Յայտարարութիւն

Thursday, March 31, 2011

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ - ՏԱՂԵՐ 2

Նահապետ Քուչակ #2
Արդիականացրեց՝ Վահան Գեւորգյան

Այս աստղերի ներքո
Երկու բան արցունք են քամում,
Մեկ , որ սիրո տեր դառնաս,
Մեկ էլ, որ մահվան հրեշտակը
Սիրածիդ առնի ու գնա,
Մահից հետո՝ նա էլ չի լացի,
Դե´ հիմա դժբախտիս տեսեք
Ո´չ մեռած է , ո´չ էլ՝ կենդանի:

Եկան ու լո´ւրը բերեցին,
Թե յարդ դարձել է աբեղա,
Զարմանք ու ցավն ինձ պատեց,
Թե ոնց նա եղավ աբեղա,
Բերանն էր սովոր մեղրին,
Բա ոնց կերավ նա բակլա,
Մարմինն էր ընտել մետաքսին,
Ինչպես հագավ նա կապա:

Ինչ մայրս ինձ աշխարհ բերեց,
Քահանայի չեմ այցելել,
Չեմ մեղանչել նրա առաջ_՝
Որտեղ տեսել ուղիս շեղել,
Ի՜նքն էլ, ինձնի´ց խոյս է տվել,
Թե սիրուն կույս տեսավ աչքս՝
Ծոց ու գրկին երկրպագել,
Ծոցը ճերմակ ժամտուն արել
Կրծքերին եմ խոստովանվել:

Յարս տանիքին քնեց
Ծոցն աստղերին լույս կտար,
Կամ ծոցդ առ ինձ, որ քնեմ,
Կամ թույլ տուր դառնամ տուն,
-Ոչ ծոցս կառնեմ ,որ քնես,
Ոչ էլ կթողնեմ ,որ գնաս տուն,
Այդպես կմնաս կիսարթուն
Մինչ որ բացվի լույս առավոտուն:

Այս աստղերի վրա
Դո´ւ՝ մատանի, ես էլ՝ ակը վրան,
Ուր որ պաղ աղբյուր թե կա
Դու՝ կանանչ, ես էլ՝ ցողը վրան,
Խնձոր ես ծառի ճյուղին,
Ես էլ՝ կանաչ շյուղը նրա,
Վախենամ թե աշունը գա,
Քեզ քաղեն շյուղս չորանա:

Խնձորը ծառի ճյուղին,
Ճյուղն էլ տերեւից ներքեւ,
Կպչում էր յարիս կրծքերին
Կրծկալն էր շղարշով ծածկում,
Կրծքերին ծոցի միջին:
Արեգակը ջուրը իջավ,
Լուսնակ էր, կուժն ուսին
Լոկ ելներ շամամը ծոցից
Քայլում էր օրորվում միջին:

Քո սերը սրտիս ներսում
Տուն է շինել մեջն է ապրում
Աչքերն էլ երդիկ է արել
Մութն իջնի նա վեր կկենա,
Աչքերն էլ երդիկ է արել
Ծուխը երդիկից դուրս կգնա,
Եկեք տնակը տեսեք,
Ծուխը ելել երդիկն է ծածկել:

Քո´ , ծոցդ՝ ճերմակ տաճար,
Քո, կրծքերդ կանթեղ են վառ,
Ես գնամ ժամկոչ դառնամ,
Գամ լինեմ՝ տաճարիդ լուսարար,
-Գնա այ տղա տըխմար,
Քեզանից ի՜նչ լուսարար,
Գնաս դու խաղով կըմնաս,
Տաճարս կթողնես խավար:

Երկու յարուկ ինձ կուզեն,
Չգիտեմ թե որն է սիրուն,
Մեկը ցերեկվա արեւ,
Մյուսը՝ լուսին, մութ գիշերվա
-Լուսին չեմ սիրում ես քեզ
Դու մռայլ ես ու խոժոռ
Գնամ արեգակին սիրեմ,
Նա ծագում է առավոտ լույսին:
Ստում են տղերք իմացեք,
Թե չկա ընտանի Կաքավ,
Մեկին ես երեկ տեսա,
Երանի տիրոջը, որ նրան ունի,
Ունքերը նրբին կամար,
Շուրթերը թերթեր վարդի,
Մեռածին էլ թե գիրկը առներ
Ծոցում նա հարություն կառներ

Աչքերդ են ծովի նման
Վարսերդ ծփուն ալիքներ՝
Զեփյուռի հետ են խաղում,
Իրանդ ճկվում է, ճոճվում,
Այտերդ խնձոր են կարմիր,
Շենշող ես վարդի պես բորբ
Բուրմունքդ աշխարհն է առնում:

Ես տեսա հոգուս՝ հոգուն,
Զարդարված գնում էր ժամ
Ելա առջեւ ե նրա.
-«Ու՞ր կերթաս, ժամն է հարամ.
Թե՜ սերս ընդունե´ս,
Ի՜նքս մի ժամ, քեզ համար,
Աղոթք, աղաչանք կանեմ
Թող քո ծոցին տիրանամ»:

Իմ բարձրագնա լուսին,
Ու՜ր էս շրջում ծովը մութ,
Երդիկներից ներս նայում,
Ինչքան սիրում կար քնած,
Կոճակն արձակ, ծոցը բաց
Լույսդ դիպավ կրծքերին
ՈՒ ետ դարձավ դեպի քեզ,
Աստղերը խամրեցին
Կրծքերի լույս ցոլանքից:

Լուսին երկնային, զուր ես պարծենում,
«Թե լույս ես տալիս աստղերին»
Ահա երկրածին մի լուսին
Գրկիս մեջ երեսն երեսիս,
Թե կասկածում ես նվաստիս,
Ետ կտամ փեշը թիկնոցիս՝
Վախենամ սիրո տեր դառնաս
Լույս չըտաս աստըղերին:

Ես կասեմ նրան.-« ինչ անուշ ես»,
Պատասխան կտա.-«Թե տերն է տըվել»:
Կհարցնեմ հետո.-Համբո՞ւյր կտաս
Ինքը կասի.- «Համբույրը գի՜ն ունի»,
Գինը Հարցրեցի´
Համբույրի՝ ասաց.-«Հոգի՜դ...»
-Հոգի՜ս էլ, հոգո´ւդ կուզի,
-Չեմ ասի չէ´ իմ անգին, կհանեմ կտամ քեզ
Վախենամ թե աչքերս ուզես,
Ու թե տամ՝ ինչով նայեմ ես քեզ,
Աչքեր՝ վեց ու յոթ դեռ ավելի՝
Աչքեր քառասուն ու վեց գուցե,
Մեկով՝ աշխարհին նայեմ,
Մնացած բոլորը քեզ գգվեմ:

Դեռ գարունը չէր բոլորել,
Իմ յարս ինձ վարդ էր ուղղարկել,
Վարսից էլ մի մազ էր վարդին փաթաթել
Մազն առա երեսիս դրի,
Փոթորկված հոգիս խաղաղվեց,
Վարդը էլ ի՞նչիս է պետք,
-Ավազից ո՞վ է տուն կառուցել:

-Իմ բարձրագնա լուսին,
Շատ բարեւ տար գեղեցկուհուս,
-Բարեւդ ես ու՞ր տանեմ,
Չգիտեմ տունը գեղեցկուհուդ,
-Թաղով վեր գնա հիմա
Բարձր պատն է, ծառը առաջին
Նստել է ծառի շվաքին
Կխմի կարմիր գինին,
Կխմի ու «հայրեններ» կասի
Թե ինչ անուշ է սերն ու գինին:

Ա՜յ իմ փոքրիկ շամամ,
Քո ծոցիդ, թող տիրանամ,
Ասում են դեղ է ծովը ջերմի
Ծոցդ էլ ծովի է նման,
Փոքըր թռչնակ դառնամ
Մտնեմ ծոցդ ու լողանամ
Ծովիցդ, երբ դուրս ելնեմ,
Ունքերիդ շվաքին քնեմ:

Կարմիր ու ճերմակ երես,
Ասա, դեռ ինչքան պիտի վառես
Մարդամեջ մտած անվերջ
Ունքովդ ինձ հետ զրուցես,
Կոճակդ էլ արձակ ձգած՝
Ճերմակ կուրծքդ բացես,
Վախում եմ թողնես գնաս
Ես տեսքիդ կարոտ մնամ:

Գիշերով քնած էի
Իմ մահճակալի վրա,
Լուսինն էր կապել կամար
Խոնջացած մարմնիս վրա,
Իմ յարը երազիս եկավ
Ես սիրուց հարբած եղա,
Մեկեն արթնացա՝
Լուսինը պայծառ կցոլար:

Փողոցով իջնում էի վար՝
Ծուռ ու մուռ հազար,
Իմ յարը առջեւս ելավ,
Զարմացած լոկ բարեւ տվեց,
Գիրկն ընկա համբույր քաղի
Աչքերից խիստ կարոտով,
Գնում էր ու ասում լացով
Խայտառակ եղա օրը ցերեկով:

Երանի, ես կասեմ նրան,
Որ յարին առավ ու փախավ,
Գետ ու կամուրջ անցան.
Ջուրն ելավ կամուրջը քանդեց,
Ձյուն տեղաց՝ հետքերը սրբեց,
Նա յարին պարտեզը տարավ
Շուրթերից համբույրներ քաղեց:

Մարդամեկը բրիչն առել
Վարդաթփի տակն է քանդում:
Բլբուլը խեւ վարդի սիրուն
Վիզն է ճկում՝ զարկին պարզում:
Վարդն էլ թփին իբըր քնած,
Էլ չի՜ տեսնում, միայն վերջում
Շշնջում է.-լավ քայլը քո՝
Աստվածն է գնահատում:

Ու՞ր էիր, որտե՞ղից եկար,
Ինչպես՝ ծաղիկ դո՜ւ էլ պայծառ,
Եկար եւ իմ հոգին մտար,
Էլ չես թողնում մի պահ դադար,
Սրտիս մեջ էլ միշտ շրջվում՝
Դուրս պրծնելու ճա՜ր չես գտնում,
Զարկի´ր գլխիս , կերա՜ր խելքս,
Աչքերիցս վար թափվեցիր:

Տեսա իմ հոգուս հոգի´ն
Զարդագե´ղ, մաքրամաքո՜ւր,
Ինքս էլ առջեւը ելա,
Փողոցում նեղ՝ ժխոր, ամբոխ,
Քողը դեմքից հուշիկ տարավ,
Աչք ու ունքով ասաց գնա,
Գնա՜ հիմա, գիշերն արի´,
Հազար համբույր՝ մինչ լուսանա:
Քեզ՝ գիրկ ու ծոց, վերվար անեմ,
Որ ինձ այրող կիրքը մարեմ:

Կանչեմ այս ծովիդ վրա
Ծովն էլ անտակ՝ դառնա թանաք,
Ի՜նչքան շամբ ու եղեգ, որ կա´,
Ինձ պիտանի գրի՜չ դառնա,
Ի՜նչքան երեց ու աբեղա.
Գիձր ու գրչի´ գիտուն որ կա
Գիրը՝ գրեն, բայց ո՜նց կարդան,
Սրտիս փարված հոգսն ու ցավ:

Ճրագ, երանի կտամ քեզ,
Իմ յարի առջեւը կվառվես,
Չէ որ դու՝ զվարդ ես, ուրախ,
Երեսն ես նրա միշտ տեսնում,
Ճրագ թե քեզ ականջ լիներ,
Գանգատներս կասեի քեզ,
Գնայիր յարիս պատմեիր,
Խռով է, հաշտվեր ինձ հետ:

Ա՜յ իմ անհավատ, անաստված
մի հալվիր առջեւը անհավատի
Գավի պես միշտ լեցուն մնա՝
Մի թափվիր առջեւը ամեն ջահելի՝
ինչպես վարդը ,ինչպես՝ ջահել ծառ
Մի բուսնիր ամեն փողոցում..
Եղիր Նունուֆար ծաղիկ՝
Ծնվում է խորքում ծովի..
Հազար աչք է քեզ նայում
Չի հասնի քեզ հազար ձեռք,
Սերդ էլ ծովն է թեկուզ լողալով
Չեն հասնի սրտիդ...

Ես տղա ու դու աղջիկ,
Սիրվելու պահն է արի,
Իրանդ նման աղեղի,
Ինչքան ձգեմ կըճկվի,
Պտուկդ նման խաղողի
Կուրծքն է առել վրան
Ծոցդ առավոտի նման
Ինչքան բացեմ լուսանա:

Աչքերդ ծովից ես առել,
Ունքերդ թուխ ամպից,
Դեմքդ, պատկերդ, անգի՜ն
Նման է կարմիր վարդին:
Ուր էլ որ կանգնած լինես
Հարկավոր չէ մոմ վառել,
Ծոցիդ լույսն է դուրս ծագել,
Մեռածին էլ հողից կհանե:
__________________


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝