Յայտարարութիւն

Saturday, January 28, 2012

ԱՌԱԿՆԵՐ - Սողոմոն Իմաստուն - 22

Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»

22 Բարի անունը լաւ է մեծ հարստութիւնից, ընտիր շնորհքը՝ արծաթից ու ոսկուց։ 2Հարուստն ու աղքատը հանդիպում են իրար. երկուսին էլ այցելում է Տէրը։ 3Չարագործին պատժուած տեսնելով՝ խորագէտն աւելի հաստատութեամբ է խրատում իրեն, բայց անմիտները զանց առնելով այն՝ աւելի են վնասւում։ 4Տիրոջ երկիւղն իմաստութեան սկիզբն է. դա է ե՛ւ հարստութիւնը, ե՛ւ փառքը, ե՛ւ կեանքը։ 5Թիւրամիտ մարդկանց ճանապարհներին տատասկ կայ եւ որոգայթ, բայց ով զգուշանում է իր հոգու համար, հեռանում է նրանցից։ 6Երիտասարդը դաստիարակւում է ըստ իր ընտրած ճանապարհի եւ ծերութեան ժամանակ էլ չի հեռանում դրանից։ 7Աղքատները պիտի տիրեն հարուստներին, եւ ծառաները պիտի փոխ տան իրենց տէրերին։ 8Ով անզգամութիւն է ցանում, չարիքներ է հնձելու եւ պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան։ 9Աստուած սիրում է ուրախ եւ առատաձեռն մարդուն. աղքատին ողորմութիւն անողն ինքն էլ պիտի կերակրուի, որովհետեւ տնանկին իր հացից է բաժին հանել։ Կաշառք տուողը յաղթութիւն եւ պատիւ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին։ 10Ժանտ մարդուն դո՛ւրս վռնտիր ատեանից, եւ հակառակութիւնը կը վերանայ նրա հետ, որովհետեւ երբ նա նստած է լինում ատեանում, անարգում է բոլորին։ 11Տէրը սիրում է մաքուր սիրտը, եւ բոլոր անարատ մարդիկ ընդունելի են նրան։ 12Թագաւորը հովւում է շուրթերով, Տիրոջ աչքերը պահպանում են գիտութիւնը, բայց Տէրն արհամարհում է անօրէն խօսքերը։ 13Ծոյլը պատճառ է բռնում եւ ասում. «Ճամբին առիւծ կայ, փողոցների մատոյցներում՝ մարդասպաններ»։ 14Անօրէնի բերանը խոր հոր է, եւ Տիրոջն ատելի անձը նրա մէջ պիտի ընկնի։ Վատ ճանապարհներ կան մարդու առջեւ, եւ նա չի ուզում յետ դառնալ դրանցից, բայց հարկաւոր է յետ դառնալ ծուռ ու վատ ճանապարհից։ 15Անմտութիւնը բորբոքուած է երիտասարդի սրտում. ուրեմն՝ գաւազանը եւ խրատը հեռու են նրանից։ 16Աղքատին զրպարտողը բազմացնում է իր չարիքները. եւ նա, ով զրկում է նրան եւ տալիս է հարստին,կարօտութեան մէջ պիտի մնայ։ 17Ականջդ մօ՛տ պահիր իմաստունների խօսքերին. լսի՛ր իմ խօսքերը, հաստատի՛ր սրտիդ մէջ եւ կ՚իմանաս, որ դրանք բարի են։ 18Եւ եթէ դրանք պահես սրտիդ մէջ, կ՚ուրախացնեն քեզ եւ միշտ կը մնան շուրթերիդ վրայ։ 19Որպէսզի քո յոյսը Տիրոջ վրայ լինի, ես քեզ ցոյց կը տամ նրա ճանապարհները։ 20Եւ դու այդ խօսքերը երի՛ցս գրիր հոգուդ մէջ, քո մտքի, գիտութեան եւ բանականութեան մէջ։ 21Ահաւասիկ ես քեզ սովորեցնում եմ ճշմարիտ խօսքեր եւ գիտութիւն, որպէսզի քեզ հարցնողներին յօժարութեամբ ճշմարտութեան խօսքերով պատասխաններ տաս։ 22Մի՛ բռնացիր աղքատի վրայ, որովհետեւ նա խեղճ է, եւ մի՛ անարգիր տնանկին դատարանի մէջ, 23որովհետեւ Տէրն է նրա դատն ու դատաստանն անելու, եւ Տէրն է, որ անկորուստ պիտի փրկի քո հոգին։ 24Ընկեր մի՛ լինիր բարկացկոտ մարդուն եւ մի՛ առնչուիր դիւրաբորբոք բարեկամի հետ, 25որ չլինի թէ սովորես նրա ճանապարհները եւ ծուղակն ընկնելով՝ խեղդամահ լինես։ 26Որեւէ մէկից ակնածելով՝ պարտքի համար անձդ երաշխաւոր մի՛ դարձրու, 27որովհետեւ եթէ չունես, որտեղի՞ց պիտի վճարես, եւ ինչո՞ւ առնեն տանեն քո անկողինը, որի վրայ հանգստանում են կողերդ։ 28Մի՛ փոփոխիր քո հայրերի դրած յաւիտենական սահմանները։ 29Իր գործի մէջ փութկոտ եւ խելամիտ մարդուն պէտք է կանգնեցնել թագաւորների եւ ոչ թէ ծոյլ ու անպէտք մարդկանց առջեւ։


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝