Յայտարարութիւն

Wednesday, October 26, 2011

ԸՆԹԵՐՑՈՂԻՆ - ՎՐԷԺ ԹՈՒՐԵԱՆ

Վրէժ Թուրեան-Գլընճեանի ընթերցողին նուիրուած այս վեց տուննոց բանաստեղծութիւնը առաջին բանաստեղծութիւնն է «Սրտի Բեկորներ» - 1995 - հեղինակի առաջին բանաստեղծական հատորին: Համեստ , Low Profile , արդարութեան համար փոթորկող Վրէժն է որ կը տեսնենք այս էջին ընդմէջէն: Այսօր հեղինակը անկողնոյ կը ծառայէ երկու տարիէ ի վեր ոտքի ցաւերուն պատճառաւեւ դժբաղդաբար դժուարութիւն ունի ստեղծագործելու: «Սրտի Բեկորներ» էն զատ Վրէժ Թուրեան լոյս ընծայած է բանաստեղծական երկու հատորներու՝ «Հայրենի Ղօղանջներ» - 1997 - եւ «Սէր , Ափսոսանք ու Կարօտ »- 2003 - : Իր արձակը նոյնքան գեղեցիկ է որքան իր չափածոն: Յուսով ենք որ օր մը կը հրատարակուին նաեւ իր արձակ անտիպները:

«Նշանակ»
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Քեզ թող գտնէ , ընթերցող , այս գրքոյկս ազազուն՝
Ջերմ սիրով եւ մաղթանքով.
Եթէ կրցար դուն ըմպել անկէ շիթ մը հայ աւիւն՝
Զիս կ'ողողես նոր խանդով:

Բանաստեղծ չեմ ես անշուշտ, բայց մեր կեանքն է ներշնչող,
Իսկ ես՝ սիրահար գրի.
Կը գրեմ ես, մտահոգ՝գրածներուս սպասող
Ճակատագրովը որբի...

Երնէկ եթէ կրցած եմ երգերովս այս տկար
Արձագանգել հայ վշտին
Եւ տողերովս անզօր, անարուեստ եւ անքանքար՝
Հպիլ ազգիս ոգիին:

Որքան պիտի ուզէի ներկայանալ ես ձեզի
Լոկ անմռունչ էջերով,
Բայց, ոհ, հնա՞ր է միթէ մեր այս կեանքով նժդեհի
Չփոթորկիլ դժոխքով ... :

Չեմ սպասեր ես հարկաւ գովեստի ոչ մէկ մրմունջ,
Զի արժանի չեմ բնաւ.
Երնէկ վառած մոմի պէս ծխամ, հատնիմ անտրտունջ
Ազգիս սիրովը անբաւ...:

Կը մտածեմ շարունակ.- ինչ որ առած եմ ազգիս
Ճոխ գանձերէն անսպառ՝
Որքան թանկ է ու անհուն՝ բաղդատմամբ իմ տուածիս
Հիւլէներուն աննշմար...:



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝