Յայտարարութիւն

Wednesday, April 6, 2011

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ- ՏԱՂԵՐ 4

Նահապետ Քուչակ #4
Արդիականացրեց՝ Վահան Գեւորգյան

Եկա երկիրն այս օտար
Պանդուխտ եմ խիստ ողբալի՝
Ոչ հայր, ոչ եղբայր ունեմ,
Ոչ էլ սրտիս սիրուհի.
Սիրուհի էր ինձ պետք,
Որ սրտիս սերն ասեի՝
Հոգուս հոգին էլ տայի,
Արեւիցս բաժին հանեի:

Խիստ ողբալի բան չտեսա,
Ես նրանից բացի.
Հարուստ մարդ էր աղքատցավ,
Ելավ գնաց պանդխտության՝
Հայր ու մայր, եղբայր չունի,
Սիրածին էլ եթե տեսնի,
Դեմքը ծածկում է ու գնում:
Նրան հարմար օրինակ
Ես ի՞նչ ասեմ,_
-Կանաչ ծառը որ չորանա
Տերեւները մեկեն թափվեն
Շուքն էլ տակից կհեռանա:

Սերս շնորհ էր արել
Ինձնից լուր էր ուզել.
-Հոգսերդ ծով, վիշտդ խոր,
Այ իմ հոգիս շատ սիրուն
Ո՞նց ես ասա դիմացել,
-Սիրուհիս քո արեւն ասեմ
Ոսկորներս մաշվել են,
Միս չմնաց էլ արդեն,
Կաթիլ արյունիկ թե ունեմ՝
Քո սիրուց այն ցամաքեց:

Երկինքը որոտաց դողաց,
Աստղ էլ չմնաց տեղում,
Իմ անգին յար երբ հեռացար
Տարար քեզ հետ ծաղկունք հազար
Գիր գրեմ բարակ թղթիկ,
Ուղարկեմ շատ պատգամ ու լաց
«Որտեղ ես շատ բարով կաց՝
Սիրած յարիդ չմոռանաս»:

Յարիս ինձնից զատեցին,
Թոշնեցի ինչպես տերեւ վարդի
Ինձ օտար երկիր տարան
Սրտիս մեջ չցոլաց այլ արեւ:

Այ սարեր, այ ձորեր իմացեք,
Ես իմ յարն եմ կորցրել,
Այ քարեր, այ թփեր ձեզ լուր չի հասել
Այ կամուրջ քարե ձեզնով չի անցե՞,
Ինձ քնած ձգել՝ թողել գնացել...

Իմ յարը ինձ թողեց գնաց,
Լեռ ու ձոր ինձ հավասար սգաց
Երկինք ու գետին թնդաց
Մեկն էլ աստղերից չըմնաց,
-Իմ յար գիր եմ ուղղարկել
Առ կարդա թե ինչ կա գրած
Ամենը ՝ գիրկ ու ծոց դրած
Մեջ ու մեջ համբույրներ կարոտած:

-Ջուր գըլգըլալով կըգաս,
Ո՞ր գետի ակունքից կըգաս,
Կը գնաս այս ձորերն ի վար,
Ձայնդ գա ու դու չըերեւաս,
Գիտեմ սիրո տեր ես դու,
Եւ օտար երկիր կըգնաս,
Գնաս ու սիրուդ հասնես
Գիշերն էլ քուն չունենաս:

Եկան էն մատնիչ մարդիկ,
Թե բեր քո յարիդ տեսնենք,
Տեսնենք թե ինչ պատկեր ունի,
Որ դարձել ես խենթ կապի,
-Իմ յարը լուսնի նման
Թուխ ամպի միջին է գալու:

Աչքերիս խրատ տվի
Ինչպես հազար ծնող զավակին,
Թե եկեք երկրին նայենք
Աստղերից մեզ ինչ օգուտ,
Աչքերս էլ ինձ ասացին
-Թե քեզ խելոք գիտեինք,
Լավը գնալուց լինի՝
Աչքեր ցույց տուր որ չընայի...

Գիշերը ես քուն մտած,
Քնիս մեջ սրտիկս երեւաց,
Եկան ու լուր տվեցին.
-«Սիրած յարդ քեզ մոռացավ»:
Տղերք ձեր արեւն է վկա,
Լսեցի լեզուս կապ ընկավ
Դե արագ դեղ ու ճար արեք,
Որ չասեն լուրից մեռավ:

Բլբուլը այգին մտավ
Թառեց վարդի թփին
Բացեց բերանը բարի,
Ու երգեց մինչ լուսաբաց,
Վարդն էլ իր փշի միջին
Իբր թե խաղաղ քնած
Միայն այն տեսանք
Պատռել էր շապիկը կանաչ
Հագել էր կարմիրը պուրուր:

Տանիքն ես բարձրացել,
Ո՞վ ես դու,
Հողն ես տրորում օտարի,
Թե վարդ ես վար արի,
Թե օտար ծաղիկ հեռացի,
-Ոչ վարդ եմ, որ վար գամ,
- Ոչ էլ ծաղիկ օտար, որ գնամ:
Եկել եմ դեմ առել սիրուդ,
Ոչ գալու եմ, ոչ էլ գնալու:

Կանչեմ ի վեր հովվապետ ,
Ստեղծող՝ դու պահպանե
Զամենայն պանդուխտին:
Իմ սերն էլ է ղարիպություն,
Իր կրակն էլ ինձ կայրե :
Նրա գալն էլ փութացրու,
Իմ վիշտը նա լավ գիտե,
Երեսս երեսին կպցնեմ,
Որ հոգիս իր ծոցից ելնե:

Սրտիկս դարձել է գրիչ,
Բաժնելու թղթեր կըգրե,
Կանչեմ օ՜հ իմ աստված,
Ամենայն ղարիբ դու պահե:
Ղարիբ ունեմ գնացած՝
Դարդերս ինձ կըլափե:
Երանի թե շուտ դառնա
Թե չէ հոգիս կելնե...

Լուսին դու լուսով մնա
Թե մնաս այստեղ մի պահիկ՝
Երկու խոսք գանգատ կանեմ
Կըգնաս իմ յարին կասես՝
Թե « նստել է կտուրին կլացի,
Կլացի ու օղորմի կտա՝
Աչերից արյունը կըցողա»

Եկան ու լուր բերին,
Թող չորանա լեզուն բերողի,
-Քո սերն էր Բուրսա քաղաքում,
Տեսանք նրան շուկայում՝
Ունքն ու ձեռքը զարդարել,
առջեւն էր նստել գնողի.
-« Գնող գնիր մի վախեցիր,
Վայն հազար նրան կորցնողին»:

Քո սերը Հալեպա շուկայում,
Շաքար ու անուշ կծախեր
Աչքերը կշեռք էր դարձրել,
Ունքերով նա վեր կըքաշեր
Շաքարի գինն էլ խնդրեմ
Համբույր է, մի՜ մաքուր ոսկի:

Գիշերը ես դուրս ելա
եւ երկինք ի վեր նայեցի,
Լուսինը կապել էր կամար
Հռոմա կողմով կըգնար.
-Լուսին քո արեւը ասեմ
Պահ մի մնա՝ մինչ լուսանա,
Երկու բան գանգատ ունեմ՝
Այն ասեն կրկին գնա:
Գընա իմ յարին ասա
-«Մոլորվել է քու յարդ կըլացի
Հոգին է շնչահեղձ հիմի
Աչքը քո ճամփին կընայի»

Արի ու նայիր իմ յար,
տես սերդ ինչ է արել,
Ոսկորներիս է հասել
Մեկ առ մեկ տեղաշարժել,
Քո սեր փայտ է վառվող
քարն էլ ապառաժ կհալե
Բա խեղճ գերիս ինչ անի
Որ ոսկորներս լրիվ հանի:
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝