Յայտարարութիւն

Tuesday, May 3, 2011

ՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Գրիշ Դաւթեանի այս ուսումնասիրութիւնը յանդուգն է ու շահաւէտ: Ընթերցողէն կը խնդրուի առարկայական եւ փրօֆէսիօնալ մօտեցում ունենալ ուղղագրութեանց նուրբ հարցին: «Նշանակ» պիտի հրապարակէ այս ուսումնասիրութիւնը որպէս յօդուածաշարք երկօրըեայ դրութեամբ եւ իր մտահոգութիւնները պիտի արտայայտէ յօդուածաշարքի աւարտին:Ընթերցողներէն կը սպասուի կատարել անշահախնդիր դիտողութիւն եւ որդեգրել մտաւորական պարկեշտութիւն:
«Նշանակ»

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«

ՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

Պետք է հաշվեհարդարի ենթարկել այս հարցը։

Հարցը ներկայումս գործածվող տարբեր ուղղագրությունների վերացման պահանջն է, միայն մեկ ուղղա•րության տիեզերական կիրառության կարիքը հայերենում։

Ուղղագրության հարցին չպիտի խառնել ում-հայերենի (արևելահայերենի) և կը-հայերենի (արևմտահայերենի) խնդիրները։ Ուղղագրական և գրական ու բարբառային հարցերը տարբեր բնագավառներ են այս խնդրում։ Ուղղագրությունը լեզվի հնչյունների նշանագրային, գրական արձանագրության, հնչույթային ձայների և ձայնակապակցությունների հնչական արժեքի պատկերային գնահատման բանաձևումը և օրինակարգումն է,և չպիտի շփոթել բարբառների արտասանական, ոճային և ձևային տարբերությունների հետ։

Հայերենի ուղղագրության փոփոխության հարցը չստեղծվեց 1922 թվականին, երբ Հայաստանում կիրառվեց ներկայումս այնտեղ գործածվող ուղղագրաձգևը, ծանոթ՝ նոր ուղղագրություն անունով։ Աշխարհաբար հայերենի ուղղագրության խնդիրը առաջացավ հենց աշխարհաբարի գրական ծնունդով։ Բնական է, որ աշխարհաբարը չէր կարող բոլոր դեպքերում հետեւել գրաբարի ուղղագրական կանոններին. եւ չհետեւեց. այդտեղից էլ սկսվեց ուղղագրության հարցը։ Պատմական իրականություն է, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է միայն 36 տառ. տարբեր ժամանակներում մուտք են գործել «օ», «ֆ», «ու», «եւ» տառերը. այդպիսով հայերեն այբուբենի տառերի քանակը դարձել է 40։ Ուստի այսօրվա 40 տառ գործածող հին ուղղագրությունը՝ մեսրոպյան 36 տառ գործածող ուղղագրության հետ նույնը չէ։ Այսօրվա հին ուղղագրությունը մեսրոպյան ուղղագրություն չէ։

Ուղղագրության հարցը թեժացավ 19-դարի վերջին տասնամյակից, որ շարունակվեց մինչեւ 20-րդ դարի առաջին քառորդը. սկսվեցին ուղղագրական խոտորումներ։ Ոմանք սկսեցին զեղչել բառավերջի չհնչող «յ» տառը։ Ոմանք սկսեցին բառամիջի «ու» տառը, որ «վ» էր հնչում գրել «վ», նույնիսկ «ւ»։ Բառամիջում եւ բառավերջում շատացավ «օ» տառի գործածությունը աշխարհաբարյան այնպիսի բառերում, որ մատենագրական անցյալ չունեին։ Դա լինելով պատմական իրականությունը իրապաշտորեն պիտի մոտենալ հետագա զարգացումներին։ Դրանք, տարաբախտաբար , իրարամերժ սեւեռումների առարկա դառնալով, միգոտել են կուսակցական, քաղաքական անհարկի նախապաշարումներով, եւ հրապարակագրական միտումնավոր քարոզչությունների տարափի տակ գունավորվել են անհարազատ ստվերներով, հեռացել են գրավոր եւ լեզվական, ուղղագրական հարց լինելուց։

Արդարեւ, աննախապաշար մոտեցումը արդի հայերենի ուղղագրության հարցին ժամանակի հրատապ պահանջն է այլեւս։

Նայենք համայնապատկերին։ Հայաստանում միահամուռ գործածության մեջ է նոր ուղղագրությունը, որ 1922 թվականի հիմնական փոփոխությունից հետո, ապա ժամանակի ընթացքում եւս մի շարք փոփոխություններից հետո, վերջնական օրինակարգում ստացավ 1940 թվականին։ 1991 թվականի անկախության հռչակումից հետո եղել են աննշան սպրդումներ Հայաստանում, սփյուռքյան ներդրմամբ։ Սփյուռքում գործածության մեջ է... են... այսպես ասած ուղղագրությունների մի խառնիճաղանջ, անհատների կամայական գործածությամբ։ Այդ այսպես կոչված «ուղղագրությունները» թեեւ հիմնականում հետեւում են հին ուղղագրության օրենքներին, սակայն գործածությամբ, մանրամասնությունների մեջ, ծնունդ են տվել այնպիսի զարմանազանությունների, որ ստեղծված պատկերը գերազանցորեն ողբալի է։ Սա զավեշտական ամբաստանություն չէ, այլ, դժբախտաբար, ճշգրիտ հաստատում։

Սփյուռքում եթե մի հայ համայնք մամուլ ունի, այդ դեպքում մամուլը ուղղագրության առաջնորդի մի ինքնակոչ դերով հաճախ ունի, եւ երբեմն էլ չունի, ուղղագրական ընդհանուր եւ հաստատուն օրենքներ։ Սակայն ի՛նչ էլ որ է ուղղագրության վիճակը հայ մամուլի, տվյալ մի համայնքում, նույն համայնքի անհատ մտավորականները որոշ դեպքերում հետեւում, իսկ երբեմն էլ չեն հետեւում իրենց համայնքի մամուլի ուղղագրությանը։ Սփյուռահայ այն համայնքներում, ուր մեկից ավելի թերթեր ու պարբերականներ կան, ուղղագրության ընդհանուր դրությունը ավելի վատ է. «ուղղագրությունները» տարբերվում են մինչեւ անգամ տպարանից տպարան։ Որոշ թերթերում նկատելի են ուղղագրական տարբերություններ՝ հոդվածից հոդված... արդյունքը, տարբեր սրբագրողների, կամ նույնիսկ տարբեր գրաշարների նախասիրությունների...։ Այո, նախասիրությունների, եւ դժբախտություն է դա. դա ցույց է տալիս անտիրություն, որբություն... որբությունը մեր մայրենիքի... սփյուռքում։

Շար.1



Գլենդել, Կալիֆորնիա, 2009-02-17։
Այս ուսումնասիրությունը զեկուցվել է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության հասարակական դռնբաց նիստում, Գլենդելի Հանրային Գրադարանում, 2006 սեպտեմբերի 7-ին։

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝