Յայտարարութիւն

Friday, January 20, 2012

Թերթօն 8- Մեր Հոգսերի Ձմեռը ...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Ազատամարտիկների խիզախ ջոկատի անհայտացման լուրը նոր կսկիծ էր ու ցավ: Ութսուն մարտիկներից բաղկացած հզոր ջոկատի կորուստ մնաց չբացահայտված, հանելուկ, որն հավանաբար կբացահայտեն հաջորդ հարյուրամյակում:
Ոչ մի արդյունք չտվեց անգամ հարազատների անհատական փնտրտուքը: Այսօր , ու երեկ` ո՞վ էր փորձելու բացել չհայտարարված պատերազմի նողկալի բեմը, որի վարագույրից թանձր լերդացող արյան ու դավադրության հոտ էր բուրում:
Անցել է ուղիղ յոթ տարի ու ծանր լռությունը, տոնից` տոն տրվող համազարկերը, ասես լինեն բազմակետեր, որ ոնց տեղը անշուշտ հետագայում կգրավեն իսկական բառերը, երբ կրքերը կհանդար տվեն, երբ այսօրվա որբերից շատերը կդառնան պապիկներ , ու նրանք կրկին կհիշեն իրենց լեգենդացող հայրերին , պապիկներին:
Լեգենդներ սիրող ժողովուրդ ենք, ուրեմն այսօրվա ԿՈՐՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԷԼ ԴԱՐՁԱՆ ԼԵԳԵՆԴ: Նրանք մարտից չվերադարձան, շիրմաթմբի չարժանացան, մեր կորած տղերքի դարձին, հավանաբար, դեռ երկար ու կսկիծով կսպասեն մայրերն ու որբացած զավակները:
Հրաշքը, հրա'շքը` հայ մարդու ամենամերձավոր հարազատն է, հայի` հայրն է, եթե՝ որբ է, եղբայրն է, եթե` մինուճար է, հենց ինքն էլ, իր չեղած անկատար հրաշքը է, առանց նրա ապրելը անհնար է:
Հայը ՀՐԱՇՔԻ' հավատավորն է, երկրպագուն, տենչանքով փարվում նրա փեշերին, մոր՝ փեշերին փարվող մանկան նման, որովհետեւ հույս կա` քի'չ եռանդ ծախսելով , քի'չ ջանք գործադրելով, տե~ր դառնալ բաղձալի երազին:
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ մտայնություն է, որից դժվար է ձեռբազատվել:
Շահումյանի ու Մարտակերտի համար մղված մարտերը ահավոր ծանր էին, օրհասական: Կամքին ու հավատին, նվիրումին ու ուժին ոտնատակ էր անում սովետական հզոր ռազմական տեխնիկան, նույն աղվանցիներին ջնջող տեխնիկան այդ օրերին պատժում էր իր նախկին երկրի մի բռաչափ ժողովրդին , որը համարձակվել էր տեր կանգնել մարդկային իրավունքներին, իսկ չարացած հզորը ջնջում ու տրոր ում էր ամեն շնչավոր ընդիմություն: Ինչ կարող էին անել անզեն ամբոխները, մի քանի խիզախների հետ` հզոր բանակի ու բանակի թիկունքին թառած ազերի հարբած, լկտի, մինչեւ ատամները զինված ավազակների դիմաց:
Նահանջով ու ինքնապաշտպանական կռիվներով օղակումից փրկված, մարտերում թրծված մարդկանց հալածում էր ծանր կասկածը:
Կրկնակի օղակումից փրկվածները անվերջ լռում էին, եթե խոսում էին, խոսում` կսկտուր , ինչոր դավից, ակնարկներով, կիսատ ու դժկամ, խոսում էին դավադրությունից: Ախր այդ դավն ու դավադրությունը ավելի ճնշող ու ահաբեկող էր ,քան մինչ ատամները զինված թշնամինք
Դա~վը, չէ~, չի' կարելի, ի~րավունք չունենք... նման դավերով դարասկզբին մենք Ղարսն էինք կորցրել: Չէ~, ավելի լավ է լուռ կռվենք, թո~ղ կռվողները` կռվեն, մնացածը, գո~նե կարողանան լռել:
Լռելն էլ կռվել է: Իսկ օրվա անցուդարձը կարգավորողները, որ ավելի լավատեղյակ են, ոչ հերքում են, ոչ էլ ընդհանրապես խոսում: Նրանք լռելով են կռվում: Շահումյանի տարածքում կատարվածից ոչ-ոք ոչինչ հավաստի չգիտե: Լռություն է :
Արաբոյի տղաներ ընկան , հավանաբար, ճակատագրական մարտի միակ ականատեսները ետ չեկան: Նրանք թշնամուց զարկված հունդի պես թաղվեցին հողում, որ հառնեն արդեն հաջորդ հարյուրամյակում, այսօր որպես` ապրող լեգենդ, հետո՝ գալիք սերունդների համար արդեն ճանապարհի անմար ջահեր:
Զրկանքների ու ցավի, խտացումներով լի օրերը ճնշում, դուրս էին շպրտում ցանկացած՝ ո'չ սխեմատիկ մեկնաբանություն: Մեկնաբանողը զգում էր պարտադրված բիրտ ուժի ճնշումը ամենուր:
Բոլորն էլ հասկանում էին, որ սովետական զինուժը նույն եղանակով էր պատժում իր երեկվա քաղաքա
ցիներին: Ինչպես ասենք` ժամանակին. չեխերին, հունգարների, լեհերին, հետագայում արդեն լրիվ օտար ոչ սոցիալիստական աշխարհից աղվանցիներին: Նա շատերին էր պատժել տարիներ առաջ, ինչպես` ամերկյան զինուժը՝ հեռավոր Վիետնամներում էր ճնշում օտարին, այսօր էլ արդեն սերբերին: Միշտ էլ հզորները հաղթում էին, հետո պարտադրում իրենց ճշմարտությունը:

Շար . 8

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝