Յայտարարութիւն

Sunday, January 29, 2012

Թերթօն 17 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Բոշան ժլատ էր, ո'ւ միամիտ, իսկ բոշայի գործընթացը կիրարկող երկրի ղեկավարները պարզապես ժլատ ու մարդատյաց էին, առանց վարանումի կարելի էր ընդհանրացնել` ոչ մի տեսակի ժողովրդի չէին հանդուրժում:
Սերտած ու լավ յուրացրած օտարի դասը, դրամին ու շահին երկրպագելով, նրանք հանուն սին ու վաղանցուկ փառքի կվաճառեին ամեն ինչ, անգամ` հայր ու մայր , հայրենիքն ու աշխարհը, եթե կարողանային:
Սոցալիզմի թունավոր ծաղիկներից թոշնած, չկայացած, կոմկուսի քարտուղարներ չդարձած, կոմսոմոլի նրբանցքներում բարոյազուրկ հին արժեքները յուրացրած, պահին, ու ժամանակին արագ հարմարվող անհատներ էին, որոնց բախտը կանխորոշել էր քանդողի ու ավերողի դերը: Նրանք չէին սիրում հին կառույցների տերերին, չէին սիրում թաքուն, սրտի' խորքում, գիտեին , լավ յուրացրել էին ժամանակի հրամայականը: Եթե պետք էր թունդ կոմունիստ էին , եթե պետք էր ազատ ու լայնախոհ մտավորական: Ամենինչ գիտեին օրվա, պահի, լրագրային մակարդակով, եթե' առեուտուր` բոշայի չափ, մարդկային հավերժ մնայուն արժեքները բոշայի պես, ոչինչ չէին սովորել , բոլոր դասերն ու բուհերը ավարտել էին հասարակական ակտիվ խավի սուտ պատրանքներով, կյանքից, շրջապատից վերցնելու կենսունակությամբ նրանք գերազանցում էին բոլոր նախորդ կենտկոմականներին ու համազգեստավորներին, քանզի նախորդների սխալներից լավ սովորել էին, եթե` իշխանություն ունեցողը ավելի անփույթ էր իր վարքով, սրանք իշխանություն չունեին ավելի հաճոյակատար ու համբերատար էին, շարժման ժամանակ օգտագործելով իրենց սովորած խարդավանքների դասերը, իրազեկ լինելով ներկուլիսային բոլոր ինտրիգներին առավելս օգտագործելով սովորածը՝ դարձան հարթակի ու երկրի տերեր:
Թշնամին ուրախանում էր տեսնելով նրանց կարճ մտահորիզոնը, դրամասիրությունը, հռչակավոր ու խելացի երեւալու մարմանջը:
Օտարները լավագույնս կարողացան օգտվել անհեռատես, կարճամիտ, «ծնողներին» հայոյելու մոլուցքով լցված իշխանատենչ՝ սոցալական թույնով, անբարո վարքով աղտոտված նորաթուխ ապազգային գործիչ չդարձած, գործիքի դերը ստանձնած` Արժույթաբանկերին քծնող ու հաճոյակատար ստրկամիտ նեոկոմունիստների խմբակին, որոնք վախից խմբված էին շրջում:
Իշխանության տեր դառնալով բազմացնում էին թիկնապահների քանակը, թիկնապահների ստվար խմբերը ավելի ազատ էին շրջում լլկված ժողովրդի մեջ, քան նորաթուխ քրմերը:
Նորերը մի կերպ կապկպել էին արեւմտյան հոռի գաղափարախոսության դասերը: Սուտ ու մուտ «նեոռեալիզմների», հազար ու մի' զահրումար «քամյուների»,«կաֆկաների» կապկպած, առանց զգալու,
որ կյանք ու ապրած միջավայրը` ծաղրելով ու ծոծորակին խզակոթով զարկելով նետել է հին արևելքին ծանոթ «յասավուլ» մարգարների ու միկիտան սաքոների գիրկը:Քամյուները չէին կարող դիմակայել: Հայաստան աշխարհը երկիրն էր «միկիտան սաքոների» ու գրիգոր աղաների:
Արհեստականորեն ներմուծված ժողովրդավարության օդաբարձերը պիտի պայթեին ու տրաքոցներից շշմած ղեկավարները մի դժբախտ օր պիտի հասկանային, որ իրենք գերված են նույն միկիտաններից ու յասավուլներից, նրանցից՝ իրենց անիծված պապերը ազատագրվել էին էլի դրսից բերված օտար հեղափոխող քամիների շնորհիվ:
Հեղափոխություններից հետո միշտ էլ մնում էր ավերակն ու ավերակի վերաշինման ծանր աշխատանքը: Նորերը աշխատելու կուլտուրան չգիտեին: Նրանք փառատենչ, ո'ւ ագահ՝ մտածում էին ժողովուրդը կդիմանա: Բոշայական համոզվածությունը` էշ չի~ սատկի: Ժողովուրդը չսատկելու համար անում էր ամեն ինչ, բնությունը միշտ էլ օգնում է իր ստեղծածներին, որ ստեղծվածը իրականացնի իրեն վեր ապահովածը, եթե քաղցից համատարած մեռնողներ չկային, դա չէր նշանակում, որ մահացողները կուշտ էին: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ հացը դառնալու է շատերի համար անմատչելի ու փնտրված, չէ որ հիշում էին, ոչ վաղ անցյալում քաղաքի արվարձաններում բնակիչներից շատերը խոզ ու թռչուն էին պարարտացնում հաց կերակրելով: Այսօր ի~րենք արդեն ուտելու հաց չունեն:
Լսում էին ու չէին հավատում, բայց կյանքը շարունակվում էր , ե'ւ ավանակի կարգավիճակին չհամակերպվելու մարդկային ոգին գնում էր գտնելու իր փրկիչին: Փրկիչն ինքն էր եկել, նույն ՄԱՀԻ հրամանով , թիկնոցն՝ ուսերին, բարեգործի մաղախը շալակին՝ մտել էր երկիր , զբաղվում էր հոգե որսությամբ: Ինչքան հուսահատ ու բեկուն հոգիներ կային: Նրանցից շատերին գտան աղանդավոր քարոզիչները, «հիսունի» ու «հարյուրի» եհովականները, նրանք հասնում էին ամենուր, կազմում էին «հոտեր» ու նշանակում առաջնորդներ եղբայր ու քույրիկ պատվելիները` հանուն իրենց աստծո, մեղանչածներին նախ փրկում էին առօրյա հոգսերի բեռից` «հոգին փրկող քարոզներով», հետո տալիս էին բրինձ, կամ` ձեթ, ձավար:
Հազարավորները փրկվեցին քաղցից, կորցնելով՝ հավատը, ազգային նկարագիրը, որը նոր-նոր էր ճանապարհ ելել: Ամենուր նոսրանում էին մեր շարքերը, ստվարանում էր պառակտվածների ու հոգով հեռացողների բանակը:Հաճախ օրաբաժինը մի փոքր ավելացնելու մտադրությամբ մայրերը աղոթատներ էին տանում դուստրերին, մի քիչ նավթ, մակարոն ունենալը դարձրած գերխնդիր նրանք պատվելի ու քարոզիչ համարվող օտարից գերված հոժարակամ քանդում էին բոլոր հոգեւոր խորանների ուրվագծերը իրենց սրտում ու տեղ բացում նոր ուսմունքներին, համատարած «քույրիկների ու եղբայրիկների» ամբոխը ապրում էր հրեշտակների հովանու ներքո, անտարբեր՝ երկիրն ու հայրենիքը քարուքանդ անող թշնամիներին:

Շար. 17


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝