Յայտարարութիւն

Saturday, January 21, 2012

ԱՌԱԿՆԵՐ - Սողոմոն Իմաստուն - 15

Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»

15 Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրոյթը, բայց խիստ խօսքը բարկութիւն է յարուցում։ 2Իմաստունների լեզուն գիտէ բարիքը, իսկ անզգամների բերանը խօսում է չարիքների մասին։ 3Տիրոջ աչքը ամէն տեղ դիտում է չարերին եւ բարիներին։ 4Բուժող լեզուն կեանքի ծառ է, եւ ով պահում է այն՝ նրա հոգին պիտի լցուի։ 5Անզգամն անարգում է հօր խրատը, բայց յանդիմանութեանը հնազանդ որդին ողջախոհ է։ Արդարութեան աւելացումով՝ աւելանում է զօրութիւնը, բայց ամբարիշտները արմատախիլ պիտի լինեն երկրից։ 6Արդարների տները պիտի մնան մեծ զօրութեամբ, բայց ամբարիշտների պտուղները պիտի ոչնչանան։ 7Իմաստունների շուրթերը իմաստութիւն են հաստատում, անմիտների սրտերը անսխալ լինել չեն կարող։ 8Ամբարիշտների զոհագործութիւնները պիղծ են Տիրոջ առջեւ, բայց ուղղամիտների ուխտը հաճելի է նրան։ 9Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջեւ, բայց ով հետեւում է արդարութեանը, Տէրը սիրում է նրան։ 10Անմեղի խրատն ընդունելի է մերձաւորների համար, բայց ով ատում է յանդիմանութիւնը, պիտի վախճանուի անարգանքով։ 11Դժոխքն ու կորուստը յայտնի են Տիրոջ առջեւ, էլ ուր մնաց՝ մարդկանց սրտերը։ 12Մեծամիտը չի սիրում իրեն յանդիմանողին եւ չի հաղորդւում իմաստունների հետ։ 13Սրտի բերկրանքից ծաղկում է դէմքը, իսկ տրտում հոգին շրջում է թախծոտ։ 14Ուղիղ սիրտը իմաստութիւն է որոնում, բայց անզուսպ բերանը ծանօթ է չարիքներին։ 15Չարի աչքն ամէն ժամանակ սպասում է չարիքի, բայց բարի աչքը պիտի խաղաղուի ամէն ժամ։ 16Լաւ է քիչ բաժինը՝ Տիրոջ երկիւղով, քան թէ շատ գանձը՝ առանց երկիւղածութեան։ 17Լաւ է բանջարեղէնի ճաշ ուտել՝ սիրով ու շնորհքով, քան թէ մսուրի արջառի միս՝ թշնամութեամբ։ 18Զայրացկոտ մարդը կռիւ է յարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն։ Համբերատար մարդը մեղմում է դատաստանը, բայց ամբարիշտն աւելի է գրգռում այն։ 19Ծոյլի ճանապարհը ծածկուած է փշերով, բայց հարթ ու բաց է ջանասէրի ճամբան։ 20Իմաստուն որդին ուրախացնում է հօրը, իսկ անմիտ որդին արհամարհում է մօրը։ 21Անմիտ մարդու սիրտը կարօտ է խելացի խորհրդի, բայց խելացի մարդն ինքն է ուղղում իր ընթացքը։ 22Իրենց խորհուրդը յապաղում են յայտնել նրանք, որ չեն յարգում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդները հաստատ են մնում խոհեմների սրտում, 23բայց անզգամը չի հետեւում նրանց եւ չի ասում պատշաճ բան, որ բարի լինի ընդհանուրի համար։ 24Իմաստունի խորհուրդը կեանքի ճանապարհ է, եւ մարդ դրանով դժոխքից խորշելով՝ կը փրկուի։ 25Տէրը կործանում է ոխակալների տները, բայց որբերի եւ այրիների սահմանը հաստատ է պահում։ 26Անիրաւ խորհուրդը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց սրբերի խօսքերը պարկեշտ են։ 27Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի։ Ողորմութեամբ ու հաւատով մաքրւում է մեղքը, եւ Տիրոջ երկիւղով ամէն ոք խորշում է չարից։ 28Արդարների սրտերը խորհում են հաւատի մասին, բայց ամբարշտի բերանը իբրեւ պատասխան ունի չարիքը։ Տիրոջը հաճելի են արդար մարդկանց ճանապարհները. նրանց շնորհիւ թշնամիները դառնում են բարեկամներ։ 29Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը։ Լաւ է քիչ վերցնել՝ արդարութեամբ, քան թէ շատ արդիւնք ստանալ՝ առանց երկիւղածութեան։ 30Մարդուս սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստուած ուղղի նրա ընթացքը։ 31Բարին տեսնող աչքը ուրախացնում է սիրտը, իսկ բարի լուրը պարարում է ոսկորները։ 32Խրատ մերժողն ատում է իր հոգին, բայց յանդիմանութիւն լսողը խոհեմութիւն պիտի ստանայ։ 33Տիրոջ երկիւղը խրատ է եւ իմաստութիւն, եւ փառքը ծագում է դրանից։


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝