Յայտարարութիւն

Saturday, February 4, 2012

Հարցազրոյց Արա Յովսէփեանի հետ ՝ Հայաստան Հայութեան Գոյատեւման Կռուան

Այս հարցազրոյցը արտատպուած է UAE Armenians Forum էն: Արան չափազանց հայրենասէր երիտասարդ մըն է, եղբայրը Խաժակը նոյնպէս: Հայրենասիրութիւնը ժառանգած են նախ ազգային շունչ բուրող Քեսապէն , ապա իրենց ընտանիքէն : Յովսէփեան ընտանիքը Քեսապի մէջ եւ Քեսապէն դուրս տուած է բազում ազգային գործիչներ : Համաձայն ըլլալով հանդերձ Արայի կարգ մը վերլուծումներուն , կ'ուզէինք այստեղ յայտնել մեր կարծիքը , որ տարբեր է Արայի կարծիքէն, որն է ՝ մենք կը հաւատանք որ ամէն ճիգ ի գործ կը դրուի Քեսապի դիմագիծը հայկական պահելու համար: Կը թելադրենք Արային յոռետես չըլլալ , ընդհակառակը, կը կարծենք որ իր նման խոստմնալից երիտասարդներ գործ ունին ընելիք Սփիւռքի բայց յատկապէս Քեսապի մէջ հայը հայ պահելու գործընթացին մէջ .կ'ընդունինք որ տատասկոտ է այս ճանապարհը: Սակայն ձեռնածալ մնալով տատասկը չենք կրնար հնձել. թեզանիքներ սոտթել է պէտք : Ինչ կը վերաբերի Քեսապի ազգային կեանքին ՝ այնտեղ կը գործեն հայկական երեք վարժարաններ, մին՝ երկրորդականի մակարդակով , բարեսիրական , մշակութային , մարզական , կրօնական թեքումով միութիւններ:Երեք եկեղեցիներու կիրակնօրեայ զանգերու ղօղանջը գիւղ կը վերածէ Յիսուսաբոյր մենաստանի մը : Քեսապը ներուժն ու մարդուժը ունի , կազմակերպչական աշխատանքի պակասը կը զգացուի , որով պէտք է աւելի լրջօրէն զբաղին պատկան մարմինները: Այս կտոր մը Հայաստանը իր հայկականութիւնը պիտի չկորսնցնէ :
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»
03 Փետրվար, 2012 20:02 | Ակնարկ Հեղինակ` Մարգարիտա Հովհաննիսյան


Արա Հովսեփյանը քեսաբցի հայ է: Նախքան Հայաստան վերջնական տեղափոխվելը, մի քանի տարի ապրել է այստեղ` 2001-2006-ին բարձրագույն կրթությունը ստանալով Երեվանում: Իսկ 2011-ին արդեն Հայաստանի Հանրապետություն է գալիս, որպես երկրի հիմնական բնակիչ:

-Նախքան հաստատվելս 2010-ին մեկ հատ էլ եկա Հայաստան, երկու ամիս մնացի, վերջնականապես ուսումնասիրեցի ու առանց երկմտելու վճռեցի` հայը միայն Հայրենիքում պիտի ապրի:

Արան իր ծննդավայրը` Քեսաբը, նույնպես հայրենիք է համարում, որովհետեւ տեղի հայերը ներգաղթած չեն. գյուղաքաղաքը հայկական ծագում ունի ու ժամանակին Կիլիկյան Հայաստանի կազմի մեջ է եղել: 1915-ի ջարդերի ժամանակ քեսաբցիները ընդամենը հինգ-վեց տարով են լքել տեղանքը, այնուհետեւ նորից հաստատվել իրենց օջախներում: Կոտորածից հետո հիմնական հայաթափումը Քեսաբում արտագաղթի պատճառով է եղել` 1940-ականնեիր հայրենադարձության ժամանակ եւ 1980-ականնեին, երբ տեղացիների մեծ մասը գաղթել է Միացյալ Նահանգներ:

- Վերջերս էլ շատերը Դուբայ են գնում ու հիմա Քեսաբի բնակչության թիվը ոչ ավել է, քան 1500 մարդ: Ես նույնպես մինչ գալս մի քանի տարի Դուբայում ապրեցի. այդ տարիները թեեւ օտարության մեջ անցկացրեցի, բայց իրենց հատուկ դերն ունեցան Հայաստանը առավել սիրելուս եւ գնահատելուս հարցում: Հայրենիքը որոշ չափով ճանաչած մարդու համար անչափ դժվար պիտի ըլլար Դուբային հարմարվելը: Այնտեղ ամեն ինչ մեխանիկական է, կյանքն էլ մեխանիկական է, մարդիկ էլ. հայրենասերների համար հոն շատ դժվար է:

Հայաստանում ապրելու սկզբնական շրջանն Արան անթաքույց ծիծաղով է հիշում. զավեշտալի իրավիճակների մեջ շատ է հայտնվել` այստեղ անսովոր կենցաղավարություն էր, տարբեր բարբառ եւ ուրիշ բնակլիմայական պայմաններ.

-Երեւանյան բարբառը սկզբում մեծ դժվարությամբ էի հասկանում. ինձ թվում էր, ամենքն ինձ էին կանչում` «Արա, Արա» ասելով, այնինչ սա երեւանցիների բարբառային խոսքն էր ` ՙարա., որը համազոր է արեւմտահայերի «ծո»-ին,-ծիծաղով պատմում է նա` ավելացնելով, որ հետո, իհարկե, վարժվում է Հայաստանի` իր համար բոլոր անսովոր երեւույթներին:

-Հիմնական պատճառը որ տեղափոխվել եմ հայրենիք, երկիրը շատ սիրելս էր: Ոսումնառությանս տարիներին թեւե արդեն ծանոթացել էի նաեւ երկրի շատ խնդիրներին ու դժվարություններին, միևնույն է, Հայստանում մնալուց հետո` առանց Հայաստանի էլ ոչ մի տեղ չկարողացա հանգիստ ապրել: Քեսաբն էլ, որ շատ եմ սիրում, արդեն ի զորու չէ տեղի հայապահպանության հարցերին լուծում տալ. էլ նախկինը չէ` հայաթափված ու օտարերկրացիներով լցված է: Հայը այնտեղ եւս, ցավոք, երկար չի գոյատեւելու:

Արա Հովսեփյանը ցնցված է այն երեւույթով, որ սփյուռքահայ ընտանիքներում ն եթե երեխաներից գոնե մեկը հայերեն խեսում է, ծնողները արդեն մեծ հաջողություն են համարում ու լիովին բավարավում այդքանով.

-Ես որպես հայ ու ապագա ծնող, անսահման վատ եմ զգում այն մտքից, որ մի օր հնարավոր է երեխաս իր առաջին բառերը արտասանի ոչ հայերեն, այլ` օտար լեզվով, ինչ լեզու կուզե ըլլա: Օրինակ, եղբայրս, որ հիմա ընտանիքով Դուբայում է ապրում, ամեն բան անում է` իր ընտանիքն հայ պահելու համար, բայց ես լավ տեսնում ու զգում եմ` ինչքան բարդ, համարյա անհնար է օտար երկրում երեխա մեծացնել ու նրա մեջ հայի ոգին պահպանել: Ցավոք, ժամանակն ինչքան առաջ է գնում, այդքան «սրբում» է սփյուռքահայության հայկականությունը: Իսկ ես գտնում եմ, որ ամեն սերունդ ինքն է պատասխանատու իր հաջորդի հայ մնալու գործում:

Արան մասնագիտությամբ համակարգչային ծրագրվորող է, ամերիկյան մի ընկերության երեւանյան մասնաճյուղում է աշխատում: Ուրախ է, որ գործ գտնելն իրենից երկար ժամանակ չի պահանջել.

-Աշխատանքս համապատասխան հայտարարությունների միջից եմ գտել, որտեղ մի քանի առաջարկ ինձ հետաքրքեց, գնացի հարցազրույցների ու ընտրեցի ինձ ավելի հարմարը: Թեեւ հիմա վաստակածս երեք անգամ ավելի քիչ է, քան Դուբայի աշխատավարձս էր, այդուհանդերձ, շատ ուրախ եմ. խիղճս հանգիստ է, որովհետեւ իմ Հայրենիքի ու ինձ նմանների մեջ եմ: Ապագաս այստեղ լիովին տեսնում եմ. շատ բան չէ ուզածս` խաղաղ ու հայեցի կյանք:

Հարցազրոյցը վարեց
Մարգարիտա Հովհաննիսյան

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝