Յայտարարութիւն

Saturday, January 14, 2012

Թերթօն 1 - Մեր հոգսերի ձմեռը ... 1993թիվը ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Վահան Գէորգեան 90 էջերու մէջ կը ներկայացնէ ժամանակագրական տեղեկատուութիւն-վերլուծութիւն մը 1993ի ձմրան, անոր հետեւանքներուն, Հայաստանի հայաթափման եւ քաղաքական ղեկավարութեան ոչ հայավարի վերաբերումին մասին հանդէպ Հայաստանի ժողովուրդին, մտաւորականութեան , տնտեսութեան եւ ազգային ժառանգներուն: Եւ ասոնք բոլորը՝ գրագէտի իր տաղանտաւոր գրիչով:՝ «Մեր Հոգսերի Ձմեռը...» պիտի հրապարակենք որպէս թերթօն, ամէնօրեայ յաճախականութեամբ:Նշանակ շաբաթ մը առաջ ստացաւ Գէորգեանի այս իրապաշտ/գեղապաշտ գրութիւնը , որուն համար շնորհակալ ենք եւ երախտագէտ:
«Նշանակ»
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«


Առավոտ լուսո,
Արեգակն արդար ...
Ն. Շնորհալի















1 9 9 3 թիվ

Ձույնը առատորեն իջնում էր: Թվում էր փաթիլները շտապում էին պահ առաջ անկումից փրկվել` փարվելով երկրին: Երկրի տարածքները ծածկվում էին Ձյան փափուկ շերտով:
Լույսը բացվում էր: Խորհրդավոր ճնշող լռության ներքո անգամ փողոցում մնացած նախկին ազնվացեղ շներից շատերը, զարմանքից ու անսովորությունից, համատարած պայծառ լույսից` թաքնվել էին կիսամութ նրբանցքներում, առանց դռների մնացած աղբատար ամբարանման կույր խոռոչներում:
Նրանք աղբակույտերի բլուրներին նստած թախծոտ ու դեղնախառը բիբերով նայում էին օդում ճոճվող փաթիլներին:
Անսովոր , սառը լռություն էր: Չկար նախկին խինդն ու աղմուկը, երբ ձյան փաթիլներին դիմավորում էին փողոց թափված չարաճճի երեխաները:
Նրանք ձնագնդիներով ուղեկցում էին բոլոր անցորդ
ներին, ու ոչ մեկի մտքով չէր անցնում սաստելու ձնագնդով զինված փոքրին, երբ նա դարանակալ իր անկյունից փորձում էր փայլել դիպուկ նշանառությամբ:
Անցորդներն էլ առաջվա պես շատ չէին: Ձունը դարձել էր ավելորդ, չսպասված, հին պարտատեր , որի ներկայությունը ավելի էր շեշտում աղքատությունն ու անզորությունը:
Քաղաքի չկարգավորված, անկառավարելի ապրելակերպը ավելի էր թանձրացնում հոգսաշատ լռությունը:
Հազար ու մի անակնկալ պատահարներին գումարւմ էր ձյունը, որը յուաքանչյուրից խլելու էր ավելորդ ջանք ու եռանդ:
Լույսին ու խավարին, եղած` հոգս ու ցավին, ավելացել էր նոր եկած ձյունը, խառնելով բոլոր հին ու հայտնի հաշվարկները:
Բազմատեսք հոգսերի բեռան տակ կծկված, գործատեղերից զրկված, պարապի մատնված հանրությունը հասկանում էր , որ ձյուն հողի փոխարեն տեղում է իր շվար գլխին, դյուրաբեկ ուսերին:
Ոչ սիրտ կար , ոչ էլ եռանդ:
Հույսի ակունքն էր գոց, չկար ելք ու միջոց համատարած ճերմակ լռությունը կենսախինդ դարձնելու: Բազմատեսք հոգսերի փաթեթը բարուրած, անհամար մտքերի ծովում չխեղդվելու միամիտ մարմանջով ծանրաբեռ, գոր ծատեղերից զրկված հանրությունը զգում էր անտանելի, անողոք, ու շեշտված անտարբերությունը: Ձմռան պես պաղ մթնոլորտը պարտադրված էր երկրի իշխանությունների կողմից: Մարդն ապրում էր հարազատ երկրում ամեն պահ հեռանալու պատրաստ, ավելորդ, մոռացության մատնված աղքատ, արհամարված հյուրի պես:
Վատնելով սպառվող եռանդի մնացած փշրանքները, այլևս ուժ չուներ` դիմագրավելու ճերմակ ու սառը անտարբերությանը, տեր դառնալու բռնաբարված ու բարոյալքված սին կարգախոսին` «մարդը` մարդու բարեկամն է»:
Անգամ ավելի նոր ու հնչեղ դարձած, վերջին` քիչ թե շատ սփոփող խոսքը նմանվում էր թևազուրկ հավքի, այն ամիսներ առաջ փորձում էր շտկել, փրկել, շատ-շատերին հուսահատության ճիրաններից:
-Երկրում օտարներ էլ չկան` բոլորս էլ հայեր ենք: Թևավոր , բայց ավա~ղ չթևավորող խոսքին.
-Հայ եմ ես, Հա~յ ես դու» երգն էլ էր դանդաղ, ջերմության պակասից՝ ճերմակապատվում, հին երանգներ ին փոխարինում էր արդեն վտանգավոր ու ահագնացող սարկազմիկ կասկածը`
...Հա՞յ ես դո'ւ ...
Երբ օրեր շարունակ վառվող մոմի հետ հալվում, սպառվում էր ո'չ միայն ծովածով համբերությունը, անգամ`նորին պայծառաճանաչություն հավատը:
Ժողովուրդն օր-օրին հիասթափվում էր, հասկանալով իրականության, իշխանության, և' մնացածների միջև տեղավորվող անջրպետը գնալով պիտի դառնա մի նոր անսահմանություն, որտեղ հնարավոր կլինի տեղադրել արդեն՝ նորաթուխ, անողոք քրմերին ու երկրպագել նրանց, մերժելով` բոլոր հին ու օտար աստվածներին:

Շար . 1

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝