեվիճակը արթնացրել էր մեր անցած, բայց բնավ չմոռացված հուշերը:, Մենք էլ, ինչպես բոլոր հայերը, կորցրել էինք տուն ու Հայրենիք, տեսել էինք արհավիք , ապրել ՝ վիշտ ու ցավ, մեզ համար խորթ չէր կարեկցելը:

Իսկ Միկին ոչ միայն կարեկցանքի էր արժանի, այլեւ՝ սիրո , սերը նրա հանդեպ ՝ բոլորի մոտ , ինչպես ասում են ծնվում էր առաջին հայացքից: Բացի սիրվելուց նա մեզ պարտադրեց , որ հարգենք իրեն ու իր շնային հազվագույտ արժանիքները: Հպարտ էր , մեզանից վիրավորված, բայց ոչ նեղացած, աշխատում էր աչքի չընկնել, բազմոցի անկյունում կատվի ձագի պես կուչ էր գալիս, թե մոտենաիր անգամ շոյելու համար , լուռ իջնում էր ու մտնում սեղանի տակ , դառնալով անհասանելի ու անտեսանելի: Միայն տղայիս հետ էր մտերիմ: Քեն չկար, ուղղակի նա ապրում էր տղայիս հետ, բայց մեզ մոտ իրեն պահում էր հպարտ հույրի պես: Նախորդ տանը չէր համակերպվել, տունը լիք երեխաներ ու ուրիշ ցեղի շուն , իսկ մեր Միկին պարզվում է ուրիշ տեսակի ու ցեղի հետ այնքան էլ սեր չուներ, եւ այդ միջավայրից դուրս պրծնելը միակ ճիշտ որոշում էր: Նա էլ հանուն նպատակի մի քանի օր ինքնակամ հրաժարվել էր կերից: Վախից ու տագնապից շփոթված՝ հին ու նոր տերեր գտել էին ըստ իրենց ճիշտ լուծումը, մեր տանն էր նա համակերպվել ապրելով մեկ ամսից ավելի եւ ահա Միկիին կրկին բերեցին մեր տուն: Հանուն Միկիի մենք ստիպված արագացրեցինք նոր բնակարանի փնտրտուքը: Մեկ ամսվա ընթացքում գտանք հարմար բնակարան, ու շունն էլ արդեն օրինական տան անդամի կարգավիճակով մեզ հետ տեղափոխվեց: Հենց առաջին օրն էլ ինքն ընտրեց իր համար ամենահարմար տեղը: Բազմոցի գլխին ու դունչը՝ պատուհանի ապակուն: Պարզապես այդ դիրքը նրան տալիս էր մեծ առավելություն: Նա մասնակից էր դառնում բանուկ փողոցի անցուդարձին ուներ , անգնահատելի առավելություն՝ իշխում ու հսկում էր, ո'չ միայն փողոցով անցուդարձ անող շներին , անգամ բոլոր դպրոցականներին նա օրվա մեջ երկու անգամ ՝ դիմավորում ու կրկին տուն էր ճանապարհում : Միկին դարձել էր ինքնավստահ , մեր նման նա էլ մեր տան ներսում ուներ իր տարածք, որի համար ինքն էր պատասխանատուն: Ուներ աշխատանք, լավ գիտեր իր ապրած երկրի վարքն ու բարքը՝ առանց աշխատանքի պարզապես անհնար էր , անիմաստ:



2010թվականին սեպտեմբերի 18ին , նորածին թոռնիկի պատճառով Միկիին տարանք մերոնց տուն ու ստիպեցինք , որ մնա , ապրի նոր միջավայրում, իրեն վաղուց ծանոթ նոր տերերի մոտ ,մերոնց տանը: Առաջին օրը նա ուրախ ու անհոգ վազվզում էր բակում, հոտոտում էր թփերն ու անկյունները: Վազում էր նետված գնդակի հետեւից: Դունչ վեր տնկած գնդակը բերում եւ կրկին ետ էր վազում, որ ժամանակին այն նետելուց հետո կրկին բերի : Գնդակախաղը նրա լավագույն զբաղմունքներից մեկն էր: Խաղից չէր հոգնում: Առանձգական գնդակը նրա ատամների հպումից սկսում էր ձայն հանել, որն ավելի հետաքրքիր էր դարձնում խաղը: Ընդարձակ , ցանկապատված ու խոտածած բակը նրան շատ ավելի էր հրապուրում , քան մեր փոքր բնակարանի իրեն հատկացված անկյունը: Բայց, Շունը երկու շաբաթ ապրելուց հետո փախել էր իր հավանած բակից: Ջրված մարգերը նրան չէին հրապուրում: Սալապատված գետնին նա բնավ իր պետքերը չէր հոգա: Անհայտ մնաց , թե՞ ով էր նրան օգնել բակից դուրս գալու:Հավանաբար ոչ-ոք: Երկաթաճաթերից դուրս էր պրծել : Դրսում հսկա ծառաբնի տակ հոգալով իր պետքերը նրա բակ մտնելու բոլոր ջանքերը զուր էր անցել: Ճարահատյալ գնացել էր անհայտ ուղղությամբ: Երեք ժամ անընդհատ ու ապարդյուն փնտրում էինք : Միկին չկար: Տխուր ու հուսահատված կանգնել էինք մայթին , ներս մտնելու սիրտ էլ չկար: Հանկարծ գլխավոր փողոցից մեր մայթին ու մեր ուղղությամբ նկատեցինք նրան: Միկին ՝ օտարի կապը վզին , տխուր ու ընկճված գալիս էր մեր կողմը: Միջին տարիքի կինը իր հինգամյա աղջնակի հետ շրջում էին փնտրելով Միկիի մտերիմներին: Անակնկալ ու հուզված կանչեցի , լսեց ձայնս ու մի անգամից առույգացավ : Նրան բերողներն էլ ուրախացան : Վերջապես գտել էին Միկիի տերերին: Նրանք մոտեցան մեզ՝ Միկին՝ գլուխ կախ , ու պատրաստ կշտամբանք լսելու : Կռացա , շոյեցի շանս գլուխը , անմիջապես արձակեցի օտարի կապը: Նա խրախուսված , որ չի պատժվելու թաթերը վեր պարզած , պոչը հուզմունքից անվերջ շարժելով փարվեց ինձ: Պարզվեց , որ մայր ու աղջիկ Միկիին գտել էին հարակից փողոցի սրճարանի դռանը :Հավանաբար աստիճանների առջեւ ի գոց դռան բացվելուն սպասելուց հուսահատված գնացել էր փողոցի բանուկ կողմը, հուսալով , որ բարի մարդիկ կօգնեն իրեն: ԵՒ չէր սխալվել:
Նրանք շանը տուն էին տարել: Միկին երեխաներին շատ էր սիրում առանց կապի հետեւել էր աղջկան: Մայր ու աղջիկ իրենց շան կապը Միկիի վզին ամրացրած դուրս էին եկել փնտրելու մեզ:
Տագնապով ու կորստի անկնկալիքներով լցված օրը մեկեն փոխվեց: Միկին գտնվեց:
Օրեր շարունակ անձրեւում է : Տանը պարապի մատնված տիեզերական համացանցերում հազար ու մի նորությունները ընթերցելուց հոգնած փորձում եմ գտնել Միկիի ազգակիցներին ներկայացնող պատմություններ ու ագահորեն կարդում եմ: Միկիին, նրա ցեղակիցներին ճանաչելու ձգտումս դարձել է վտանգավոր սովորույթ, ամեն մի շան մեջ նրան տեսնելու ցանկությունս բնավ չի մարում: Թեւ իմ կարդացած բոլոր պատմություններում նկարագրված շները տարբեր են , բայց եւ այնպես մտքով փնտրում ու գտնում եմ վարքի նմանություն, պահվածքն ու շարժումներն հիշեցնող ծանոթ նշաններ: Ամենուր շանս հետ եմ: Գիտեմ , հիմա նա էլ ինձ է փնտրում: Նոր տերերը նրան սիրում են իրենց հայեցողությամբ: Իրենց ունեցած հնարավորությունների սահմանում: Թեւ Միկին համառորեն ավելին է ակնկալում: Նորերի սերն իրեն բավարարուն է, բայց Միկին այդ սիրո չափը շատացնելու, ավելացնելու փնտրտուքի մեջ հավանաբար վրիպում է , դեռ չի հմտացել: Չհուսահատվելով հանդերձ , նա երբեմն նվվում, ու շնավարի մղկտում, պոչը շարժելով աղերսում է, որ իրեն չլքեն, նախորդ տերերի նման մի օր էլ տված սիրո բաժինը չպակասացնեն: Նա ներքին տագնապ ու վախ ունի ,որ նորերն էլ հների նման , ինչոր ժամանակ իրենից հավանաբար կազատվեն: Եթե հների մոտ նա ապրում էր տանը, Քնում էր կարպետին, եթե հները շատ առաջ իրեն շոյում էին ու հաճախ էին գուրգուրում, այսօր էլ երբեմն այցելում են իրեն , նախկինի պես գրկում են , գգվում են ու շոյում, բայց այդ ամենը դարձել է հուշ ու անցյալ: Շաբաթից ավել ժամանակ չկար այցելելու: Նոր աշխատանքի բերումով արդեն իմ ազատ օրը միայն հինգշաբթին է:Մնում էր սպասել ազատ օրվան ես համակերպված սպասում էի: Իսկ Միկին...

Վերջապես եկավ հինգշաբթին , սպասված ու ցանկալի հինգշաբթին, թեեւ աձրեւոտ չէր, բայց արեւն էլ չկար: Միկին ինձ տեսնելով մոտ վազեց, անձայն , հուզմունքից պոչը անվերջ շարժելով թաթերը թեւերի պես վեր պարզած փորձում էր փարվել ու գրկախռնվել: Իր հավանած միրգը տվեցի կրկնակի ուրախացավ ու անմիջապես փռվեց առջեւս՝ ոտքերիս մոտ: Մերոնց պատմելով անձրեւոտ օրերին անընդհատ վնգստացել ու նվնվացել է, համարյա կերամանին չի մոտեցել, թեեւ բնում է քնել, բայց նախորդ օրը աչքը դրսի ճանապարին ինձ է սպասել ու այդ օրը մնացել է փողոցին նայող հատվածում , անմիջապես աստիճանների վրա՝ աչքը իմ ճանապարհին:

Երեք ժամից ավել միասին էինք, հասցրեցինք խոտածածկ մարգագետնի վրա վազվզել, իր հավանած գնդակով : Ծվծվացող գնդակը նետում էի, նա վազում էր ու բերում, անմիաջպես ետ վազում, դունչը տնկած սպասում էր հաջորդ նետումին : Մի որոշ ժամանակ վազվզելուց հոգնած եկավ ու կպավ ոտքիս, հասկացա մտքինը: Մերսումի ու շոյանքի պահն էր: Կես ժամի չափ մորթին սանրով ու ձեռքերով շփեցի, շոյեցի, ականջների խորքերի ծալքերը զննեցի, աչքերը՝ խոշոր , խելացի ու թախծոտ խոնավ լաթով մաքրեցի: Շունս գոհ ու բավարարված փռվեց գետնին դունչը տեղավորեց խոշոր , թմփլիկ թաթերի վրա ու սկսեց կիսարթուն մրափել: Օրը մթնեց: Տանը ոչ-ոք չկա, ցանկապատված բակում երկուսով ենք: Միկին կողքիցս չի հեռանում, գիտի , որ ես էլ ի գնալու եմ, ու նա ինչպես միշտ կմնա մենակ : Թեկուզ դրախտում, պարզվում է, որ շան համար էլ մենակ մնալը դժվար է: Շան թախիծը տխուր աշնան օրվա նման ճնշում է, ու դու էլ շան չափ անզոր ես ու անօգնական: Թախիծն իր մութ ու կապտավուն երանգներով կարճացող ցերեկվան հաջորդող երեկոն լցնում է մթով: Ես ու շունս մթնող օրվա շնչի տակ լցված ծով թախիծով լռում էինք: Իմ թախիծը մարդկային էր ու բանական: Ես կարող էի ինքս ինձ սփոփել, հիշելով Տերյանական տողերը:
Իմ հոգին, որպես թափառիկ մի շուն,
ԵՒ շուրջը ՝ գիշեր , եւ շուրջը՝ աշուն....
Ինքս ինձ սփոփել կարող էի, շանս էլ կարող եմ սփոփել, պարզապես մնալով նրա կողքին, կամ էլ ինձ հետ տանելով: Բայց մնալն անհնարին է, իսկ շանը տուն տանելը պարզապես բացառվում էր:

Վահան Գէորգեան


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝