Յայտարարութիւն

Wednesday, February 8, 2012

Թերթօն 27 և Վերջ - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Այս բոլորի վերջաբան ու շարունակությունը` ինձ հուշում է վաղակորուստ բանաստեղծը:
Ասես տասնամյակներ առաջ այս բոլոր անցուդարձերը նա կանխատեսել էր , գիտեր , որ մի օր պիտի գնար:
Իր և իր նմանների տեղն ու հասցեն թողնելով «Անավարտ խաղ» գրքում, տպագրված ութսունականներին: Բացում եմ գիրքը այս անգամ ցանկանում ,որ ինձ հետ միասին նաեւ դուք ընթերցեք.
«ԱՍՏ ՀԱՆԳՉԻ Կ. Պ. »
(տապանագիր )
Ճշմարտությունը դեռ շատ է հեռու,
Ինձնից` առավել.
Ապրողներ , կորցրել էք կամ մոռացել
Մեռելների ճանապարհը:
Ձեզանից մի քիչ կանուխ
բաժանվելու պատճառը
Միայն սա էր .
Ուզում էին ձեզ ուշ տեսնել մի քիչ.
Իսկ այստեղ եղածների հետ
Դեռ ծանոթություն չեմ հաստատել:
Եւ աստված ասաց.
-Մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ստեղծենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների , եւ անասունների, եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա.
ԵՒ ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾԵՑ ՄԱՐԴՈՒՆ ԻՐ ՊԱՏԿԵՐԻ ՆՄԱՆ
Տարիներ անց, շատ-շատերի նման ինքս էլ հեռացա երկրից: Ապրելով օտարության մեջ, ավելի մոտիկից ճանաչեցի երկրից հեռու ծնված, և կյանքը օտարության մեջ ապրած իմ ցեղակիցներին:
Այդ տարիներին հասցրեցի ընթերցել դրսում տպագրված գրականությունը, որը հասկանալի պատճառով երկրում հնարավոր չէր ձեռք բերել:
Մոտիկից ճանաչեցի շատերին: Իմ նոր ծանոթներն ու մտերիմները հիմնականում տարիքն ապրած մարդիկ էին:
Նրանցից շատերը հասցրել էին լինել ԵՐԿՐՈՒՄ, իրենց ծնողների ծննդավայրում: Մի մասն էլ տեսել էր մեր Սովետական Հայաստանը:
Հիշում էին հազար ու մի դեպքեր , շատերը տեսել էին դարի նշանավոր հայորդիներին: Նրանց հուշերում բոլոր հայերն էլ իրենց հասակակիցներն էին: Շատերի ոդիսականները գրի էր առնված հուշերի տարբեր բազմաբնույթ գրքերում:
Անցած հարյուրամյակի բոլոր հիշարժան դեպքերը գաղթօջախի վավերագրերում կար: Այն վերիմաստավորելու` համահայկական մեկ ընդհանրության համար հարկավոր էր կարդալ, բայց ցավալիորեն չկար կարդացող սերունդ:
Հայրենիքից հեռու ծնվածները նախ իրենց ծնողների չափ հայերենը չգիտեինք:
Հետո, յուրաքանչյուր սերունդ իր ինքնությունը հաստատելու համար , նախ հերքում էր հներին, որ հետագայում տասնամյակներ անց արդեն մեծ ուշացումով ապրեր նախորդ բոլոր սերնդի հիասթափությունը:
Տարագրված սերունդները օրվա հացի խնդրի, գոյատևման հոգսերի մեջ, հաճախ փարվում էին հույրնկալած երկրի առօրիային ու օտար մշակույթին, անում անհնարինը` տեղացուց չզատվելու համար:
Վերջում անգլուխ համայքները սկսում էին արագ տարանջատվել ու եկող սերունդների համար հայրերի, պապերի հուշերը, թեկուզ մայրենի լեզվով գրի առնված դառնում էին ավելորդ բեռ, որից ամենկերպ փորձում են ձեռբազատվել:
Իհարկե ամենուր էլ կային խենթ նվիրյալներ , նրանք նման էին փոթորկոտ ծովում տարերքի դեմ պայքարող նավաստիներին, լեռնագագաթներ մագլցող աննկուն լեռնագնացներին:
Նմաններին գտնելու համար ինքդ էլ պիտի ծով մտնեիր ունեցածդ մակույկով, կամ էլ լեռան գագաթը բարձրանայիր ցեղի արյան կանչին անսալով:
Տարագրվող բոլոր սերունդների շարքերում բարեբախտաբար, թեև` սակավաթիվ, բայց նրանք կային:
Նրանք ազգի հարատևման համար օդ ու ջրի պես անհրաժեշտ էին:
Ինձ հանդիպած ծերերից բնազդորեն, արյան կանչերով ես զատում էի հատ ու կենտ ողջ մնացած խիզախներին, որոնք ապրելով օտարության մեջ մեղվի պես հավաքած ծաղկափոշին խառնել էին ազգի մեղրամոմին, մնում էր այդ տարբեր տարածքներում կուտակված մեղրամոմերով լեցուն շրջանակները տեղավորել հայկական ընդհանուր շրջանակում:
Չարենցի ու Արամ Հայկազի, Կարիկ Պասմաջյանի ու Սլավիկ Չիլոյանի, և~ բոլոր մյուս հայորդիների արածին տեր կանգնելու մտահոգությամբ` ապրելով օտարության մեջ, ամեն գիշեր մտքով տեղափոխվում էին տուն, ազատ ու անկախության ճամփան մտած իմ բռաչափ Երկիրը:

Շար . 27 եւ Վերջ
ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ













«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝