Յայտարարութիւն

Friday, August 26, 2011

ՄԻՈՒԹԻՒՆ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ -5– ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ - 1900 թուական

Սիրելի Ընթերցող,

«Նշանակ» յաջորդաբար հինգ անգամով հրապարակեց Քրիստափոր Միքայէլեանի «Միութիւն Թուրքերի Հետ» յօդուածը գրուած 1900 թուականին: Այդ 111 ամեայ յօդուածը առնչուած է մեր ներկայ պատմութեան հետ:Յուսով ենք որ ընթերցողը կարողացաւ զուգահեռներ գտնելմեր ներկան յուզող հարցերու հետ:

Շնորհակալութիւն

«Նշանակ»



»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«



Գալով միջոցների խնդրին, այստեղ եւս դրութիւնը անորոշ է: «Օսմանլին» միակ խումբն է որ յայտարարել է իրեն յեղափոխական, իսկ «Երիտասարդ Թուրքեր» են իրենց անուանում բոլոր բողոքողները, բոլոր դժգոհները: «Մեշվէրեթը»իրեն «կարգի եւ յառաջդիմութեան» կողմնակից համարելով՝ հանում է իր ծրագրից յեղափոխական միջոցները:Տամատ-Մահմուտ փաշան պարզ չի խօսում այն ձեւերի մասին, որոնցով կարելի է «ջնջել հայրենիքը կեղեքող բռնակալութիւնը» եւ՝ եթէ ներելի լինէր ենթադրութիւնների մէջ մտնել, միայն կարող էինք ասել, որ յամենայն դէպս նա «յառաջտիմութեան» կուսակցութիւնից շատ աւելի է յառաջադէմ:



Ո՞ր միջոցների վրայ պէտք է կայանայ միութիւնը:



Հայրենակիցներ, մենք խօսեցինք ամենայն անկեղծութեամբ, այնպէս, ինչպէս խօսում եմք ինքներս մեզ հետ եւ ինչպէս վայել է լուրջ հարցերի դիմաց:Եթէ տեղ տեղ մենք ստիպուած եղանք խիստ լեզու բանեցնել,դա բացատրւում է ոչ թէ մեր կոշտութեամբ, այլ միակ ցանկութեամբ՝ չթողնել ոչ ներկայի, ոչ ապագայի համար մութ, անորոշ կէտեր: Իսկ մի անգամ էլ ձեր առաջ մեր տրամաիդրութիւնները շեշտելու համար՝ աւելացնում ենք եւ հետեւեալը.

Թուրքեր, մենք չենք ձգտում ոչ հայ թագաւորութեան վերականգման, ոչ թէկուզ 100 մարդուց միայն բաղկացած ոեւէ ազգութեան սպառնացող գերիշխանութեան, ոչ էլ անպատճառ ձեր պետութիւնից անջատուելուն:Մեր դրութիւնը պարզ է. ինչպէս ձեզ վիճակուած է գործել ձեր ժողովրդի մէջ, նոյնպէս էլ մեզ համար աւելի յարմար է մեր ժողովրդի պէտքերին հետեւել:Եթէ մենք այսօր գոչում ենք բարձրաձայն՝ «Կեցցէ հայկական շարժումը», «կեցցէ հայ յեղափոխութիւնը», դա չի նշանակում , որ մենք միշտ պատրաստ չենք նոյն ոգեւորութեամբ նաեւ կոչելու՝ «կեցցէ ընդհանուր օթօմանեան յեղափոխութիւնը», «կեցցէ ընդհանուր օթօմանեան անկախութիւնը: « Աշխատաւոր տասակարգերը իրենց բնական եւ բազմակողմանի զարգացման համար կարիք ունեն իրենց ազգերի անկախութեան ոչ պակաս, քան ընդհանուր ձայնտւութեան, կապակցութիւնների եւ մամուլի ազատութեան». միջազգայնութիւնը չի հերքում ազգայնութիւնը, այլ նշանակում է միայն ազգերի ազատութիւն եւ հաւասարութիւն» ասում է յայտնի Կաուցկին:« Միջազգայնութիւնը նոյնքան հակառակ չէ ազգայնութեան, որքան ընկերվարութիւնը՝ անհատականութեան, այսինքն անհատի զարգացման». « առանձին ազգերի անհատականութիւնը մարդկութեան համար նոյնն է, ինչ որ հասարակութեան համար անձնաւորութիւնների անհատականութիւնը» պնտում է Լիփիկնեխտ, եւ մենք, ինչպէս տեսնում էք, չենք հակասում եւ պիտի չհակասենք միջազգայնութեան գաղափարին:



Այո, լինելով հայեր, գործելով հայերի մէջ, մենք մնում ենք մարտիկ եւ չենք կարող ուրիշներին պակասը ցանկալ, քան ուզում ենք մեզ համար:Ուրիշի հաշուով ապրողների կամ նրանց իրաւունքների սահմանափակման վրայ իրենց իրաւունքները հիմնողների վատութիւնը եթէ մենք չիմանայինք, սուլթանների տիրապետութիւնը միայն բաւական կը լինէր դրանում մեզ համոզելու համար:Տուէք մեզ որեւէ հաւաստիք, որ միանալով ձեր հետ՝ դրանով մենք չենք ապահովի միայն ձեր հանգստութիւնը՝ թէ հայկական հարցը յաջողաբար խեղդեցիք եւ որ այդ հարցից այլեւս վտանգ չկայ գերիշխանութեան եւ վաղեմի նրան աշխարհակալ փառքին , այլ դրանով ձեռք կը բերենք թուրք մտաւորականութեան մի արժանահաւատ ուժը, որ կարող է բարեփոխել մեր ժողովրդի դրութիւնը- եւ մենք յեղափոխականին վայել աւիւնով կը վազենք ձեր շարքերը ամրապնտելու:



Բայց ե՞րբ կը լինի այդ:



Շար. 5 , եւ վերջ



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝