Յայտարարութիւն

Saturday, January 14, 2012

Առակներ - Սողոմոն Իմաստուն - 8



Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»


8 Դրա համար էլ դու քարոզի՛ր իմաստութիւնը, որ հանճարը արձագանքի քեզ։ 2Այն գտնւում է բարձր լեռների գլխին եւ շաւիղների վրայ, 3այն սպասում է նաեւ հզօրների դռան առջեւ, եւ օրհնւում է նրանց մուտքերին։ 4«Ձեզ եմ աղաչում, ո՛վ մարդիկ, եւ մարդու որդիներին եմ ես բաշխում իմ խօսքը։ 5Ո՛վ պարզամիտներ, խորագիտութի՛ւն իմացէք, խրա՛տ դրէք ձեր սրտերում, ո՛վ անխրատներ, 6ունկնդրեցէ՛ք ինձ, քանզի պարկեշտ խօսքեր պիտի ասեմ, եւ շուրթերս պիտի բանամ ուղիղ բան խօսելու համար, 7քանզի իմ կոկորդը միշտ ճշմարտութիւն է բարբառում, եւ պիղծ են ինձ համար ստախօս շուրթերը։ 8Արդար են իմ բերանի բոլոր պատգամները, եւ ոչ մի ծուռ ու թիւր բան չկայ նրանց մէջ, 9բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են,եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու»։ 10Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ, գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի։ 11Իմաստութիւնը լաւ է անգին քարերից, եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան։ 12Ես՝ իմաստութիւնս, բնակուեցի խորագիտութեան մէջ, եւ միշտ ինձ հետ են խորհուրդն ու գիտութիւնը։ 13Տիրոջ հանդէպ զգացուած երկիւղն ատում է անիրաւութիւնը, թշնամանքն ու հպարտութիւնը եւ չարի ճանապարհը։ 14Իմն է խորհուրդը, իմն է զգուշութիւնը, իմն են հանճարը եւ զօրութիւնը։ 15Թագաւորներն ինձնով են թագաւորում, եւ հզօրները՝ օրինադրում արդարութիւնը։ 16Ինձնով են բարձրանում մեծամեծները, եւ տիրակալներն ինձնով են տիրում երկրին։ 17Ես սիրում եմ նրանց, ովքեր սիրում են ինձ, եւ ով փնտռում է ինձ, շնորհ կը գտնի։ 18Իմն են հարստութիւնն ու փառքը, կայուն ունեցուածքն ու արդարութիւնը։ 19Լաւ է ի՛նձ ունենալ, քան ոսկի եւ անգին քարեր, ունենալ ի՛մ արդիւնքը, քան ոսկի եւ ընտիր արծաթ։ 20Ես քայլում եմ արդարութեան ճանապարհներով եւ շրջում արդարութեան շաւիղներով, 21որ բարիք բաշխեմ իմ սիրելիներին եւ նրանց գանձարանները լցնեմ բարիքներով։ Սակայն որպէսզի ես ձեզ պատմեմ, թէ ինչ է լինելու ամէն օր, ապա պիտի յիշեցնեմ նաեւ, թէ ինչ է եղել յաւիտենութեան սկզբից։ 22Տէրն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին՝ իր գործերի համար. յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ։ 23Նա ծնեց ինձ հէնց սկզբին, դեռ երկիրն արարելուց առաջ, 24աւելի առաջ, քան անդունդներ կը բացէր, 25աւելի առաջ, քան աղբիւրների ջրեր կը բխեցնէր, եւ էլ աւելի առաջ, քան կը հաստատէր լեռներն ու բոլոր բլուրները։ 26Տէրն ստեղծեց շէն ու անշէն վայրեր եւ բնակելի աշխարհները երկնքի ներքոյ։ 27Ես նրա հետ էի, երբ նա պատրաստում էր երկինքը,երբ նա իր աթոռն էր հաստատում հողմերի վրայ, 28երբ նա զօրութիւն էր տալիս վերին ամպերին եւ երբ նա աղբիւրներ էր հաստատում երկնքի ներքոյ։ 29Այն ժամանակ, երբ նա դնում էր ծովի հաստատութիւնը, - որ ջրերը նրա ափերը չանցնեն, -այն ժամանակ, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,ես նրա մօտ էի որպէս գործավար։ 30Ինձնով էր, որ Տէրն ուրախանում էր մշտապէս,եւ ես ամէն ժամ ցնծում էի նրա առաջ. 31բովանդակ տիեզերքը հրճւում էր, եւ ուրախ էի մարդկանց որդիների հետ։ 32Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ. երանի նրանց, որ պահում են իմ ճանապարհները։ 33Լսեցէ՛ք իմաստութիւնը, եւ դուք կը լինէք իմաստուն. մի՛ շեղուէք դրանից։ 34Երանի այն մարդուն, որ կը լսի ինձ,եւ այն մարդուն, որ կը պահի իմ ճանապարհները, մշտապէս կը տքնի իմ դռների առջեւ եւ կը պահպանի իմ դռների շեմերը։ 35Իմ ուղիները կեանքի ուղիներ են, եւ Տէրն է սահմանել իմ կամքը։ 36Բայց ովքեր մեղանչում են իմ դէմ, նրանք ամբարշտանում են իրենց հոգու մէջ, եւ ովքեր ատում են ինձ, նրանք սիրում են մահը։

Շար . 8


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝