Յայտարարութիւն

Thursday, May 5, 2011

ՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ - 2 - ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

ՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ


Հատ-հատ օրինակներ բերելու հարկ չկա, որովհետւ եղածը, համաճարակի սփռվածությամբ, մեր աչքերի առաջն է ամենուրեք։ Այնուամենայնիվ, գուցե տեղին է հավաքական անուններով նշել ուղղագրական խոտորումների իրականությունը սփյուռքում։ Այսպես.

- Հյունագրություն, վևագրություն, ուագրություն հին ուղղագրությամբ. օր. փորւած, փորված, փորուած։ Նոր ուղղագրությամբ՝ փորված։

- Յիագրություն, հոյագրություն հին ուղղագրությամբ. օր. յետևեալ, հետևեալ. նոր ուղղագրությամբ՝ հետևյալ։

- Էագրություն, եչագրություն. օր. երբէք, երբեք։ Նոր ուղղագրությամբ՝ երբեք։

Տակավին որոշ բառերի տարբեր ուղղագրություններ հին ուղղագրությամբ. օր. մեկը գրում է տարւայ, մյուսը՝ տարուայ. մեկը հեքիաթ է պատմում, մյուսը հեքեաթով է զմայլվում. ամեն է թե ամէն, «ողջ» թե «եկեղեցական»՝ (թող այդպես լինի), այլևս մարդ անկարող է ջոկել։ Իսկ ինչ վերաբերում է հատուկ և միջազգային աշխարհագրական ու գիտական անունների և բառերի ուղղագրությանը, որոնք հաճախ օտար բառեր են, և տառադարձվում են, ընդհանուր հին օրենքների բռնաբարումն ու աղճատումը սփյուռքում այլևս հասել է բացարձակ վայրագության։

Պետք է վերջ տալ լեզվաղարտության այս բարբարոս արշավին սփյուռքում, հանուն մեր անաղարտ մայրենիքի ուղղագրության, հանուն մեր կուչ եկող մայրենիքի տարածմանը սփյուռքում, որ աստիճանաբար դառնում է ավելի հուսահատեցնող։

Ուղղագրական համազգային միանմանությունը միշտ էլ ցանկալի է եղել բոլորի համար, ուր էլ որ եղել է։ Այնուամենայնիվ, սփյուռքում հարցը ժամանակի ընթացքում դրվելով ու լքվելով եկել հասել է այսօրվա թնջուկին։ Ոմանց էլ հասցրել է անտրամաբանական ծայրահեղությունների։

Ինչպե՛ս պիտի լուծել։

Պիտի լուծել իրականության ըմբռնումով, քննելով, ուսումնասիրելով, տրամաբանելով, ազգային շահեր ու կարելիություններ նժարելով ու եզրակացնելով։ Այլապես եթե տարվենք նախապաշարումների տենդով ու մոլեռանդությամբ, ծայրահեղություններով ու կամակորությամբ, այնպես որ չկարողանանք նշմարել ուրիշ որ—է ճառագայթ, այդ դեպքում մեր տքնությունը լինելու է ապարդյուն։

Հայերենի ուղղագրության համահայկական միանմանությունը, միասնությունը ստեղծելու, ավելի ճիշտ՝ միանմանությունը, միասնությունը վերականգնելու համար, բնականաբար, պետք է ընդունենք այսօրվա իրականության փաստը։ Եղած իրականության արժ—որումով կիրառել եղած երկու ուղղագրություններից մեկը միայն, որոնք գործածության մեջ են ներկայումս։ Ճիշտ չի լինի տարվել եղածները համադրելու առաջադրությամբ, որով կստեղծվի մի երրորդ, թե քանիերո՞րդ ուղղագրություն, որով ոչ մի բան հրատարակված չէ։ Ուղղագրության խնդիրներում լավ է լինել պահպանողական, քան թե նորարարական։ Երանի թե 1922 թվականին ուղղագրության բարեփոխում չլիներ։ Եղածը մնար ու կանոնակարգվեր, առաջացած խոտորումները սրբագրելով ու պետականորեն ամրագրվելով։ Երանի թե... Բայց արվել է... ևմենք այսօրվա իրականության մեջ ենք ապրում։ Դեռևս 1913 թվականին երբ տոնվում էր հայոց տառերի գյուտի 1500-ամյակը — տպագրության 400-ամյակը, մի հանձնախումբ է կյանքի կոչվում հայերենի ուղղագրությունը մշակելու համար։ Պարզ է, որ ուղղագրության խնդիրը համայնավարների ստեղծածը չէ։ Հայաստանի առաջին հանրապետությունը ուղղակի ժամանակ չունեցավ այդ խնդրով զբաղվելու։ Այնուհետև նախասովետական նույն հայ լեզվաբանները հարցը լուծեցին ժամանակի պետական ամենազորավոր լծակների միջոցով։ Խնդրի լուծման մեջ ամենազորավոր դերը խաղաց Մանուկ Աբեղյանը։

Ընդհանուր հարցի այդօրինակ առաջադրումը նախատեսում է հարմարագույն ուղղագրության կիրառումը արդի հայերենի համար, մեր այսօրվա գրական հայերենի համար, առանց սկզբնական կողմնակցության՝ հին ուղղագրության, թե նոր ուղղագրության նկատմամբ։ Ազգային ու հասարակական մեր ընթացիկ պայմաններում մեր մայրենիքի ուղղագրության միասնությունը, տիեզերական ծավալով, ներկայի ու ապագայի տեսանկույնից կշռած, շատ ավելի կարևոր ու կենսական է, շատ ավելի ճակատագրական նշանակություն ունի, քան թե ուրիշ նկատառումներ։ Քան թե հին ուղղագրության վերականգնումը, կամ թե նոր ուղղագրության պահպանումը, թե համադրումը հնի հետ։ Քան թե նոր ուղղագրության ստեղծման պարագաները ու գործադրման պայմանները, ձևերը։ Քան թե հին ուղղագրության անփոփոխ շարունակման ոմանց կողավերությունը։ Քան թե հին ուղղագրության սրբացումը և մեսրոպյան ու մաշտոցյան անվանումները, որ պատմականորեն ճիշտ չէ. «օ», «ու», «և», «ֆ» տառերի որդեգրությամբ, կամ մի շարք կապական ու մակբայական բառերի վերջի անհունչ «յ» տառի զեղչումը, օրինակ հիմայ, հիմա. ինչպես նաև «ի» տառով վերջացող բառերի հոլովման դեպքում «ի» տառի փոփոխումը «ւ» տառի, որ ոմանք «ու» են գրում, արդեն, հին ուղղագրությունը օտարել են մեսրոպյան ու մաշտոցյան ուղղագրությունից։ Այս հիմնական իրականությունը անկարելի է գերագնահատել, չափազանցել։ Այսօրվա մեր հայրենիքի իՆքնիշխան պետականությունը, իր գունագեղ դժվարություններով ու ջանքերով, անկարողություններով ու իրագործումներով, անճարակություններով — մասամբ նորին... Սփյուռված հայության հարաբերության կար—որությունը հայրենիքի հետ... Սփյուռահայության ուծացման դեմ այս քամող պայքարի հուսացվո՞ղ հաջողությունը, այսօրվա կյանքի ու աշխարհի խոյացող վազքի պողպատյա օրենքով, գերազանցաբար, կախում ունեն մեր ներկայի ու ապագայի պարագաներից, պահանջներից, մեր կարելիություններից, որոնք ձևակերպում են, սահմանում են մեր ցանկությունները։ Մեր առաքինությունը պիտի լինի շարժվել դրանց իրապաշտ տրամաբանությամբ, քան թե հուզականությամբ, և դա՝ հօգուտ համազգային գերակա շահերի։

Շար. 2 Գլենդել, Կալիֆորնիա, 2009-02-17։
Այս ուսումնասիրությունը զեկուցվել է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության հասարակական դռնբաց նիստում, Գլենդելի Հանրային Գրադարանում, 2006 Սեպտեմբերի 7-ին։




«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝