Յայտարարութիւն

Wednesday, January 18, 2012

Թերթօն 6 - Մեր Հոգսերի Ձմեռը ... 1993 Թիվ - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Հայն հավատարիմ իր հայությանը գնում էր քաղաքականության պարզած պարանի վրայով, պարանից վար` անդունդն էր, աջ ու ձախ` թուրքն էր , արյունոտ, պղտոր՝ դեղնածոր աչքերը պարանին:
Աջից ու ձախից երբեմն լսվում էին խրախուսող, անգամ գոտեպնդող, բայց չպարտավորված հզորների կանչերը, մենք՝ պարանին, հավատում էինք, համոզված էինք , որ հզորների պարզած պարանը կունենա հույսին համարժեք ամրություն, նամանավանդ ուրիշ ճանապարհ չկար:
Առաջանալու միակ ճամփան պարանն էր, մյուս բոլոր շավիղներով հեռանում էին չափից ավելի կասկածամիտները, հեռանում էին պահածոյացնելով հեռացման պահի պատկերը:
Հավատալով, որ մի օր ետ կգան, ո'ւ հենց այդ պահից էլ կշարունակեն: Իհարկե հզորների պարտադրած խարդախ խաղից հրաժարվողն ու դուրս եկողը գիտեր, որ ինքն է իրեն դուրս հանել: Մյուսները` շարունակում են խաղը հասցնել բնական վախճանի: Ոչ մի երեւույթ հնարավոր չէ կանգնեցնել, մե'ր հավատը, մեր՝ հյուսն էր: Մենք կրկնակի շրջապատված ներսում , այդքան` էլ դրսից, իշխանություններից լքված` քայլ ա'ռ քայլ, գայթելով, կորցնելով, գնում էինք ոտքով, կանգնում էինք հերթի, սառած, քարացած հացի համար, վառում էինք վառարանները, ուր բազմահարկ շենքերը նմանվում էին մռայլամութ կիկլոպների: Նրանց հազար ու մի աչք-պատուհան հիշեցնող կիսախավար աչքերից դուրս պրծած դեղնածոր արցունքախեղդ ծուխը հուշում էր , որ շատերը վառարաններում վառում են ինչ կարողանում են գտնել` գիրք ու փայտ, ձյութ ու կոշիկ, հազար ու մի հնարով փորձում էին տաքացնել բետոնակուռ սառած պատերը: Քաղաքը՝ շշմած ծխի կծվությունից, նման`լքված ու փողոց շպրտված անհրապույր հոմանուհուն, փորձում էր ծածկել այտույցներ ու դեմքի կապտուկները:
Բայց ուժասպառ ու սպառված վայր էր ընկնում ու հոգսաշատ մարդիկ չտեսնելով ընկածին անցնում էին, երբեմն շրջանցելով, շտապելուց անգամ կոխոտելով վազում: Ոչ մեկը չէր ցանկանում ուշ ժամին մնալ դրսումք :Ուրի~շ, նոր , անսովոր , անծանոթ ժամանակներ էին: Փողոցներում մարդկանց նման խեղճացած գայթում ու տեղապտույտից ճոճվելով, փնչացընելով շարժվում էին դեռ քաղաքային համարվող, չսեփականաշնորհված, հին, բայց հզոր ինքնաշարժերը: Նրանց վարորդները հայեր էին, խիզախ, հնարամիտ, ու կարող էին զարմացնել ամենահմուտ կասկադյորներին:
Ձյունի, սառույցի վրա հմտորեն մանրեւելու խիզախումը, լեցուն ավտոբուսներում կուտակված` իրար քիթ բերնի կպած ուղեւորները, հիշեցնում էին հսկա տակառներում աղ դրած ձկների, որոնք համակեր պված իրավիճակին դիմանում էին հավերժության չափ երկարող ժամերին, եւ թեթեւացած շունչ քաշում նորակառույց արվարձաններում, ուր բեռնաթափված ինքնաշարժերը մի փոքր դադարից հետո շար ունակում էին հերթական երթուղային շրջապտույտը:
Փրկված` ինքնաշարժից, հոգնած ու ջարդված տրամադրությամբ,քաղաքաբնակները տարալուծվում էին մթնշաղի մեջ հազիվ ուրվագծվող շենքերի անհրապույր միջանցքներում, ուր արդեն մոմի կամ լապտերիկի օգնությամբ`զգուշ ու դանդաղ պիտի վեր բարձրանային իրենց հարկաբաժինը:
Ընթացքում` վախենալով, վախեցնելով՝ աղբատարի շուրթերին խլվլացող հատուկենտ առնետներին, կամ էլ շքամուտք սողոսկած`տխուր ու անվնաս, ինչոր օտար մի շան, որի ապահով անցյալից հիշատակ միայն վարքն ու վզնոց էր մնացել: Շունը հաճախ շնավարի զգում էր, շենք մտնողը օտար չէ, ու խեղճացած պոչը ներս էր քաշում, հարցական նշանի պես տեղավորում ոտքերի արանքում, անտեր ությունից ամաչելով գլուխը կախ էր գցում ու լեզուն դուրս նետած սպասում, որ բնակիչը խաղաղվի, վերագտնի ինքն իրեն:

Շար . 6

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝