Յայտարարութիւն

Wednesday, May 11, 2011

ՀԱՅԵՐԷՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ - 5 - ԳՐԻՇ ՏԱՎԹՅԱՆ

- Հին ուղղագրության «եօ» երկձայնը նոր ուղղագրությունում գրվում է «յո»։ Կիսաձայն «յ» բաղաձայնը «ո» ձայնավորի հետ կազմել է «յո» երկձայնը։ Բացի այդ, «յո» երկձայնը հնչույթով հակահնչույթն է «ոյ» հնչույթի. ուստի տրամաբանական է որ «ոյ» տառակապակցության հակառակ տառակապակցությամբ էլ գրվի՝ «յո»։ Երկձայն «յո» տառակապակցությունը առաջանում է նաև հին ուղղագրությունում ինքնաբերաբար, օր. հայորդի, երբ վանկատում ենք՝ հա-յոր-դի. երկրորդ վանկում «յո» երկձայնը հին ուղղագության մեջ առաջացել է ինքնաբերաբար։ Օրինակներ. տղայոց, նայող, խնայող, հմայող։

Երկձայների հնչույթային և նույնի հակառակ հնչութային տառակապակցության գրելաձևային հակադրությունը նոր ուղղագրության մեջ, ինչպես տեսանք, ամրորեն ու տրամաբանորեն հաստատված է բոլոր երկձայների դեպքում։

Դրանք են ահա եղած տարբերությունները հին ու նոր ուղղագրությունների։ Այդ տարբերությունների օրինակարգությամբ ու հաստատումով են ուղղագրական դժվարությունները վերացել նոր ուղղագրության մեջ։

Արդարև, ներկա մեր ազգային ու պետական կարելիությունների, հարմարությունների, արդի հայերենի ուղղագրական արտահայտչականության, ինչպես նաև մեր այսօրվա հնչաբանական լրիվության տեսակետից, վերի սեղմ քննարկումի ու համեմատության դիտակետից ելնելով, պարզվում է, որ նոր ուղղագրությունը նախընտրելի է արդի հայերենի համար։

Նոր ուղղագրության դեմ վաղուց ի վեր շղթայազերծված և վերջերս վերստին աղմկվող սփյուռքյան մի փոքրամասնության պայքարը անտեղի է ու ժամանակավրեպ։ ժամանակին եղած մտահոգությունները, թե արդի հայերենը նոր ուղղագրության հետևանքով կկտրվի Գրաբարից, որը կենսատու աղբյուրն է նրա, արդեն փարատված են, և որևէ հիմք չունեն։ Նոր ուղղագրությունը արդեն ավելի քան ութսունամյա գործածությամբ անցել է փորձնական շրջանից ու համորեն ամրացել է։ Արդի հայերենը հիմա էլ իր սննդառուի անքակտելի երակներով կապված է գրաբարի հետ. բազմաթիվ են գրաբարյան այնպիսի բառեր ու բառակապակցություններ, դարձվածքներ, որ վերահառնելով գրաբարյան դարավոր անգործածությունից նոր փայլ են առել արդի հայերենում, նոր ուղղագրությամբ։

Ոչ թե միայն ուղղագրական, այլ, իսկապես, հայագիտական բոլոր բնագավառներում, Հայաստանը այն անժխտելի կենտրոնն է, որի առաջնորդությանը հետևում է ամբողջ գիտական աշխարհը։ Հայ սփյուռքը, նաև, պետք է խելացիությամբ հետևի հայրենիքի առաջնորդությանը, և ի պահանջել հարկին, իր ևս արժանավոր նպաստը մուծի մայր հայրենիքի զարգացման ու շքեղացման վեհ գործի մեջ, ինչպես անում է հայրենասիրաբար։ Ուղղագրության խնդրում սփյուռքի մի փոքրամասնության ներկա ընթացքը տրամաբանական ու գործնական չէ։ Ի վերջո, փոքրամասնությունը չի կարող ապօրինացնել մեծամասնությանը։ Համազգային նման քվեարկությունը խնդիրը չի վճռահատի հօգուտ փոքրամասնության։ Եվ վերջապես սփյուռված հայաստանահայ հավաքականությունը, որ գրում է նոր ուղղագրությամբ, որակով ու համրանքով էլ փոքրամասնություն չէ այսօրվա սփյուռքում։ Այն մտայնությունը, թե հին ուղղագրությունը պետք է վերականգնել ու վերադառնալ նրան, անգործնական է։ Այդ մտայնությունը դեմ պիտի լինի «օ», «ու», «և», «ֆ» տառերի որդեգրմանը մեսրոպյան այբուբենում, մի բան, որ միջնադարյան պահպանողականությունը հանդուրժեց։ Այդ մտայնությունը պիտի դեմ լինի փոքրատառերի գործածությանը, և պնդի, որ մեսրոպյան երկաթագիր գործածենք մեր գրություններում։ ժամանակին նույն հետադիմական մտայնությունը դեմ էր աշխարհաբարին. սակայն անկարող եղավ դիմադրելու բարձրացող, առինքնող ալիքին։ Կան նաև խզված բացականչություններ, որ պահանջում են հին ու նոր ուղղագրությունները համադրել, փոխադարձաբար զիջումներ անելով... և դա ի՛նչ է նշանակում... նշանակում է երրորդ , թե՞ քանիերորդ ուղղագրություն, որով ոչ մի գիրք ու գրություն ցարդ հրատարակված չէ։ Այն հսկայական ու ահռելի չափերի գրականությունը, քանակով ու որակով, որ լույս են տեսել նոր ուղղագրությամբ, ինչպե՞ս կարելի կլինի փոխարինել վերատպագրումներով... և ինչի՞ համար։ Հին ուղղագրությունը մեսրոպյան չէ։ Ուղղագրությունը վերջապես սրբություն չէ։ Սրբությունը ժողովուրդն է իր հայրենիքով, մշակույթով։ Մենք սփյուռքում պետք է շարժվենք խոհեմությամբ, այլև իրատեսությամբ, լայնամտությամբ. պետք է տրամաբանենք, ընդունենք։ Ազգային շահը պիտի նկատի ունենանք։ Պետք է գործնականում դառնանք մեկ ազգ, մեկ մշակույթ, որ շատերն են հորջորջում, բայց պնդում են իրենց նախասիրած տարբերակի վրա: Ուղղագրության խնդրում պետք է հետևենք հայրենիքին:

Սփյուռքում ի՞նչ քանակությամբ մարդ է գործում ու իր ապրուստը աշխատում հայերենով։ Սփյուռքում ի՞նչ հաստատություններ ու արխիվներ պետք ունեն վերադասավորման կամ վերակազմության, եթե նոր ուղղագրությունը կիրառեն։ Եվ հարկ էլ չկա նման վերադասավորման ու վերակազմության սփյուռքում ։ Կարող են դրանք նույնությամբ պահպանել։ Ի՞նչ է սփյուռահայության դպրոցական աշակերտության համրանքը հայրենիքի նույն համրանքի հետ համեմատած։ Սփյուռահայ աշակերտության այսօրվա սերունդը ինչքանո՞վ է ճիշտ ուղղագրությամբ հայերեն գրում, կամ ինչքա՞ն է հայերեն գրում. նույնիսկ մեր ամենափառաբանված ամերիկահայ, իրանահայ ու լիբանանահայ համայնքներում... Սփյուռահայ դպրոցներում հայերեն առարկաների թվանշանը նույնիսկ հաշվի չի առնվում դպրոցական քննություններում, և չի էլ արտացոլվում դպրոցական վիճակացույց վկայականներում։ Ինչքա՞ն է հայ մտավորականության որակն ու քանակը սփյուռքում, որ այնպես տիրապետում է հին ուղղագրության օրենքներին. դա երևում է հրատարակություններից, մամուլից։ Սա թերագնահատում չէ սփյուռյան արժանավորների։ Բայց երևակայել ուղղագրական փոփոխություն հայրենիքում... Ի~նչ անհասանելի ծավալի վերադասավորման ու վերակազմության անելի առջև պիտի կանգնի ամբողջ ժողովուրդը, երկիրն ու պետությունը, որ իր արդի լեզվով ու ուղղագրությամբ է իր օրավուր կյանքի ետևից վազում... Մոլեգինների վերջին նորույթ քաջագործությունն էլ այն է, որ նոր ուղղագրությունը հին ուղղագրության փոխելու համար հիմնադրամ ստեղծելու շահարկությամբ դրամատնային հաշիվ են բացել ամերիկյան մի ի~նչոր դրամատնում... Նպատակ ունեն դրամը օգտագործել այդ համրանք չունեցող մոլեգինների ճանապարհածախսի և այլնի՞ համար... ասում են՝ Հայաստանում կաշառակերությունը տարածված է, ուստի դրամով ու կաշառքով կարելի է պետական, ակադեմական և ուսումնական ղեկավարությանը թեքել ի նպաստ հին ուղղագրության վերականգնման... Ինչի~ հետևից են... Միջազգային ու ազգային այս ժամանակներում ի~նչ պահ են ուզում որսալ... Լավագույն մաղթանքներով ու ցանկություններով էլ, որ նայում ենք ապագա քսանհինգամյա գալիքին, ի~նչ է լինելու սփյուռահայության հայերենա•իտական վիճակը... Քանի~ թերթ ու պարբերական կմնա սփյուռքում... Ամերիկահայությունը, իրանահայությունը, լիբանանահայությունը ի~նչ որակ ու քանակ կներկայացնեն...

Պարզ ու հայտնի է, որ հայրենիքը ուղղագրության հարց ու դժվարություն չունի։ Հայրենիքը մեկ ազգ, մեկ մշակույթ է։Հայսփյուռն է որ ուղղագրության դժվարություն ունի, և պիտի հարթի այդ դժվարությունը հայրենիքի օգնությամբ։ Մոլեգին մի փոքրանմասնություն ոչ թե միայն չի ուզում հայրենիքի օգնությամբ իր դժվարությունը վերացնել, այլև ուզում է հայրենիքին նույն դժվարության մեջ գցել։ Տեղին է, որ սփյուռահայ մամուլը հարցի մի ընդհանուր քննարկում բանա իր էջերում, առանց քաղաքական և կուսակցական խտրականության. մի ընդհանուր քննարկում կատարվի, մասնակից դառնան մտավորականության ամենալայն շրջանակները, նրանք, ովքեր ուղղագրության մասին գիտական իմացություն ունեն։ Եվ մանավանդ հույժ ցանկալի է, որ օրինակ, մի երկամյա ժամանակամիջոց սահմանելով, եղած ընդհանուր կարծիքները համատեղել, եզրակացնել ու շարժվել... շարժվել դեպի նոր ուղղագրություն։



Շար 5 և Վերջ

Գլենդել, Կալիֆորնիա, 2009-02-17։
Այս ուսումնասիրությունը զեկուցվել է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության հասարակական դռնբաց նիստում, Գլենդելի Հանրային Գրադարանում, 2006 Սեպտեմբերի 7-ին։



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝