Յայտարարութիւն

Monday, January 2, 2012

Ինչո՞ւ ԱՅԲ, ԲԵՆ,ԳԻՄ - 2- ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Միայն մէկ մաղթանք սիրելի Վահան Գէորգեանին . գրիչիդ մելանը չցամքի :
Երկու անգամով պիտի հրապարակենք «Մեսրոպ Մաշտոցին նուիրուած Գէորգեանի սիրոյ տուրքը»:
«Նշանակ»

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Մենք ազգովին , բոլոր ապրող հին ազգերի պես , ունենք հարուստ մշակույթը, եւ այն պարտավորեցնում է, որ արժանի մնանք մեր ավանդներին: Մեսրոպ Մաշտոցը ապրելու է այնքան, ինչքան որ կապրի մեր ազգը:Մաշտոցի շնորհիվ մենք տեր դարձանք գրերի, գրերի որոնց խորքում պահված հազարավոր հրաշքները մատչելի են հայ ոգուն հավատարիմ անհատին՝ իր սրտի ու նվիրումի չափով: Հայի գիրը, հայի տառերը անկրկնելի եղել են ու կան , կլինեն հայ մարդու ներաշխարհը առ Աստված պարզելու, նրա սերը վայելելու միակ անապական ուղին: Մենք ազգովին ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ կրում ենք մեր հոգում, մեր սրտում: Հայ լինելու, հայ մնալու հրաշքը միշտ նրան ենք պարտական, ահա այս մտորումներից ծնված տառերի գլխագրերով չափածո մտքերը աղոթքի կշռույթով սիրո ու հարգանքի տուրք է:Սեր առ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ , որի կարիքը ավելի շատ մենք ապրողներս ունենք, մեր հոգսաշատ աշխարհում:
«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«



Այբ ,Բեն , Գիմ...
Մա՜յր իմ աղոթիր ինձ համար Աստծուն,
Միջնորդիր , հոգի՜ս հանգստացրու,
Մարդածին լարի կորուստն եմ սգում:
Մորմոքն է ներսից սիրտս քրքրում,
Միասին էինք ՝ զատվեցինք հավետ:
Մեղանչումների ճամփեքին վաղուց
Մեղավոր հոգիս ելք է փնտրում:

Յոթհազարամյա ծիածան ու սե՜ր,
Յոթը՝ ավանդույթ, յոթը՝ Աստծո տուն:
Յոթնապատիկ ենք հավատին փարվում,
Յուրաքանչյուրս՝ նարոտը հույսի:
Յուրաքանչյուրս լույսով արթնանում,
Յուրահատուկ ենք սիրում ու ատում,
Յուրահատուկ ենք զղջում , մեղանչում.
Յոթը գույներով ՝ յոթը պատվիրան,
Յոթնապատիկ է լույսի խաղը սեր,
Յոթհազարամյա ծիածան , հույսե՜ր:



Ներկայից ՝ անցյալ , մեր բախտը նժդեհ,
Ներհակ մտքերը խառնում են թաքուն,
Նորոգիչ մաքրիր, դարձրու վայելուչ,
Ներշնչանքներիս ակունքը լեցուն:
Նժարի վրա տվածիդ դիմաց՝
Նախնիներիս ողջ երազն եմ դնում,
Նշխար առ նշխար մեղվի պես ահա
Ներկրեցի լուռ, սիրտս ներծծվեց:
Նիհրը թունավոր նարդոս է թվում,
Նիրվանայի մեջ երջանիկ չեմ Տե՜ր,
Ներարկիր ավյուն նիհրը փախցրու:

Շողը աչքերիդ մաղում է միտքս,
Շողարձակում ես, ասեմ ,որ ի~նքդ՝
Շանթարգելք էլի խոտոր վարքիս դեմ,
Շենշող ես անվերջ՝ հույսված իմ բախտին,
Շիտակ շիկնում ես ու շվարածիս
Շրջմոլիկի պես երջանկացնում:
Շեմից ես քշում, ի~նքս քո ներսում՝
Շունչս՝ քո շնչին շո~ւլալված, հյուսված:
Շիկնանքըդ սեր իմ սիրտ է կամրջում:

Որդեկորույս մոր համար ասա,
Որպես սփոփանք, ի~նչ ես պարզելու,
Որ մխիթարվի, գոնե Հոբի պես:
Ոսկեշող լույսի անդարձ ոլորտից,
Ողորմածաբար առաքիր հզոր,
Ողոքի~ր, գթա քո տաք լույսերով,
Ողջագուրանքի հույսը վառ պահիր,
Որ բազկատարած մոր գիրկը լցվի:
Ոլորապտույտ ճամփեքն խավար
Որքան շատ բաշխես կփառավորվես:

Չվում ենք անդարձ ,ու չենք սարսափում,
Չքմեղ ձեւանում մոմեր ենք վառում,
Չարին հալածում համառ, ջանադիր:
Չկամությունից չենք ձեռբազադվում:
Չարը մեր ներսում կանաչում , ծաղկում,
Չարիքից գերված չենք զգուշանում,
Չարասիրտ վաթար բորենուց վայրագ՝
Չարաչար եղծվում, գերվում ենք կորչում:


Պատվի ու փառքի դափնիները սին,
Պատվասիրության պատվար դարձրած,
Պատվազուրկն անվերջ գտնում է ելքը,
Պարկեշտին տանում դուռը կործանման:
Պատրանքին ինքն է պատանքապատում:
Պսակավորված չարն է կենսունակ,
Պարտականության ծանր բեռան տակ
Պարսն ենք հալածում պարսավանքների:

Ջահել ու ջիվան , եռանդդ՝ հորդուն,
Ջանքդ անկոտրուն, ի~նչի ես վատնում,
Ջղագար քամու վարքը գովերգում:
Ջլապինդ դարձրու արմատդ հողում,
Ջիլերդ եղեգին թող ընդօրինակեն,
Ջահելությունդ մի վատնիր անմիտ,
Ջերմությունդ տուր մեն-մենավորին,
Ջունգլի մտած , իզուր ես վայում,
Ջրկիրը դարձիր հայրենի քո տան:



Ռունգերից տաք շանթեր են թռչում,
Ռազմի դաժան շեփորն է կանչում,
Ռամիկը խեղճ ունկը մայր հողին,
Ռազմադաշտի ճամփան է բռնում,
Ռումբը , մահը, երկիրն ավերում,
Ռազմամոլն է արծաթը դիզում:




Սերը սրտից պոկվեց, ինչպես՝ ձուկը ջրից,
Սարսուռներով ծփաց՝ սիրտը ծով էր անափ,
Սերը՝ սիրտ էր գտել, խանդը՝ խորունկ մի ծով:
Սերը՝ սրտի խորքում, ծով ալիք էր դառնում,
Սիրտը՝ արցունք-արյուն, մաշկն էր ծեծում ներսից,
Սարսռում էր մաշկը ու ժայռի պես մաշվում:





Վահան-զրահով դարը վերջացավ,
Վեց անվանակից նախորդներն անցան:
Վեցն էլ անտեղյակ իմ աշխարհ գալուն,
Վեցի ճակատին ու ժողովրդի ճակատին անգամ
Վտարանդու խարանն էր դաջված:
Վերջացող դարի յոթերորդն արդեն,
Վերջինը ինքս, մորս՝ ՎԱՀԱՆԸ օտարված տանից
Վիշտն ու թախիծը յոթը մայրերի
Վերակերտում է մի նոր լուսաբաց:

Տագնապը անցավ օրերի միջով,
Տարածվեց լցվեց ինքնաբավ ծփաց,
Տարտնտղելով ուռճացավ հառնեց,
Տարալուծելով խինդ , ուրախություն՝
Տարագրության ճամփեքը բացեց,
Տարերքից վայրագ կործանեց, քանդեց,
Տռփոտ՝ տարփողեց տեռորը գալիք,
Տարերքից քշված հեռացանք տանից.
Տե~ր ողորմային ապավինելով:


Րոպե առ րոպե կաթում է կսկիծը
Րոպե առ րոպե ագռավն է կռռում,
Րոպեների կաթոց կռոցից աղն է շատանում,
Րոպե առ րոպե որձաքարերին,
Րոպե առ րոպե հառնող հավատին՝
Րոպեաբար խոցոտում, աղում են ,մաղո~ւմ.
Րոպեները դարից էլ երկար թեւերն են փռում:

Ցավից սեւակնած, ցավից խենթացած,
Ցավից ուշաթափ շուրթերն են կապտում,
Ցասկոտ լռում են , ժայռի նմանվում,
Ցնորվածի պես ջրերն են վազում,
Ցնցված դավից՝ ցիր ու ցան թռչում ,
Ցասումն անցնում է, ցավը կանաչում,
Ցնորքից ծնվում է հույսի ծիածան:






Ուղեծիր դարձար մտքերիս համար,
Ուխտավորը քո, ծով ակնածանքով,
Ուշք ու միտքս դու, քո շուրջն եմ դառնում:
Ուրվագիծն եմ քո շոյում , շոշափում,
Ուր էլ որ գնամ անունդ շուրթիս,
Ուխտդ ի կատար, հավերժի ճամփորդ՝
Ուղղաձիգ ԼԵՌԸ դու մեր քերթության:

Փառք՝ կառուցողին, լույսն՝ արարողին,
Փառք՝ նահատակին, հավատն՝ ապրողանց,
Փառքը թաղեցինք ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ,
Փռված է բլուրը՝ ԼԵՌԱՆ դեմ դիմաց:
Փռված է արտը՝ բլուրներն ի վար,
Փոթորիկները գալիս են , գալիս...
Փոխհատուցումի ժամն է ուշանում:


Քունս չի տանում օտար երկրում,
Քաղաքն եմ հիշում ,տուն ու հայրենիք,
Քնած, թե արթուն անհաղորդ ու մութ,
Քարուքանդ, ավեր շեներն հայրենի,
Քամահրանքը՝ իշխանավորի,
Քծնանքը՝ քարսիրտ օրինազանցին:

Օրերից մի օր՝ մենք էլ կգնանք,
Օղակով վերջին շղթան կփակվի,
Օրհնանքից հետո հուշը մանկության
Օրորոցի պես քուն չի պարգեւի:
Օտարության մեջ կարոտը ծաղկող
Օղեթորողի անտարբերությամբ,
Օրվա արցունքից դառնողի թորած՝
Օձիքը խեղդող օղակ կարարի:

Ֆրիկ, ուր մտավ օձը օտար ՝ դու էրված,
Ֆշշան , շաչուն ՝ բոց ու թույնով վառեց անդարձ,
Ֆշշոց ն օձի արտը հացի ապականեց...
Ֆրիկ, խանձված հասկն էս , մեր աշխարհի:
Ֆալաքն անվերջ՝ թիկունք ու թեւ , օձ ու թուրքին.
Ֆիդայու հզոր բազկով , արյան կանչով՝ պիտի զարկենք.
Ֆշշոցից օձի ձեռբազատենք ՝ արտն հավիտյան թուրքից մաքրենք...

Շար. 2 եւ վերջ
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝