Յայտարարութիւն

Tuesday, June 21, 2011

Բարեկամիս - Վահան Գէորգեան

Հրաչ , հրաշք ի՛մ բարեկամ
Խոսքերդ զառ, հավք իմաստուն
Գեղգեղում են տաղ են դառնում:

Նրանց բերած երգ ու տաղին
Այս հեռավոր խորթ ափերում
Սիրտս` ծարավ, ունկըս` կարոտ :

Քո հրաբորբ սիրտը լեցուն
Ազգի ոգու շտեմարան
Հայրենիքի ճոխ տաղարան:

Մեր աշխարհի կարոտն անծիր
Խաժ աչքերիդ ծփուն ծովում
Ծիրանածին հույսի կամար:

Իմ լավ ընկեր հին բարեկամ
Դու իմ մտքում սրտիս խորքում
Մեր հայ ոգու հրաշք-ակունք :

Շատերի նման ես էլ եմ փոխվել
Աշխարհը արար առել ոտքի տակ
Աստղերի հետ, հաճախ զրուցել
Լուսնթագին եմ իմ սիրտը բացել:

Քանիս են թաքուն միտքս պղտորել
Տաք համբույրներով տիրացել սրտիս
Դարի տագնապով պղտորված հոգիս
Ապրած օրերիս հուշով սփոփել:

Բոլոր սերերս հավքի պես թռան
Սիրտս ալեկոծ ծեքծեքուն մի ծով,
Իմ մենության մեջ կարոտն է ծաղկում
Ափերիս օտար, հավքեր են իջնում,

Ես ինչ իմանամ թե ինչ են ուզում,
Ծովի պես խռով սիրտս էլ չունի
Ավերիչ խանդի եռանդը նախկին
Իմաստուն է նա արևի նման:

Տաք ու գեղաթով հուշերս արթուն
Ծփում , ծավալվում փարվում են իրար
Սիրտս լեցուն է նրանց գույներով
Բազմերանգ անուշ ծիածաններով:


Հիշողության դաշտում, ականներ են պայթում,
Օտար բառը խորթ է, իմ ականջն է խոցում
Երբ հայ մարդու շուրթին օտար բառն Է վայում
Սիրտըս ոնց է ցավում, դու հայերեն խոսի՛ր:

Մանկությունից սերտած քո մայրենի լեզուն
Հավքի նման ազատ ու ճախրանքի սովոր
Գետի նման վարար, թրի նման սուրսայր
Հպարտության լեռ է ու հավերժի ճամբորդ:

Իմ հայերեն խոսքով ես քո օրն եմ օրհնում
Օտար բառը հիշիր գործող ակ ու ական
Նա զարկում է թաքուն մեզ թիկունքից անգամ.
Դու հայերեն խոսիր քո մոր խոսքն է արդար:

Բախտ կոչվածը` քմայքոտ կին,
Ժպիտն անգամ կարճ է տևում:
Ծովի նման միշտ ծփացող
Իմ այս սրտով ի՞նչ եմ անում
Փառք ու պատիվ հարստություն ...
-Իմ ուզածը մի մեծ բան չի.
Երազներիդ եզրագիծը
Տեղավորած կոպերիս տակ:
Բախտիս տված պահն եմ օրհնում
Դու սրտիս մեջ ու իմ մտքում
Բախտով տրված իմ արեգակ
Ծով հույզերիս ակունքի ակ:

Թույլերից թույն է թափվում
Ու հողից-երկինք ճամփին արևի
Խեղճության տխուր խաչն է քծնանքի
Խենթ ուժեղներին անվերջ հալածում:

Բարության շեմը թույլերով լեցուն
Ու նրանք թաքուն ափը բարության
Կասկածի թույնոտ քարեր են լցնում:

Թույլերը թշվառ անտեր ու բոկոտն
Ուժեղի շուրջը մամուռ են , մրուր,
Զեղուն են ,վխտում են վեհության ճամփին:

Թույլերը կույր են , բութ են, անողոք
Աստծո անունով ուժեղին ջարդում
Արև չրտեսած արևին տենչում,
Հզոր արևին անգամ անիծում:

Թույլին չեն զոհում` ինչպես նախկինում
Հանուն թույլերի ամենքից թաքուն
Զոհաբերում են ուժեղին հզոր:

Ծով աչքերով աղջիկ, ծովից ելա՞ր արդյոք,
Թե երկնքի՞ց իջար ծով չըտեսած փերի
Շողքն արևի տե՛ս, ո՞նց է դողում շուրթիդ
Սիրած տղադ մի օր Լուսնի լույսով կըգա:
***
Աշխարհի բոլոր ծագերում
Նայիրյան բարձրաբերձ ոգու
Արևն է մորմոքով մարում:

Հայրենի երկրից հեռու,
Իրարից օտարված նորից
Տարագիր կորչում ենք կրկին:

Օ, վաղո՜ւց, վաղո՜ւց է ոռնում,
Կատաղի գորշ գայլը արթուն:
Իջնող գիշերվա պաղ մեգում
Նայիրյան արևն է գայթում:

Մորթված երեխա ու ծեր,
Արցունքի սգավոր շիթեր,
Րոպեն լուծվում է անդարձ
Մարում է հույսը երազի:

Իրական պատկերին օրվա
Նեռը նայում է խնդուն
Դիերի անթաղ աճյունից
Լուսինը կարոտ է մանում:

Ու մահը թվում է փրկություն
Սրտերին անտեր ու անտուն
Երազի խաչքարն է ծածկում:






Մերը թողած շան բերանում
Կեղծապատիր այս աշխարհում
Արդարության դասն անիմաստ
Ուսուցում ենք ու դժգոհում:

Մովսեսները մեր երազի
Երազանքի դաշտն են հերկում,
Տարված խաղով Օտարների
Ուղղամիտ ենք անվերջ խաղում:

Օձ ու զեղուն թույն են թափում
Արջ ու ագռավ միշտ ծիծաղում
Գայլ ու աղվես ամեն անգամ
Ժանիքներն են ցուցադրում:


****
Մեր հոգսերը հազար ու մի
Երեսն ի վար բարձիթողի
Հավք են անթիվ , ու առանց թև:

Մենք էլ դարեր անտուն -անտեր
Ցրիվ եկած աշխարհով մեկ
Օտարին ենք թիկունք ու թև:

Մեր հոգսերը հազար ու մի
Երեսն ի վար ժայռ են ու քար,
Երազներից միշտ անկատար
Արարում ենք վանք ու խաչքար:

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝