Յայտարարութիւն

Monday, January 23, 2012

Թերթօն 11 - Մեր Հոգսերի Ձմեռը ... 1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Գթությունների նորատիպ տեսակի առաջացման համար աշխարհը հետագայում կհիշի մեր նոր իշխանությունների բացառիկ նվաճումները: Ինչպիսի արագությամբ, խիստ սեղմ ժամկետում նրանք խժռեցին ժողովրդի ունեցվածքը, սուտ արժեթղթերով ու աճուրդներով տարան հարստությունը, առնետավարի կուտակեցին եղածը, օր -օրի, աղքատացող ժողովուրդը հասկացավ ,որ բարեգործներին էլ նրանք կկողոպտեն, եթե ահագնացող ամենակուլ ախորժակը սպառի երկրի պաշարները: Ծնվել ու կատարելության ճափան էր բռնել նոր ձեւակերպումը. «Բե'ր , տո'ւր , թող գնա'» բե~ր տո~ուր , թող գնա... ԳՆԱ'... Թող գնա...ժամանակների գլխապտույտ վազքը արագ ու անդարձ շրջում էր հասար ակական շերտերի հարաբերությունը, ժողովուրդը սկսում էր ապրել նոր իրեն անընդհատ պարզած, պարտադրածի ըմբռնումով:
Նա վաղուց էր գնալու մտքին համակերպվում, որովհետև էլ բան չուներ տալու, այլեւս` մնում էր անտարբեր ,քաղաքական կոչված գզվռտոցներից զզված` գիտեր , իրեն ի~նքը պիտի փրկի, ու փրկվելու ուղին յուրաքանչյուրը լուծել էր յուրովի, երկրում ապրող ցանկացած անհատ կայացած պետություն էր: Այդ պետանհատների խճանկարից ո'չ մի երկիր չէր ստեղծվում: Դարձելի կապը կտրել էին վաղուց:
Գործիչներից շատերը թռել էին գնացքներից: Շատերն էլ երկաթուղու ռելսերին պառկած վերափոխվել էին ու դարձել օգտագործվող «գործիքներ», «հացադուլների» մշակված ծրագրերով հենց իրենք էլ հասցրեցին իրացնել երկիր բերված բոլոր մոմերն ու չոր սպիրտների խմբաքանակները:
Հզորների թողած բարեգործական փշրանքները իրացնելով, թղթի վրա թողնում էին ժողովրդի անունը, որ պես պարտապան: Իրենք ուտում էին ու ծախսում, հետո մտնում էին խորհրդարան վավերացնելու ժողովրդի վզին դրած պարտքը, լավ իմանալով, որ իրենք ժամանակավոր են: Հավերժողը` ժողովուրդ է: Դրամախաղի մրցավազքը թքած ուներ` քո' , ու ք'ո երազանքի կատարելության վրա, թեկուզ ցավից բղավես, ոչինչ չէր փոխվի, նրանք գտել են տարածքը սեփականաշնորհելու կերպը, տարածքին կտան իր ենց մտածած խաղահրապարակի տեսքը: Կուտակած, ժողովրդից փախցրած հարստությանը տեր դարձած, կսկսես խաղարկել բոլոր արժեքները: Գնորդ միշտ էլ կճարվի, թող լինի վաճառելու հաստա-տակամությունը, ունեցած օրինական ու անօրինական կապերը օգտագործելով երեկվա քո սերնդակիցներից կգտնեն փառասեր , իշխանատենչին ու դրամասերին: Նրանք կանեն ամեն ինչ փախցրածը ամրագրելու համար:
Կդիմեն արժույթաբանկերի, հազար ու մի բարեգործականների հետ համագործակցելով կծուլացնեն ժողովրդին: Նրան կդարձնեն նորօրյա մուրացիկ, հետագայում մեղադրելով, արժեզրկելով հայի նկարագիրն ու արարելու ինքնատիպ կարողությունը:
Նրանք հանուն իրենց շահի կփորձեն թաքնվել. թալանված, հյուծված հայրենիքի թիկունքում:
Բարեբախտաբար նրանց քանակը ողջ ազգաբնակչության չնչին մասն է, չարաբաստիկ «երեք տոկոսը»:
«Երեսուն արծաթադրամին» տիրացած ժողովրդին դավաճանած, հարթակի տղերքը հավատացած էին իրենց «ճշմարտությանը», հենց տուրք տալով էլ արտաքին կառույցներին, խժռեցին բարեկեցիկ ժողովրդի ունեցվածքը:
Սուտ աճուրդներով տարան հարստությունը, օր-օրի գիրացան ու ճարպակալեցին, առնետավարի խժռեցին ազգային արժանապատվությունը: Իշխանության վերին հարթակից հրամցրած կեղծ գաղափարներն ու ազգային արժեքների ոտնահարումը, ժողովրդին տարբերակող՝ կոկոսային ու նարնջային թերմացքներով պիտակավորելը դարձրած կարգախոս, նորերը շեշտեցին, խորացրեցին ու խորթացրեցին Թորգոմատան ժառանգներին, շփոթված ու հիասթափված ժողովուրդը, ավելի էր խեղճանում նրանց պարրարտ ու ինքնագոհ տեսքից: Ինքը քաղցից, ցրտից ուշաթափ, խավար ու ցուրտ բնակարանում ծխախեղդ, ու մոմին կառչած` ականջին թունավոր յագոյական ռադիոձայները, ուռճացող իրական կասկածը սրտում, դեռ փորձում էր հավատալ նրանց սուտ ու կեղծ պնդումներին:
Չեղած շրջափակումների ու գազատարների բազմաթիվ խափանումներին: Զարմանալին այն էր , որ արծաթաջրով օծվածներից շատերի համար չկար շրջափակում: Նրանք անարգել գնում էին թշնամու տարածքները ու բեռնավորված վերադառնում, դառնալով օրվա հերոսներ ու խիզախ առեւտրականներ: Նրանց պարտադրած գները գերօրինաչափ էին, դիմացկուն ու պատճառաբանված:
Պետությունը «խեղճ ու կրակված» նայում էր իր հզորացող վաճառական տղերքին, նրանք էլ ազգային նկարագրի նոր տեսակի քարոզներով մաքրում էին բոլոր հրապարակներից մտավորն ու մտավորականին հիշեցնող արժեքները: Նորը ավելի անողոք էր , անկիրք, նա արդեն թաղի ,քաղաքի «լավ տղայից» հասակ էր առնում դառնալով օրվա «նոր աղան» ու միջավայրին թելադրողը:

Շար . 11

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝