Յայտարարութիւն

Tuesday, August 23, 2011

ՄԻՈՒԹԻՒՆ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ – 3 - ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ - 1900 թուական



Սիրելի Ընթերցող,

«Նշանակ» կը սկսի հրապարակել մեր ներկայ պատմութիւնը յուզող զանազան գրութիւններ, որոնք լոյս տեսած են հեռաւոր թէ մօտաւոր անցեալին ու ծառայած իբր փարոս լուսաւորելու համար մեր նախնիներու մտքերը: «Պատմական Խնդիրներ» ընդհանուր խորագրի տակ պարբերաբար լոյս պիտի տեսնեն այս ուսանելի գրութիւնները : Ընթերցողին պիտի թողունք ներկայի իրականութեանց հետ զուգահեռներ քաշելու «տաղտկալի» գործը:

«Նշանակ»

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»





Անկասկած , հենց այդ նախնական աշխարհահայեացքով է բացատրուում եւ այն երեւոյթը, որ Երիտասարդ Թուրքերը, մեծից սկսած մինչեւ փոքրը,հայկական հարցի նկատմամբ միշտ ներշնչուած են միեւնոյն ոգով, այսինքն՝ հայկական հարցի համար, իբրեւ միջազգային խնդրի համար, ոչ մի արդարացուցիչ հանգամանք չտեսնելու հակումներով, հայերի կրած սարսափները նրանց թշուառ գլխին փաթաթելու պատրաստակամութեամբ, հայկական կոտորածները անուղղակի ձեւերով արդարացնելու տրամադրութիւններով եւ վերջապէս մի այնպիսի պահանջկոտութեամբ դէպի մեզ,որ կարծես թուրք ժողովուրդն է վնասուել հայերից եւ վերջիններս են, որ դեռ մի բան պարտական են նրան: Սա արդէն չարիքի գիտակցութիւն չէ, սա « առանց խտրութեան կրօնի եւ ազգի » խնդիրներ դնող եւ այդ խնդիրներով տանջուող գործիչների ընթացք չէ, այլ միմիայն թուլացող տաճկական պետութեան քաղաքական արտաքին դիրքը պահպանելու ճիգեր, որոնք իբրեւ թէ անպատճառ պահանջում են հայկական եւ ուրիշ հարցերի կատարեալ չէզոքացումը Տաճկաստանում: Ահա սրանք, այս մարդիկն են, որ այսօր միութեան ձեռք են մեկնում մեզ: Եւ եթէ մենք միշտ պատրաստ ենք ընդունել այնպիսի ձեռքեր, որոնք ընդունակ կը լինեն հայերին դիմելիս զգալ իրենց պատմական հրէշաւոր յանցանքը, ամաչել եւ սոսկալի այն անօրինակ ոճիրի դիմաց, որ կատարուեց հայերիս վերաբերմամբ իրենց դժոխք երկրում եւ իրենց ժողովուրդի աչքի առաջ, եթէ մենք պատրաստ ենք ձեռք մեկնելու այնպիսի թուրքերին, որոնք կը գիտակցեն ամէն րոպէ հայ ժողովրդի անօրինակ դժբախտութիւնը եւ քաղաքական համարձակութիւն կ'ունենան թէկուզ արար աշխարհի առաջ եւ ամէն հանգամանքներում բարձրաձայն գոչելու ՝ թէ այնպիսի մի սատանայական կառավարութեան դէմ , ինչպիսին տաճկականն է , հայերը իրաւունք ունէին եւ ունեն ինչ միջոցների էլ ասես դիմելու, ապա այդ գիտակցութիւնից եւ քաղաքացիական այդ զգացմունքից զուրկ ձեռք մեկնողների դիմաց մենք կարող ենք միայն բացականչել՝

Ինչպէ՞ս ընդունել այս ձեռքերը, որ ուզում են միայն մեր ձայները խեղդել...



Եւ յետոյ: Երիտասարդ Թուրքերը կարո՞ղ են ցոյց տալ մի խումբ, որ ընդունակ լինէր մեզ հաւատ ներշնչել դէպի իր բարոյականը նոյնիսկ այն փոքրիկ գործերում, ուր մենք միշտ կարող էինք համերաշխաբար ընթանալ: Քանի քանի շանթաժիստներ տեսանք մենք ներկայումս գոյութիւն ունեցող բոլոր կուսակցութիւնների , բոլոր խմբերի մէջ:Անուններ չտանք: Դրանք շատ լաւ յայտնի են մանաւանդ իրենց՝ թուրքերին: Միակ հայը, Անմեղեան անունով, որ ոտով գլխով յարել էր « Մեշւերէթ»ի խմբակին, նա էլ իր կարճատեւ թղթեայ գործունէութիւնը «Մեշւերէթ»ի մթնոլորտում վերջացրեց կաշառուելով սուլթանից եւ վերադարձաւ Պոլիս պաշտօնի: Ծանր է խոստովանել, որ «երիտասարդ թրքութիւն» այժմ ապրուստ ճարելու , անձնական ասպարէզ ստեղծելու մի հոմանիշ է դարձել Եւրոպայում:Չկան համոզուած մարդիկ , չկան անձնուրաց գործիչներ, չկան բարոյական մաքուր բնազդների տիպարներ, որոնց հետ միայն կարելի է կապուել յեղափոխական կռուի տատասկոտ ճանապարհին...



Ո՞ւմ հետ միանանք:



Շար. 3















«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝