Յայտարարութիւն

Monday, January 30, 2012

Թերթօն 18 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Աննկատ օր-օրին փոշիանում էր Մեսրոպի ու Սահակի խնամած հայկական ոգու հազարամյա դաշտը, որը մեր հոժար թողտվությամբ սեփականաշնորհել էին մորմոններն ու հավատափոխ աղանդները:
Ջնջում ու փոշիացնում էին ՆժԴԵՀԻ կերտած ամրոցը: Ոչ-ոք հեշտ ու սիրահոժար չէր գերվում, ոչ-ոք:
Չկար հայրենիքի մութն ու լույսը ժողովրդի հետ կիսած երջանկահիշատակ ՏՏ Վազգեն առաջինը, նա տասնամյակներ շարունակ ապրել էր երկրում, գիտեր իր ժողովրդի բոլոր առավելություններն ու թերությունները: Նա էլ ինքնակամ մեկուսացվեց, ու անգամ անիծեց իր բախտը, ոչ մի խելացի հոգեւորական չհասկացավ , որ Վազգենի ու ժողովրդի բախտը միահյուսված էին Աստծո կամքով:
Այն շրջանցող բոլոր նոր եկող հոգեւոր տերերը , բնականաբար, պիտի ապրէին Վազգենյան իմաստության հովանու ներքո: Նորերը գալիս էին արխայիկ չունենալով նախորդի ազնվությունը՝ ճիշտ խոսելու: Նրանք կրում էին արժանի պատիժը: Շատախոսը դառնում էր համր ,հպարտը` քծնող, ագահը` գող, ՆԱՐԵԿՅԱՆ հզոր մատյանը կարգավորում, մաքրում էր հայոց աշխարհի ոգեղեն դաշտի ճանապարհը՝ գալիք նախնիներին արժանավոր հետնորդին օգնելու մտադրությամբ:
Նորերը տեղավորվում էին տանը, տանեցիները՝ շփոթված ու գլխիկոր հեռանում էին , համառները գնում էին ռազմաճակատ կռվելու բացահայտ ու երեւացող թշնամուն դեմ:
Անկանոն ու չկարգաբերվող բոլոր տեղաշարժերը խեղդում էին, օրահացի խնդիրը չէր թողնում ամբոխից վեր բարձրանալ, ո'ւ ամբոխի մեջ, նրան միաձույլված, քեզ թվում էր ամեն ինչ կկորչի:
Իրականում տեղի էր ունենուն հերթական ալեբախությունը: Ծովի պես խռով ժողովուրդը ալեկոծված` ափից-ափ էր շպրտվում:
Նա, ինչպես ծովը, թեկուզ որոշ «ջրապաշար» իրենից կորցնելով, ափերից դուրս շպրտելով այն կտար դրսի ավազներին, ինչպես օտար , իր մեջ սուզված մարմիններին, իսկ ափից դարձող հզոր թափի շնորհիվ պոկված ու խանդակները լցված ջրերին սպասվում էր բարդ ու երկար տառապալից ուղի: Ծով ետ դառնալու համար նրանք պիտի մաքրվեին, վերածված անձրեւի նոր տեսքով հասնեին երազած ծովին:
Ժամանակի խնդիր էր , ժամանակ էր հարկավոր , ժամանակ` կեղտի ու խոլականության այս եռքը հանդարտացնելու , ջրերին ու ջրերի պես դյուրահոս մարդկային մտքերը պարզելու համար:
Դժվար թե օտարը հասկանար երեկվա կուշտ ու ապահով տեղացուն, նրան մուրացիկի ճամփան պարտադրող իշխանություններին:
Հայը միշտ էլ արհամարող է, իշխանությունների բիրտ ուժը թիկունքին` սիբիրներով, անվերջ խաչված, բայց համառորեն ստրկամտությունից խուսափող զանգվածները ալիքվում էին ու ալեբախվում: Ուժի ու դրամի դեմ մարտնչում էին , երբեմն՝ խորթ ու անընդունելի ձեւերով: Հավատալով ,որ հաղթողին չեն դատապարտի, որ պատերազմը մնում է պատերազմ ու իրենք շրջապատված քառակի`օտար արժույթաբանկերից, թշնամի հարեւաններից, սոցիալիզմի փլատակների թիկունքում դիրքավորված,
ավար թալանով հարստացած անհատներից, ե'ւ առավելը՝ օրվա համազգեստավոր օրենքի ու կարգի պահապան համարվող ի~ր ոստիկանը դարձած, ի'ր ի~սկ զավակներից: Ոչինչ չունենալով՝ պայքարել գոյատևելու համար, այդքան ուժե'ղ ուժերի դեմ, պատիվ էր բերում տեղացուն, ո'ւ եթե նա զզված հեռանում էր , ոչ ոք բարոյական իրավունք չուներ նրա կշտամբելու, քանզի հոգնած զինվորին փոխարինում են, ո'չ թե նախորդների նման մեղադրում, չարած հանցանքի՝ դասալքության համար դատապարտում, մանավանդ այդ պայքարից հազարավոր մղոններով քեզնից հեռու ապրող՝ նույն լեզվով արտահայտվող հայրենակիցներդ, ամենինչ պատրաստ են նվիրաբերելու, միայն թե' չգան ու չկանգնեն վեցգլխանի վիշապի դեմ:
Հայրենիքը բոլորին է, եւ սիրտն է հուշում քեզ, քո սիրո չափը, այն բառերով, գեղեցիկ խոսքերով չես կարող վեր ապատմել , եթե սերը կա , կլինի նաեւ լուռ ու չընդհատվող նվիրումը:
Բոլոր բառերն ու բառամթերքից, թեկուզ լավագույն ընտրվածները, ավելորդ, իմաստազուրկ են: Ինչպես մայրը` զավակներին,նույնը` աստվածային միջնորդությամբ` երկրի որդիներին, նրանց՝մայրերին:
Մնացածը`ավելորդ ու հիվանդ շեղումներ են, իսկ «հիվանդի» առողջանալուն երբեմն զորու չեն անգամ հզոր բազմափորձ բժիշկները: Աստծո կամքին ապավինելով, տքնաջան աշխատանքով կարելի է վերագտնել կուրուստնեի փոխհատուցումը:
Մնացածը` ավելորդ է, ժամանակավրեպ: Ոչ ոք, առավել եւս նորաթուխ բանկիրներն ու միլոնատերերը իրավունք չունեն ժողովրդին հիշեցնելու, որ աշխարհի համար բնորոշ անտունն ու թափառաշրջիկը օրինաչափ է նաեւ մեր հայրենիքում ապրող հայրենակիցի համար: Նախ այդ հարուստներից շատերը այս նոր ունեցածը կուտակեցին ընդհամենը մի քանի տարվա ընթացքում, հիմնականում օգտվելով ունեցած իշխանական լծակներից, թալանեցին, անպաշտպան հարազատ ժողովրդից, իրավազրկված իր թաղե-ցիներից ու համաքաղաքացիներից, միկիտան սաքոների խարդախ խաղերով, արհամարելով, շրջանցելով պետական կառույցները, չվճարելով համընդհանուր տուրքերը:

Շար . 18


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝