Յայտարարութիւն

Monday, May 9, 2011

ՀԱՅԵՐԷՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ 4 ԳՐԻՇ ՏԱՎԹՅԱՆ

Դասական հայերենում «ե» եւ «է», «ո» եւ «օ» ձայնավորների («օ-ի» դասական գելաձևը եղել է «աւ», մի նշան վերևում, որ կոչվում էր՝ պատիվ), «յ» կիսաձայնի, «վ», «ւ», «ու» բաղաձայնների ( «ու» տառը բաղաձայնի և ձայնավորի միջև, որ «վ» է հնչում) ձայնական արժեքը, հնչույթը, տարբեր է եղել դրանց ներկա հնչույթից, ըստ մեր ներկայի արտասանության, հնչումի։ Դրանց դասական հնչույթները ունեցել են իրենց յուրահատկությունները, որոնցով տարբերակվում էին «ե» և «է» տառերը, «ո» և «օ» («աւ») տառերը, բառասկզբային «յ» և «հ» տառերը, «վ», «ւ», «ու» (բաղաձայնի և ձայնավորի միջև, որ «վ» է հնչում) տառերը։ Թե ի՛նչ են եղել այդ տարբերությունները, այժմ չենք կարող ստուգապես ասել, լեզվաբանական համեմատություններով միայն կարողանում ենք ենթադրել։ Արդարև, մեր ներկա հնչումով եղած տարբերությունները վերացել են, և որպես հետևանք, դրանք, այդ նույնահունչ տառերը, ուղղագրական դժվարություն են առաջացնում հին ուղղագրության մեջ։ Նոր ուղղագրությունը իսկապես վերացրել է գրաբարից ծագում առած հին ուղղագրությունից արդի հայերենին փոխանցված այդ դժվարությունները, կապված հիշյալ տառերի ուղղագրության հետ։

Նոր ուղղագրության մեջ հիշյալ տառերի գործածությունը կանոնակարգվել է այսպես.

- «Ե» տառը բառասկզբում բաղաձայնից առաջ հնչում է «եէ», օր. երեկո։ Բառամիջում և բառավերջում միշտ և անփոփոխ գրվում է «ե», որպես «է» հնչույթի տառանիշ։

- «Ո» տառը բառասկզբում բաղաձայնից առաջ հնչում է «վո», օր. ոտ։ Բառամիջում և բառավերջում միշտ և անփոփոխ գրվում է «ո», որպես «օ» հնչույթի տառանիշ։ Մեսրոպ Մաշտոցը «ո» տառը ստեղծել է «օ» հնչույթի համար։

- Միշտ և անփոփոխ երբ հնչում ենք «վ», գրում ենք «վ»։ Ուստի «ւ», «ու» տառերի «վ» հնչող լծորդային գործածության դժվարությունը վերացվել է։

- Միշտ և անփոփոխ գրվում և հնչում է «հ» այդ հնչույթի համար։ Բառասկզբի «յ» տառն էլ, որ «հ» է հնչում, գրվում է «հ»։

- Իսկ «յ» տառը վերագտել ու հաստատվել է իր կիսաձայնային հնչույթում (եը)։ Իսկ բառավերջում չհնչող «յ» տառը չի էլ գրվում։

Երկձայների, կամ երկբարբառների ուղղագրությունը, ինչպես ասվեց վերում,օրինակարգվել է նոր ուղղագրության մեջ. «յ» կիսաձայնը միանգամայն և ընդմիշտ ստանձնել է «եը» կիսաձայնի ձայնարժեքը։ Ուստի նոր ուղղագրության մեջ այդպես էլ կիրառվում է երկձայների կազմության ժամանակ։

- «Այ» երկձայնը հին ու նոր ուղղագրություններում նույնն է, գրվում է նույն տառակապակցությամբ։

- «Եա» երկձայնը նոր ուղղագրությունում դարձել է «յա»։ Նոր ուղղագրությունում «յ» կիսաձայն տառի հնչույթը «եը» է, և ձայնավոր հնչյունների հետ երկձայն է կազմում. ուստի՝ «յա» երկձայնը։ Բացի այդ, «յա» երկբարբառի հնչույթը ճիշտ հակահնչույթն է «այ» երկբարբառի, ուստի տրամաբանական է, որ տառակապակցությամբ էլ հակառակը գրվի. «այ-ի» հակահնչումը՝ «յա»։ Սակայն կարևոր է և այն, որ «յա» երկբարբառը արդեն գոյություն ունի հին ուղղագրությունում. դա առաջանում է անկախաբար։ Օր. հայաստանեան, երբ վանկատում ենք, լինում է հա-յաս-տա-նեան (միշտ մեկ բաղաձայնը անցնում է հաջորդ վանկին). երկրորդ վանկում այդ «յա» երկբարբառն է, որ անկախաբար առաջանում է։ Բայց նույն բառում «ևնեան» վանկում, նույն հնչույթով երկբարբառը գրվում է «եա» տառակապակցությամբ. նույն հնչութը հին ուղղագրությամբ երկու կերպ է գրվում նույն բառում։ Այդ երկվությունը նոր ուղղագրությամբ վերացվում է։ Նոր ուղղագրությամբ գրում ենք հայաստանյան, վանկատում ենք հա-յաս-տա-նյան։ «Յա» նույն տառակապակցությունը նույն երկձայն հնչույթի համար։ (Օրինակներ. ծառայաբար, զգայացունց, երեկոյացավ)։

- «Ոյ» երկձայնը հին ուղղագրությունում երկու հնչույթ ունի. ձայնավորից առաջ հնչում է «ոյ» («օյ»), օր. գոյական։ Իսկ բաղաձայնից առաջ՝ հնչում է «ույ», օր. լոյս։ Նույն երկձայն տառակապակցությունը տարբեր ձայնարժեքով, տարբեր հնչույթներով։ Այդ երկվությունը վերացվել է նոր ուղղագրության մեջ։ Երբ հնչվում է «ոյ», այդպես էլ գրվում է, օր. գոյական։ Երբ հնչվում է «ույ», այդպես էլ գրվում է, օր. լույս։

- Հին ուղղագրության մեջ «իւ» տառակապակցությունը բաց վանկում հնչում է «իվ», իսկ փակ վանկում հնչում է «յու»։ Արդարև, հին ուղղագրության մեջ «յու» երկձայն գոյանում է ինքնաբերաբար, օր. գոյութիւն, վանկատում ենք՝ գո-յու-թիւն. երկրորդ վանկում «յու» երկձայնը «յու» տառակապակցությամբ, իսկ երրորդ վանկում նույն «յու» երկձայնը «իւ» տառակապակցությամբ։ Միաժամանակ «յու» երկձայնը հակահնչույթն է «ույ» երկձայնի, ուստի տրամաբանական է որ տառակապակցությամբ էլ հակառակը գրվի, «ույ-ի» հակառակը՝ «յու»։ Նոր ուղղագրության մեջ երբ հնչում է «իվ» հենց այդպես էլ գրվում է։ Իսկ «յու» հնչույթի համար էլ հենց այդպես էլ գրվում է «յու»։ Օրինակ. հայություն, կայունություն։

Շար 4 Գլենդել, Կալիֆորնիա, 2009-02-17։
Այս ուսումնասիրությունը զեկուցվել է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության հասարակական դռնբաց նիստում, Գլենդելի Հանրային Գրադարանում, 2006 Սեպտեմբերի 7-ին։



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝