Յայտարարութիւն

Saturday, May 7, 2011

ՀԱՅԵՐԷՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ - 3 - ԳՐԻՇ ՏԱՎԹՅԱՆ

Ավանդական ուղղագրությունը, դարերի ընթացքում, կրել է փոփոխություններ, եւ դա զարմանալի չէ, ո՛չ էլ ցավալի կամ զղջալի։ Կյանքը, լեզուն եւ գրականությունը իրենց պահանջներն են դրել, ու ժողովուրդը ժամանակի ընթացքում հարթել է խորտուբորտությունները։ Դարերի ընթացքում զուրկ լինելով վերահսկող ու պահապան կենտրոնական մի հեղինակության հովանավորությունից, որը պարտադրությամբ նույնիսկ արգելելու էր ուղղագրական խոտորումներ. մյուս կողմից մեր ազգային վիճակի, պատմական, աշխարհագրական եւ այլ գործոնների ազդեցության տակ, հին ուղղագրության օրենքները ենթարկվել են նաեւ ավերումների։ Զարտուղիություններ են ստեղծվել նոր օրենքների մասնակի ու քմահաճ կիրառումով, որոնք երբեմն կիրառվել են, լրացնելու հին ուղղագրության ներգո, կամ ներծին պակասությունները աշխարհաբարի եւ արդի հայերենի գրության պարագաներում։ Այդ բնույթի օրինակներից են հյունագրությունը, ինչպես նաեւ որոշ հատուկ անունների կարճացված ձեւում անվան վերջում «ոյ-ի» փոխարեն «օ» գրելը, հին ուղղագրության մեջ, որը սակայն հոլովման դեպքում փոխվում է «ոյ-ի», օր. Կարօ, Կարոյի, Կարօն կամ Կարոն։

Նման աստանդական իբրթե բարեփոխությունները բացի այն որ արմատապես չեն բուժել վերքը, այլ ստեղծել են անհեթեթություններ. քանի որ նման փոփոխությունները չեն ուսումնասիրվել ուղղագրական ընդհանուր բարեփոխությունների մի ամբողջական ծավալում։ Հաճախ սիրում ենք ակնարկել, մանավանդ օտարալեզու բարեկամների, թե հայերենի ուղղագրությունը զուտ եւ կատարյալ ձայնական-հնչական համակարգ ունի, ծանրաբեռնված չէ հավելյալ, չարտասանվող կամ ձայնափոխ տառերով. այդուհանդերձ իրականությունը տարբեր է։

Արդի հայերենի համար հին ուղղագրության դժվարություններից, իսկապես պակասություններից են.

- Դժվարությունը «յ» տառի, որ բառասկզբում հնչում է «հ» (օր.` յայտնել), եւ ոչ մի օրենք չունի թե ինչու՛. իսկ ձայնավորներից հետո, երկձայն տառակապակցություններում հնչում է «եը» (օր.` յայտնել). (հատկանշական է, որ նույն բառում նույն տառը տարբեր հնչյուններ ունի հին ուղղագրությամբ): Իսկ որոշ բառերի վերջում, այդ նույն «յ» տառը, «ա-ից» ու «ո-ից» հետո համր է, չի հնչում (օր.` տղայ, երեկոյ)։ Այդպիսով արդի հայերենում բառասկզբային դիրքում «հ» տառի հետ նույնահունչ դառնալով, եւ բառավեջում գրվելով ու չարտասանվելով դարձել է ուղղագրական դժվարություն։ Մենք իսկապես բնորոշաբար չգիտենք, թե «յ» տառը Մեսրոպ Մաշտոցի օրոք ինչպես էր հչվում, այլ միայն ենթադրում ենք։

- Դժվարությունը բառամիջյան «ո» եւ «օ» տառերի։ Մաշտոցը «օ» տառը չի ստեծել եւ չի գործածել։ «Ո» տառը բառավերջում չի գրվել. իսկ չգիտենք, թե Մաշտոցի օրոք «ո» տառը բառասկզբում եւ բառամիջում ինչպես էր հնչվում։ Արդի հայերենում բառամիջյան «ո» եւ «օ» տառերը նույնաձայն են դարձել, դարձել են ուղղագրական դժվարություն։ Նախապես եղած օրենքի խախտումով, որ «օ» տառը փոխարինում էր «աւ» տառակապակցությանը փակ վանկում, ընթացիկ հին ուղղագրության մեջ «օ» տառի գործածությունը չունի ոչ մի օրենք։ Դա է դժվարությունը։

- Դժվարությունը «ե» եւ «է» տառերի. իսկապես չգիտենք թե Մաշտոցի ժամանակ «ե» տառի հիմնական հնչույթը ինչ է եղել. բառասկզբում եւ բառամիջում ինչպես է հնչել. ձայնավորներից առաջ ինչպես է հնչել. ինչպես է տարբելվել «է» տառից։ Արդի հայերենում բառամիջում «ե» եւ «է» տառերը նույնաձայն են դարձել, դարձել են ուղղագրական դժվարություն։ «Ա» տառից առաջ, եւ Մաշտոցի չստեղծած «օ» տառից առաջ, «ե» տառը դարձել է կիսաձայն «եը», եւ միանալով ձայնավոր «ա» եւ «օ» տառերին կազմել է այդ տառակապակցությունների երկձայնները։ Օր. Դաւթեան, եօթն։

- Դժվարությունը «վ», «ւ» եւ «ու» տառերի. «վ» եւ «ւ» տառերը նույնաձայն են դարձել. «ու» տառը բառամիջյան բաղաձայնից հետո եւ ձայնավորից առաջ «վ» է հնչում։ «Վ» տառը գրվում է միայն բառերի սկզբում, իսկ բառամիջում եւ բառավերջում միայն «ո» տառից հետո։ «Ւ» տառը գրվում է միայն բառամիջում ու վերջում, պայմանով որ «ո» տառին չհաջորդի։ Այդպիսով ունենում ենք երեք տառանիշ նույն հնչյունի համար, այդպիսի պայմաններով. եւ իսկապես չգիտենք, թե Մաշտոցի օրոք «ւ» տառը ինչ հնչույթ ուներ, «ու» տառը երկբարբա՞ռ էր, ի՞նչ հնչույթ ուներ, իսկ այբուբենում չկար։ Նոր ուղղագրության մեջ այս դժվարությունը հարթվել է. բոլոր դեպքերում գրվում է «վ» այդ հնչույթի համար։

Նոր ուղղագրության ամբողջ տարբերությունը հին ուղղագրությունից՝ «ե», «է», «ո», «օ» ձայնավորների, «յ» կիսաձայնի, «վ», «ւ» , «ու» (այս վերջինը բաց վանկում) տառերի, ապա՝ «եա», «եօ», «իւ», «ոյ» երկբարբառների գործածության մեջ է։ Նոր ուղղագրությունը վերացրել է դրանց հարուցած դժվարությունները, կանոնակարգել է դրանց ուղղագրությունը։ Պետք է ի մտի ունենալ, որ նոր ուղղագրությունը գործածվում, եւ գործածական է միայն ու միայն աշխարհաբարի համար. երբեք գրաբարի։

Շար 3

Գլենդել, Կալիֆորնիա, 2009-02-17։
Այս ուսումնասիրությունը զեկուցվել է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության հասարակական դռնբաց նիստում, Գլենդելի Հանրային Գրադարանում, 2006 Սեպտեմբերի 7-ին։




«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝