Յայտարարութիւն

Friday, January 13, 2012

Առակներ - Սողոմոն Իմաստուն - 7


Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»




7 Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ իմ պատուիրանները պահպանի՛ր քո մէջ։ Որդեա՛կ, պատուի՛ր Տիրոջը եւ զօրացի՛ր, եւ բացի նրանից ուրիշ ոչ ոքից մի՛ երկնչիր։ 2Որդեա՛կ, պահի՛ր իմ պատուիրանները եւ դու կ՚ապրես, պահպանի՛ր իմ խօսքերը, ինչպէս աչքի բիբը։ 3Կապի՛ր դրանք քո մատներին եւ գրի՛ր սրտիդ տախտակի վրայ։ 4Իմաստութեանն ասա՛, որ քեզ քոյր լինի, եւ խելքը թող դառնայ քո մտերիմը, 5որպէսզի դրանք քեզ պահպանեն օտար ու չար կնոջից, երբ նա իր խօսքերով հրապուրի քեզ։ 6Իր տան պատուհանից աչքը ճանապարհին յառած՝ 7նա նայում է անմիտ պատանիներին եւ թեթեւամիտ երիտասարդներին, 8որոնք գնում են փողոցներով, անցնում նրա տան անկեան մօտով. 9նա խօսում է երեկոյի խաւարի միջից, երբ գիշերը մթնում, եւ դադարում է անցուդարձը։ 10Այդ կինը, պոռնիկի կերպարանքով, ընդառաջ է գալիս երիտասարդներին, որ բուռն հրայրքով ու պագշոտութեամբ խելքահան անի նրանց։ 11Նրա ոտքերը տանը դադար չեն առնում, եւ նա մերթ թափառում է դուրսը, 12մերթ անցնում է փողոց ու հրապարակ եւ դարանամուտ է լինում ամէն պատահած անկիւնում։ 13Ահա նա որսում է մէկին, գրկում եւ համբուրում նրան եւ լրբենի երեսով ասում է նրան. 14«Ես խաղաղութեան ուխտ էի արել, այսօր ուխտս կատարեցի, 15դրա համար էլ ընդառաջ ելայ քեզ՝ երեսդ տեսնելու համար, եւ ահա գտայ քեզ։ 16Ես գահաւորակս պատել եմ ծածկոցներով, զարդարել եգիպտական ճոխ կտաւներով, 17անկողինս պատրաստել եմ ու քրքում ցանել վրան,բնակարանս խնկել եմ կինամոնով, 18ե՛կ մինչեւ առաւօտ սէր վայելենք եւ հեշտանքի յանձնուենք. 19իմ ամուսինը տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել, 20իր փողի քսակն էլ վերցրել է հետը եւ շատ օրեր անց, թերեւս, տուն գայ»։ 21Եւ այսպիսի բազում խօսքերով մոլորեցնում է նրան,խեղդող շուրթերով կաշկանդում նրան, 22եւ նա յիմարացած գնում է կնոջ յետեւից, ինչպէս արջառը՝ սպանդանոց, կամ շունը՝ թոկը վզին, 23կամ ինչպէս լեարդը նետով խոցուած եղջերուն. թռչնի նման նա շտապում է դէպի ծուղակը եւ չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին։ 24Արդ, լսի՛ր ինձ, որդեա՛կ, եւ հնազա՛նդ եղիր իմ խօսքերին։ 25Սիրտդ մի՛ շեղիր դէպի նրա տան ճանապարհները եւ մի՛ մոլորուիր նրա շաւիղներում, 26որովհետեւ խոցոտելով՝ նա շատերին է դիտապաստ արել, եւ անթիւ են նրա կողմից սպանուածները։ 27Դժոխքի ուղիներն են նրա տունը, որոնք իջեցնում են դէպի մահուան շտեմարանները։

Շար . 7


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝