Յայտարարութիւն

Friday, January 13, 2012

Առակներ - Սողոմոն Իմաստուն - 6

Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»


6 Որդեա՛կ, եթէ բարեկամիդ համար երաշխաւոր լինես,դու քեզ կը մատնես քո թշնամուն. 2քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, եւ մարդ բռնւում է իր բերանի խօսքով։ 3Արդ, որդեա՛կ, վարուի՛ր այնպէս, ինչպէս պատուիրում եմ քեզ, եւ դու կ՚ապրես, որովհետեւ բարեկամիդ համար չար մարդկանց ձեռքն ընկար։ Սրտապնդուի՛ր եւ մի՛ յուսալքուի՛ր եւ նո՛յնը հաղորդիր քո բարեկամին, որի համար երաշխաւոր ես եղել։ 4Աչքերիդ քուն մի՛ տուր եւ թարթիչներիդ՝ նինջ, 5որպէսզի փրկուես, ինչպէս այծեամը թակարդից եւ թռչունը՝ ծուղակից։ 6Մրջիւնի մօ՛տ գնա, ո՛վ ծոյլ, նախանձի՛ր նրա գործերին եւ իմաստո՛ւն եղիր նրանից աւելի. 7քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու եւ ո՛չ էլ գլխին տէր ունի, 8բայց ամրանը նա պատրաստում է իր ուտելիքը եւ հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը։ Կամ մեղուի մօ՛տ գնա, տե՛ս, թէ ինչպէ՜ս գործունեայ է նա եւ թէ ինչպիսի ջանասիրութեամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագաւորներին եւ տնանկներին՝ բժշկութեան համար։ Թէպէտեւ թոյլ է ուժով, բայց սիրելի է ու մեծարելի բոլորի համար, որովհետեւ ինքը յարգեց իմաստութիւնը եւ արժանի եղաւ յարգանքի։ 9Մինչեւ ե՞րբ պիտի գամուած մնաս, ո՛վ ծոյլ, կամ ե՞րբ պիտի զարթնես քնից։ 10Մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ, 11եւ, ահա, աղքատութիւնը, ինչպէս չար ուղեւոր, կը հասնի քեզ, եւ կարիքը, իբրեւ ժիր սուրհանդակ, կը կանգնի դռանդ։ Բայց եթէ ծոյլ չլինես, ապա քո ամառը պիտի հասնի աղբիւրի նման, եւ կարիքը, ինչպէս ինքնահալած չարամիտ այր, պիտի փախչի հեռու։ 12Անօրէն եւ անզգամ մարդը ծուռ ճանապարհներով է գնում, 13որովհետեւ հէնց ինքն է աչքերը թարթում, ոտքերով ցոյց տալիս եւ նշանացի սովորեցնում մատներով։ 14Խոտորուած սիրտը չարիքներ է նիւթում եւ ամէն ժամանակ սերմանում է խռովութիւն քաղաքում։ 15Այդ պատճառով էլ նրա կորուստը պիտի յանկարծակի գայ, նա պիտի հաշմուի ու մաշուի առանց բուժումի։ 16Նա ծիծաղում է այն ամէնի վրայ, ինչ ատում է Տէրը, եւ իր հոգու պղծութեան երեսից էլ պիտի կործանուի։ 17Այն աչքերը, որ թշնամանքով են նայում,այն լեզուն, որ սուտ է խօսում, 18այն ձեռքերը, որ արդար արիւն են թափում, այն սիրտը, որ չար խորհուրդներ է նիւթում, այն ոտքերը, որ շտապում են չարիքներ գործել, պիտի ոչնչանան։ 19Անիրաւ վկան բորբոքում է ստութիւնը եւ գրգռութիւն է գցում եղբայրների միջեւ։ 20Որդեա՛կ, պահի՛ր հօրդ օրէնքը եւ մի՛ մերժիր մօրդ խրատը։ 21Ընդունի՛ր դրանք հոգուդ մէջ,մշտապէս պահի՛ր քո գլխում եւ, իբրեւ մանեակ, գցի՛ր քո պարանոցին։ 22Երբ ճանապարհ գնաս, հե՛տդ տար, եւ թող դրանք քեզ հետ լինեն. երբ քնած լինես, պիտի քեզ պահպանեն, երբ արթնանաս, պիտի զրուցակից լինեն քեզ։ 23Օրէնքի պատուիրանը ճրագ է, յանդիմանութիւնը եւ խրատը լոյս են եւ կեանքի ճանապարհ։ 24Նրանք քեզ հեռու կը պահեն ամուսնացած կնոջից եւ օտար կնոջ չար լեզուից։ 25Որդեա՛կ, թող քեզ չյաղթի կնոջ գեղեցկութեան ցանկութիւնը, թող չբռնուեն քո աչքերը նրանով, մի՛ հրապուրուիր նրա թարթիչներով, 26քանզի պոռնիկ կնոջ պատճառով կարող ես մի նկանակ հացի կարօտ մնալ, որովհետեւ չար կինը որսում է պատուական մարդկանց հոգին։ 27Հնարաւո՞ր է արդեօք, որ մէկը կրակը պահի իր գոգի մէջ եւ շորը չայրի, 28կամ որեւէ մէկը բոբիկ քայլի կայծ ու կրակի միջով եւ իր ոտքերը չայրին, - 29այդպէս էլ անհնարին է որեւէ մէկին մտնել ամուսնացած կնոջ ծոցը եւ առանց պատժի մնալ. ով էլ որ մերձենայ նրան, չի արդարացուելու։ 30Զարմանալու ոչինչ չկայ, եթէ մէկը բռնուի գողութեան մէջ. գողանում է, որպէսզի յագեցնի իր քաղցած անձը, 31բայց եթէ բռնուեց, պիտի եօթնապատիկ տուժի եւ անձը փրկելու համար պիտի տայ իր ողջ ունեցուածքը։ 32Իսկ եթէ մէկը շնանում է խելքի պակասութեան պատճառով, նա կորստի է մատնում ինքն իրեն, 33նա ցաւ ու անարգանք պիտի կրի, եւ երբեք չի ջնջուելու նրա նախատինքը։ 34Կնոջ ամուսինը պիտի բորբոքուի խանդով լցուած եւ չի խնայելու վրէժխնդրութեան օրը, 35ոչ մի փրկագնի հետ չի փոխանակելու իր թշնամութիւնը, ոչ իսկ առատ կաշառքով։
Շար . 6



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝