Յայտարարութիւն

Tuesday, February 7, 2012

Թերթօն 26 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Օրեր` ծովից-ծով ցավերի ծփանքով, ու կասկածների բազմաբյուլով, թաքցրած անգամ ուրախությունների թույլ բռնկումը, հաջորդում էին իրար ` հիասթափություններից` նոր , ավելի խոր հիասթափություն, ասես Սիզիֆի բարձրացրած քարը ինքներս էինք լեռն ի վար բաց թողնում...
Օրերի լրատվական հոսքը, խճճված նորությունների բազմաբնույթ հոսքով` համատարած խեղճությունը էր , խեղճություն պարտադրող անբարտավան հզորների ջանքերով:
Օրակարգում անպակաս էր «Ղարաբաղյան օրերի խրոնիկան», որը կարմիր թելի նման անցնում էր լրատվության բոլոր կայաններով: Բարոնուհի Կոքսից գողացել էին բազմաթիվ վավերագրեր ու լուսանկարներ,անիմաստ ու անհեթեթ կույր գնդակը գտել էր այս անգամ` մեկ ուրիշ հայորդու, որը խոր հրդարանի երեսփոխանի կարգավիճակում կարող էր հեռու մնալ թեժ տարածքներից, կարող էր , իսկ Սամվել Շահմուրադյանը, խորհրդարանի նիստերի բոլոր ընդմիջումներին այնտեղ էր , ուր զենքն ու հրազենն էր հարց որոշողը: Ասում են հերթական չմտածված ու չսպասված չարագույժ կույր գնդակը գտավ անգամ Ղարաբաղ այցելած Սամվելին:
Ծանր , «սեւ աքաղաղի» տարին` սեւ ու բոթաշունչ լրատվություններով, գազատարի անվերջ պայթեցումներով, ցրտի, խավարի միջով թանձրանում, սառցակալած մնում էր քաղաքի մայթերին ու բնակիչների մտքում:
ՀՀՇն ու ազգընտիրը լռում էին: Նրանց փոխարեն խոսում էր Պարույր Հայրիկյանը: Միշտ էլ զարմացնելով հնարամիտ մտածելակերպով:
Համաժողովրդական դժգոհության ալիքի կատարին Պարույրը բղավում էր .
-Լեւոնին ու նրա անձնախմբին համաժողովրդական հանրաքվեի միջոցով նվիրենք կառավարության շենքն ու նրա տարածքի մեկ հեկտարաչափ հողակտորը:
«Օտարներին հազարավոր կիլոմետրերով տարածքներ ենք տվել, սա էլ թող մնա Լեւոնին, գլխավորը` զինուժն ու ոստիկանությունը կհսկեն տարածքը, որ նա թաքուն չփախչի երկրից, իր մինստրներից շատերի նման»:
Փետրվարյան արտահերթ նիստերը շարունակվում էին, բոլորն էլ դեմ էին կառավարությանը:
Արցախյան զինուժը փոփոխական հաջողություններով փորձում էր ամրապնդվել ջրանցքի ողջ հյուսիսային տարածքներումք: Մարտեր էին մղվում Հաթերքի ուղղությամբ: Հարավային ուղությամբ օղակը սեղվմում էր Մարտակերտի շուրջը:
Պատերազմից հարյուրավոր մղոններով հեռու մայրաքաղաքում հյուծված ու կիսաքաղց ծերերը մահանում էին:
Գիշերային թաղումներին համակերպված մարդիկ նույն պաղ անտարբերությամբ կտրում էին քաղաքին գեղեցկացնող հին ու նորատունկ անտառաշերտերը:Խուզված ու կանաչազուրկ տարածքները նմանվում էին կալանավայրից նոր վերադարձած հանցագործին, որի խուզված ու լերկ գլուխը նրան դարձնում էր անճանաչելի:
Մարդիկ դարձել էին հնարամիտ, լռակյաց, բազմափորձ գյուտարարներ: Գտել էին վառարաններ ի կույր որովայնը լցնելու ձեւը: Վառում էին ծառ ու թուփ, գիրք ու մշակույթ: Ինչքան գիր ու գրականություն այդ ամիսներին վառեցին: Լենինյան բազմաթիվ հրատարակությունների հետ, անդառնալիորեն մոխրացավ վառվեց նաեւ ազգային արժեքներ կայացնող գրականություն, որի հետագա հրատարակությունը միլիոնավոր դրամներ է էլի խլելու ողջ հայությունից:
Քաղաքը նման էր հսկա զորանոցի, ուր ազգաբնակչությունը զինվորներից ետ չմնալով ամբողջ օրը զբաղվում էին քայլքի վարժությունները սերտելով: Այդ օրերին բոլոր չափահաս հայերը կտրում անցնում էին մի քանի տասնյակ մղոններ , միմյանց հետ հաղորդակցվելու համար: Թափուր ու լքված մայր ուղիներում հազիվ էին երեւում մեկ երկու ինքնաշարժեր: Չարիքից, պատուհասից ավելի համառ ու անկոտրուն կամքով մարդիկ, կառչած վաղվա տաք հեռանկարին հավատում էին, որ բոլոր «թաշչյաններն ու չիֆթալար յանները» ուշ, թե' շուտ պիտի պարզաբանեն, ցրտի ու խավարի օրերին իրենց «անկարողությունների» հիմնական դրդապաճառները, շրջափակումներից դուրս:
Հավատը ապրում էր , չնայած բոլոր վթարներին ու վրաերթերին մարդիկ հասցնում էին վավերացնել օրվա տխուր դեպքերը: Այս անգամ բոթը գալիս էր Սպիտակի տարածքից:
Ինքնաշարժի վթարից զոհվեց եւս մեկ հայորդի Նորայր Բաղդասարյանը: Ակունքներին հավատարիմ մնացող անհատների կորուստը ցավ ու վիշտ դարձած հետապնդելու է ապրողներին, նրանց հիշողության դաշտը լցված է մնալու զոհերի ներկայությամբ:
Տարիների ձիգ շրջապտույտը, Արարատ լեռան դեմ դիմաց` Եռաբլուրին պահ տված իր ապրող կենսունակ հիշողությամբ մեզ բոլորիս ուղկցելու է, անկախ հետագա բոլոր լավ ու հրաշալի արեւոտ օրերի քանակից:
Մեկ է եռաբլուրում պիտի փնտրենք նաեւ անշիրիմ ու խավարի մեջ անհետք կորած հայորդիներին: Լեռան կարոտով ու արմատի կենսունակ կանչով Եր ուսաղեմից եկած , Երեւանում հայեր են սովորած, դարիս շնորհալի հայորդի Կարիկ Պասմաճյանի անհայտացման լուրն էլ այդ տարների հյուսվածքում է մնում : Նա էլ Աբովյանի նման կորավ արդեն հեռավոր , բայց միշտ ներկա Մոսկովյան հսկա խառնարանում: Նրա կորուստի հուշն էլ է խառնված մյուս հազարավոր հայորդիների կորուստին, որոնք շիրմաթումբ չունեցան:

Շար . 26


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝