Յայտարարութիւն

Sunday, January 29, 2012

ԱՌԱԿՆԵՐ - Սողոմոն Իմաստուն - 23

Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»

23 Երբ հզօրների հետ սեղան նստես՝ ընթրիքի, ուտելուց առաջ լա՛ւ իմացիր, թէ ինչ են դրել քո առաջ, եւ նոր միայն ձեռքդ մեկնի՛ր։ 2Իմացի՛ր նաեւ, որ դու եւս պարտաւոր ես նոյնը պատրաստել։ 3Եւ եթէ ագահ էլ լինես, մի՛ ցանկացիր նրա խորտիկները, քանի որ դրանք էլ կ՚անցնեն կը գնան սուտ կեանքի հետ։ 4Եթէ ունեւոր չես, մի՛ ձգտիր հասնել հարստին, այլ քո իմաստութեամբ հեռացի՛ր նրանից։ 5Հէնց որ աչքդ տնկես մի բանի վրայ,այն իսկոյն կը չքանայ. հարստութիւնն արծուի թեւեր է շինում իր համար եւ վերադառնում է իր նախնիների տունը։ 6Չարաչք մարդու հետ հաց մի՛ կեր եւ մի՛ ցանկացիր նրա կերակուրը, 7քանզի նա ուտում եւ խմում է այնպէս, ինչպէս մէկը մազ կուլ տար։ 8Նրան մի՛ ընդունիր քո տունը եւ քո հացը մի՛ կեր նրա հետ, քանի որ նա նողկանք կը պատճառի քեզեւ կ՚ապականի քո բարի խօսքերը. 9Ամենեւին բան մի՛ ասա անզգամի ականջին, որ նա չանարգի քո իմաստուն խօսքերը։ 10Մի՛ փոփոխիր վաղեմի սահմանների նշանները. եւ ձեռք մի՛ տուր որբերի ունեցուածքին, 11որովհետեւ հզօր է նրանց պաշտպանը՝ Տէրը, եւ նրանց դատը նա կը պաշտպանի քո դէմ։ 12Սիրտդ տո՛ւր խրատին, եւ ականջներդ պատրաստ պահի՛ր իմաստութեան խօսքերը լսելու համար։ 13Քո խրատը մի՛ խնայիր երեխային,որովհետեւ եթէ գաւազանով էլ խփես նրան՝ չի մեռնի, 14դու նրան կը հարուածես գաւազանով, բայց նրա հոգին կը փրկես մահից։ 15Որդեա՛կ, եթէ քո սիրտն իմաստուն լինի, ապա կ՚ուրախացնես եւ իմ սիրտը։ 16Իմ շուրթերը պիտի ձուլուեն քո շուրթերին,միայն թէ դու ուղիղ խօսես։ 17Թող քո սիրտը չնախանձի մեղաւորներին, այլ միշտ Տիրոջ երկիւղը պահի՛ր սրտիդ մէջ։ 18Եւ եթէ պահես, դու զաւակ կ՚ունենաս, եւ քո յոյսը չի կտրուի։ 19Լսի՛ր, որդեա՛կ, իմաստո՛ւն եղիր եւ ուղղի՛ր քո սրտի խորհուրդները։ 20Մի՛ լինիր հարբեցող եւ մի՛ նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին, 21որովհետեւ գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, եւ քնի մէջ թմրած ամէն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի։ 22Լսի՛ր, որդեա՛կ, քեզ ծնող հօրը եւ մի՛ արհամարհիր քո մօր ծերութիւնը։ 23Ճշմարտութի՛ւն ձեռք բեր եւ չթողնես իմաստութիւնը, խրատը եւ խոհեմութիւնը։ 24Արդար հայրը բարութեամբ է կրթում զաւակին, եւ նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար։ 25Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, եւ թող ուրախանայ նա, ով ծնել է քեզ։ 26Տո՛ւր ինձ, որդեա՛կ, քո սիրտը, եւ թող աչքերդ սպասեն ինձ՝ իմ ճանապարհին։ 27Օտար տունը ծակ կարաս է, օտար բանը՝ նեղ ջրհոր։ 28Եւ ով այնտեղ է շտապում, շուտով պիտի կործանուի, եւ ամէն մի անօրէն պիտի ջնջուի իսպառ։ 29Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովութիւնը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դաժանութիւններն ու տարակուսանքները, ո՞ւմն են աջ ու ձախ տրուած հարուածները,եւ ո՞ւմն են հարուածից կապտած աչքերը, 30- ո՞չ արդեօք նրանցը, ովքեր տարւում են գինով, ովքեր նայում են, թէ որտեղ գինարբուք կայ։ 31Մի՛ հարբէք գինով, այլ զրուցեցէ՛ք արդար մարդկանց հետ, եւ խօսեցէ՛ք միմեանց հետ հրապարակներում։ Իսկ եթէ աչքդ գցես թաս ու բաժակի, յետոյ պիտի սանդի կոթի պէս տկլոր ման գաս, 32վերջն էլ օձից խայթուածի պէս պիտի ցած ընկնես, եւ գինին, ինչպէս իժի թոյն, պիտի տարածուի քո մէջ։ 33Եւ երբ աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ խառն ու շփոթ պիտի խօսի, 34եւ պիտի ծփաս՝ ասես ծովի մէջ, ինչպէս նաւավարը՝ սաստիկ մրրիկի մէջ։ 35Եւ պիտի ասես. «Ինձ ծեծում էին, բայց ես ցաւ չէի զգում, ինձ ծաղրում էին, բայց ես չէի գիտակցում, ե՞րբ է բացուելու առաւօտը, որ վեր կենամ գտնեմ, թէ ո՞ւմ հետ պիտի էլի շրջեմ»։

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝