Յայտարարութիւն

Wednesday, March 23, 2011

Հայ մանկապատանեկան պոեզիայի միտումները

Ամալիա Քոչարեան , իր բազմազբաղուածութինը մէկ անկիւն կը հրէ երբ լաւ ու ճիշդ բան ունի ըսելիք Հայ մանուկին մասին : «Նշանակ» մեծապէս կը գնահատէ Ամալիայի վարի գրուածքի բովանդակութիւնը :
«Նշանակ»

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Հաշվի առնելով որ Արամ Վեհափառը 2011թվականը հռչակել է Հայ մանուկի տարի և այն իւրացվել է ՀՕՄի էմիրությանց մասնաճիյուղի կողմից պիտի որ ինչպես բոլոր տարիներին այնպես էլ այս տարին լինի մանուկների երազների նման գունագեղ ու հիասքանչ:

Ինչ խոսք մանուկներին հայեցի և գրագետ դաստիարակելու համար օգնության պետք է գա ընտանիքը, հայ կնոջ առաքելությունը զավակին հայեցի դարձնելու ինչպես նաև մանկապատանեկան գրականությունը,որը զգայուն կերպով արձագանքում է հասարակական կյանքում տեղ ունեցող զարգացումներին, բարոյահոգեբանական դաստիարակության կազմակերպման գործընթացներին:

Մանկապատանեկան գրականությունը իր ընթերցողներին տանում է «մեծ նավարկության», հետագա ողջ կյանքի համար առաջադրում անհրաժեշտ կողմնորոշման չափանիշներ: Աշխարհում սփռված հայ մանուկի համար միշտ էլ երազանք է տեսնել իր պապերի հինավուրց ու նոր երկիրը` հայոց աշխարհը, լողալ նրա գետերում ու լճերում: Այս առումով լուրջ խորհրդածությունների առիթ է տալիս ժամանակակից հայ մանկապատանեկան պոեզիան, որի առջև դրված խնդիրներին և նպատակներին բացի վերոհիշյալ գործոններից, պայմանավորված են նաև մարտահրավերներին դիմակայելու, մատաղ սերնդի ազգային դիմագիծը անաղարտ պահելու ու դաստիարակելու անհրաշտությամբ:

Գաղտնիք չէ , որ վերջին տարիներին փոխվել են պատկերացումները ինչպես մատաղ սերնդի, այնպես էլ նրա կրթության և դաստիարակության խնդիրների վերաբերյալ: Առաջին հերթին փոխվել է մատաղ սերնդի աշխարհայացքը, լայնացել են նրա հետաքրքրությունների շրջանակները; Ժամանակակից երեխան էապես տարբերվում է իր նախորդներից, նա ավելի շատ է տեղեկացված, ունի համակարգչից օգտվելու հնարավորությւոններ և ունակություններ,տիրապետում է ոչ միայն մայրենիին: Այս իրողությունները,սակայն, հղի է նաև վտանգներով, երեխան աստիճանաբար կտրվում է գրքից,ամբողջ ազատ ժամանակն անցկացնում ֆիլմեր դիտելով,որոնց որակն ու «դաստիարակչական նշանակությունը» բոլորիս են հայտնի:

Կարողանու՞մ են, արդյոք մանկական գրականության հեղինակները բավարարել ժամանակակից մանուկ ընթերցողների հետաքրքրությունները` մի կողմից նրանց հաղորդակցելով գիտության ու տեխնիկայի վերջին նվաճումներին, մյուս կողմից` մոտեցնելով ազգային արմատներին:

Այս առումով իրենց գործի բաժինն ունեն ծնողներն ու դաստիարակներն, ովքեր պետք է կարողանան ճիշտ և հասկանալի ձևով մատուցեն հայ մանկագիր բանաստեղծների գործերը: Օրինակ հայ մանկագիրները իրենց բանաստեղծություններում անկեղծ զրույցի միջոցով փորձում են թափանցել իրենց ընթերցողների ներաշխարհը, նրանց առջև բացում անծանոթ դռներ, նրաց դաստիարակում հայրենիքի տիրոջ հոգեբանությամբ:
Ժամանակակից մանուկ ընթերցողին յուրահատուկ է աբստրակտ մտածողությունը, առարկաների և երևույթների միջև փոխադարձ կապերի հայտնաբերման ձգտումը, զարմանալու, իր զարմանքը մեծերի հետ կիսելու, իր տեսակետը պաշտպանելու համառությունը:
Երեխայի համար ամեն ինչ զարմանալի է, իսկ աշխարհը`«զարմանքների տոնավաճառ».
Հատկապես ուշադրության արժանի են մանուկների կողմից սիրված բանաստեղծների` հայրենի երկրին, նրա խորհրդանիշներին, պատմությանը, արվեստին ու մշակույթին, բնությանը նվիրված բանաստեղծությունները,որոնք աչքի են ընկնում նոր մտածողությամբ, պատկերային հետաքրիքիր համակարգով:
Օրինակ բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանի համար հայրենիքը սկսվում է մայրենիից.
Հայոց լեզուն Հայաստանի
Զանգն է զնգուն:
Նրա նման զվարթ է միշտ
Մեր գետ Զանգուն,
Նրա Նման վեհ է եւ վեր
Մասիսը մեր:
Եվ զնգում է հայոց լեզուն
Գիշեր ու զօր,
Ու կանչում է մանուկներին
Իր գիրկն հզոր:
Ամեն ինչ հարազատ ու սրտամոտ է բանաստեղծին, ջերմ ու կաթոգին, ամեն ինչից Հայաստանում լույս ու արև է ճառագում.
Հայաստանի դաշտերը`
Թռչող գորգեր հեքիաթի,
Սավառնում են երկնքում;
Հասնում մինչև Ծիր-Կաթին:
Հայաստանի քարերը «գունավոր են ու սիրուն», և նույնիսկ չես տարբերում «որն՞ է ծաղիկ, ո՞րը քար», Հայաստանի ձորերեում «Հրաշքներ են ասում-խոսում/Առավոտից մինչև մայրամուտ», «Հայոց աստղերը լույս են ոսկե// Գիշերների սև ճյուղերին դալար», Հայաստանի գիշերները // «Խարույկների պես անվախ// Ժայռից անդունդ են թռչում// Կայտառ, զվարթ և ուրախ», Հայաստանի անձրևն ունի «երկար ոտքեր բարակ-բարակ», Հայաստանի սարերն ու ժայռերը մի-մի հուշարձաններ են, պատմության վաղնջական ժամանակների անխոս վկաներ, Սևանա լիճը ,կապույտ թռչուն է, եկել է վաղուց ու հետ չի չվում», Հայաստանը քարե ձուկ է.
Քարե հսկա վիշապաձուկ,
Լեռան վրա ի՞նչ ես անում:
Թե՞ ալիք է լեռը կապույտ
Մեր Հայաստան լեռնաշխարհում:
-Ճիշտ ես ասում, փոքրիկ տղա,
Քարե ձուկ եմ քարե ծովում,
Արի ինձ հետ դու միշտ խաղա,
Քեզ պես լողորդ շատ եմ սիրում:

Երեխայի գիտակցության մեջ ամբողջանում, ավարտուն տեսք է ստանում հայրենիքի մտապատկերը, ու նա իր հայրենիքի մի մասնիկն է զգում.
Խնձորենու ամեն խնձոր
Հեքիաթից է ասես ընկել,
Որովհետև խնձորենին
Իմ հայրիկն է այստեղ տնկել,
Որովհետև հողն այս հրաշք
Իմ պապերն են քարից մաքրել
Որովհետև այդ քարերին
Հայրենական բառ են գրել:

Մեզ հայտնի մանկական բոլոր ստեղծագործություններում թևածում է բարության, սիրո,ազնվության,կարեկցանքի,փոխօգնության,ազնվության,խաղաղ համագործակցության ոգին,որով պետք է միավորվեն աշխարհի բոլոր ծիրերում ապրող հայ մանուկները:

Հայ մանուկի տարին թող լինի Հայոց աշխարհի սերն ու պատկերը մշտարթուն պահելու,որովհետև, միևնույն է,նրանք մի օր տուն են գալու և դառնալու են հայոց երկրի զինվորն ու քաղաքացին:

Ամալյա Քոչարյան
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան
հայկական պետական մանկավարժական
ամալսարանի հայոց լեզվի և գրականության
ամբիոնի հայցորդ



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝