Յայտարարութիւն

Thursday, February 16, 2012

Կ Ր Ի Ա Ն – ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՎԱՆԴԱՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՊԱՏՄՎՈՒՄ Է, ՈՐ ԿՐԻԱՆ ՇԱՏ ԱՌԱՋ ԵՂԵԼ Է ՋՐԱՂԱՑՊԱՆ, ԵՎ ԵՐԲ ՈՒՐԻՇԻ ՏԱՇՏԱԿԻՑ ԱԼՅՈՒՐ Է ԳՈՂԱՑԵԼ, ՏԱՇՏԱԿԸ ԿՊԵԼ Է ՄԵՋՔԻՑ ՈՒ ՆԱ ԴԱՐՁԵԼ Է ԿՐԻԱ...



Մոտենում էր անորոշ տագնապը:Ամենուր խոսում էին աշխարհի վերջն ավետող, աշխարհին պատուհասող երկրաշարժերից, կործանարար ջրհեղեղներից: Տարբեր տարածքներում բռնկվող անհեթեթ պատրվակներով մարդակործան պատերազմներն ու նրանց անփառունակ ավարտն ազդարարող հզորների անզորությունը՝ ավելի էր լարում ու պրկում , մտածող ու խաղաղության համար ելք փնտրողների միտքը:Աշխարհին կործանումից փրկելու խենթացնող մոլուցքով տարված հազարավոր միամիտ մարդիկ արդարանում էին, բարձրախոսելով իրենց ազնվությունից, ոչ ոք չէր մտածում զղջալ ու մեղանչել: Արդարներից յուրաքանչյուրին թվում էր , թե ինքն է այս նոր հազարամյակի Աստծո ընտրյալը: Ընտրյալը դառնալու հույսը փաթաթած Աստծո օրհնած խաչին, սպասում էին աստվածային նշանին: Ազնիվ ու չափից շատ միամիտներին էլ թվում էր , թե անցյալը նույնությամբ կրկնվելու է: Մի անգամ հազարամյակներ առաջ մարդկությունը փրկվեց բարեպաշտ Նոյի շնորհիվ: Նրա պատմությունը գիտեին բոլորը: Մեծ ջրհեղեղից , Աստծո գթասրտության շնորհիվ Նոյի տապանը լողաց ջրերի վրա, փրկելով մարդկությանը: Նոյից հետո մարդ արարածի մեղքերը էլի օր , օրի սկսեցին կուտակվել ու ավելանալ, մեղանչողները՝ հատ ու կենտ, նրանց ջանքերը՝ սերունդներին փրկելու աննշմար: Աստվածն արեց հերթական, վերջին՝ աստվածային քայլը: Աշխարհն ապականող մարդկությանը փրկելու, մաքրագործելու նպատակով նա զոհաբերեց որդուն: Որդին մինչ մրուրը ըմպեց դառնությունների գավը: Բայց հարափոփոխ ժամանակների շունչը չէր սթափեցնում, մարդիկ ապրում էին իրար ատելով, Աստծուն՝ գովաբանելով:

Սեր սերմանելու աստվածային ձգտումը, նրա զոհաբերությունը չընկալող ու այն շրջանցող մարդիկ՝ Աստծուն հաճախ մատուցում էին քծնանք, չքմեղանք , ու վախից ավելի խճճվում չմաքրագործվող մեղքի ծփածով նիրվանայում: Աստվածն էլ հոգնած բազմակերպ քծնանքից, որոշեց մեղավորներին պատժել անհատապես: Զի մարդիկ չէին ընկալում աստվածային սիրո իմաստը, քծնելն ավելի դյուրին էր, քան՝ մեղանչելը, առավել դժվար՝ առաքինի ապրելը: Ագահներից շատերը դառնում էին վաճառականներ, փառատենչներից՝ նրանք, ովքեր գլխապտույտից գլուխ չէին կորցնում՝ ուշ, թե՞ շո'ւտ ամուր ու պինդ գլուխներին թագ էին կրում: Մնացածները՝ հույսը տված քծնանքին, միմյանց հրմշտելով օրն էին մթնեցնում: Խոտոր ճանապարհներով գնում էին նպատակին տիրանալու: Հանուն փառքի անում էին անհնարինը: Հազար ու մի ոճիրով ավելացնում արհամարանքը, խորացնում բաժանող վիհը: Մխիթարվում՝ Աստված հիշաչար չէ, բարի է, ներող ու հանդուրժող: Նրա բարեհաճությունը կվերականգնեն, մեկը՝ մյուսին գերազանցող կոթող ու տաճար կառուցելով: Իսկ նա չէր փոխում ունեցած կարծիքը, ոչ մեկին չէր առանձնացնում , չէր զատում, համատարած քծնողներին բնավ չէր նկատում: Գիտեր, որ իշխաններն ու թագավորներն ոչ միայն օտարներին ու հպատակներին, անգամ հարազատներին էին հալածում, լլկում, բանադրում հանուն սին ու վաղանցուկ փառքի: Փառքն ու քծնանքը՝ հավերժ միասին էին: Դժողք-գեհենի իրողությունը չէր զսպում, չէր կաշկանդում ընչաքաղցներին, այն անդարձորեն հեռու էր թվում, ու համարյա անիրական: Բռնություն , ավեր, թալան , սպանություն կոծկելով ՝ քծնանքը հրճվում էր, ծփում ու ծավալվում, ծիածանվում արյուն-արցունքի դառնաղի ծովում: Արդեն ոչ մեկին չէր զարմացնում փառատենչների ձգտումը: Բայց նա մի օր խիստ զայրացավ, աստվածային իր ամենատես բարձրունքից շանթեց մի մարդու, որի ազնվությանը չէր կասկածել բնավ: Հաց արարող ջաղացպանը գայթակղված ցորենի շեղջով ու իրեն վերագրելով արարչագործի դերը՝ ջրաղացում, գողացավ օտարի ալյուրից: Աստված բարկացավ ,հաց արարողի դերի մեջ մտած ջրաղացպան վարքից, անդարձորեն պատժեց ալյուրագողին:
Հացի տաշտակը շրջվեց ու դաջվեց, պլլվեց գող ջրաղացպանի մեջքին: Օրեր շարունակ, ամիսներ ու տարիներ անվերջ, խարանի տեսքով թիկունքին կպած տաշտակը հալածում էր ջրաղացպանին: Գնալով պակասում էին ցորեն աղացողները, մեջքին կպած տաշտակը տեսնում էին անգամ կույրերը: Խոտը ծածկեց ջաղաց տանող արահետը: Ջրաղացպանը կորցրած համբավն ու կարողությունը, զղջումի ցավն աչքերի խորքում ,մտնում էր ջուրը, ելնում էր ջրից: Հին օրերի հեւքով պտտեցնում էր հզոր որձաքարերը, հավատում՝ ջուրը կպոկի տաշտակը, իսկ տաշտակը գնալով ավելի էր սեղմում, ճկում էր ողնաշարը: Ցավի, զղջումի, ապրած սարսափի ՝ արցունքը խոշոր աչքերում ,օր-օրին այլափոխվում էր:Մտնում էր ջուրը, ելնում էր ջրից, ջրաղաց մտած արեւի թրթռացող շողքը թվում էր ցորենի շեղջ:Լույսի շեղջն էր աղում: Անվերջ պտտվելուց շիկացած որձաքարերը փշրվեցին: Փոշիացան:Ջրաղացն էլ չդիմացավ փլվեց:Տարիների երկարող շղթան անցնում էր աննկատ, ջրաղացպանի ոտքերն ու ձեռքերը կարճանում էին,նա օրերով ջրից դուրս չէր գալիս:Որձաքարերի փշրանքներից պատրաստած մանր խճաքարերով հաշվում էր օրերի շղթան:Կամաց-կամաց կերպարանափոխվեց դարձավ հետ ջրհեղեղյան առաջին հիբրիտ արարածը:Անունն էլ գտավ նրան, այդպիսին էր Աստվածայինի անբեկանելի կամքը:ԿՐԻԱ... Աստծո կամքով նա մահ չուներ, վերափոխվելու , վերստին մարդանալու տենչը, բնազդը նրան տանում էր ամենուր ու նա շրջեց ողջ աշխարհը: Մարդիկ ապրում էին հացով, օրվա արքաները,անգամ ՝ փառքը կորցրած հները: Հացը կար՝ թե աղքատի, թե նորաթուխ հարուստի սեղանին: Ապրեց դարեր իր տարօրինակ , զարմանահրաշ արտաքինով, նա Աստծո տված վերջին ու միակ անեծք կրող էր, եւ լավ գիտեր , քանի դեռ կա երկիրը լլկող ու մարդուն խաբող տմարդը, ինքը կապրի ու կունենա իր նման զեղունաժառանգներ՝ կրիա անունով:
Արհավիրքները, ջրհեղեղները նրան չէին վախեցնում:Արտաքինը հրապուրիչ չէր,լռայկաց, համարյա քչախոս,բնազդներով լի,համառ էր, համբերատար:Միակ բազմակենցաղը՝ցամաքում, ջրում, անապատում,լեռնալանջերին:


Մեջքի աղյուսա նախշերով զրահ, փոքր թաթիկներն ու տոտիկները,կակուղ ողնաշարը, երկարուկ ու պինդ վզիկը, վզիկի վերջավորությանը միաձույլ աննկատորեն մեծացող ու կլորացող գլխիկը՝ թեթեւաբարո կանանց միջավայրում հարուցում էր կրքատենչ ու տռփասեր ցանկություններ, երբ զրահի տակից դանդաղորեն դուրս էր գալիս՝ շփոթության խուճապի ալիքին հաջորդում էր ահարկու քրքիջը, գլխիկը՝ երկարուկ վզիկին միաձույլ, ողորկ ու լերկ, որի աջ ու ձախ մասերին խոշոր ու խոնավ աչքերն էին,իրենց բնում անվերջ վազում: Աչքերը՝ ասես վախեցած,խորունկ ու թաց, հարուստ հազար ու մի հիշատակներով, երբեմն՝ սրտաշարժ, լսողին անվերջ տրամադրող ճշմարտանման պատմություններով: Աչքերին երկար նայելուց միամիտ մարդիկ միանգամից հմայվում էին:Դրախտից վտարված նույն թովիչ ու խարդախ օձի աչքերն էին:Արտառոց արտաքինի, հեզ ու խոնհար անվնաս բնավորության շնորհիվ նա փնտրված արարած էր:Օտար աչքից աննկատ, թաքուն,մինչեւ վերջ չբացահայտված, խորհրդավոր կրիան միշտ էլ ուներ հզոր հովանավորներ՝ աշխարհի բոլոր կանայք, որոնց նա հաճախ մատուցում էր մանր-մունր ծառայություններ: Բնում անվերջ պտտվող ամենինչ տեսնող իր արագաշարժ աչքերի շնորհիվ: Ասկետ էր, քչով բավարարվող:Ժլատ էր, նույնքան էլ տերերին սիրաշահող: Մատուցած ծառայությունների փոխան թույլատրեին լողալ փոքր ջրավազաններում, որտեղ կար թափվող ջրի մեղմ կարկաչը, մրմունջը ,ցանկացած լույսի շողք՝ արեւի շողք հիշեցնող, նրա միակ թուլությունն էր ու երազանքը: Իսկ լողավազաններ ամենուր կային: Թե ճոխ պալատներում, թե հարուստների առանձնատներում, շատ անգամ նույնիսկ ամրոցատեսք ննջասենյակների կից հարկաբաժիններում:Նա ազատորեն վայելում էր բնազդային հաճույքներն ու անվերջ էր արեւի շողքն աղալու թաքուն երազանքը: Խելագարության չափ ահագնացող ձգտումը էր օրերից մի օր ,անծայրածիր հզոր ու բաց օվկիանոսում ՝ արեւի հերարձակ խրձերը աղալով , աղերսեր Աստծուն բազմակենցաղ մեղքերին թողություն: Երազանքն էր կրկին մարդանալ, թեկուզ՝ ջրաղացն ու հացը՝ Տերն արժանի չհամարի: Իսկ ո՞վ չուներ երազանք:


Արքան օրվա, թե՞ աղքատը հետին: Մեջքի զրահը՝ դիմացկուն, զարդա նաշխով, որձաքարից ամուր, ի՜նքը լավ գիտեր զրահի ամրությունը: Յուրաքանչյուրն իր երազով ու երազին բարուրած ապրելով, անցնում էր իր կյանքի անկրկնելի ճամփան: Ճանբին արված խոտոր քայլերից հաճախ սթափված, վախից ու հատուցման երկյուղից ահաբեկ ՝ եռանդով քծնում ու արդարանում էին , փորձում էին մեղանչումներով վերագտնել նախ իրենց կորցրած հավատը: Դժողքի սարսափազդու պատկերը, թեեւ հեռավոր, խորթ ու վանող էր բոլոր մահկանացուների համար: Գալիք գեհենից խուսափելու մարմաջով փորձում էին ետ վերադարձնել մերձավորից խլածն ու թալանածը, բայց ոչ նրան՝ ումից խլել ,շորթել, թալանել էին , վերադարձնում էին Աստծուն ,նվիրում էին ու քծնում էին Աստծուն: Իսկ Աստվածն անտարբեր էր, նրան վկայակոչելով՝ կառուցում էին աղոթատներ,հավատում էին , անգամ համոզված էին , որ ընչազուրկին , աղքատին ու հիվանդին փրկելը Աստծո գործն է,Աստված կկերակրի, երբեմն էլ հասած մահվան շեմին ՝ անում էին շռայլ նվիրատվություններ, անգամ անմահություն էին երազում, գեհենից փախած ՝ Աստծո շնորհիվ դրախտ էին տենչում: Բայց Աստվածն անհաղորդ էր: Նրա գութը շարժելու ջանք ու եռանդը զուր էր անցնում: Բարձյալը անտարբեր էր, նա վաղուց հիասթափված , հոգնած մարդկության հեղհեղուկ վարքից , անբարո բարքից, անհամար քծնանքախաղերից, շռայլ անհարկի նվիրատվություններից, այլեւս փորձ չէր անում փրկելու նոր տարերքի , կործանման շեմին հասած անբարոներին: ԿՐԻԱՆ դա գիտեր...Բարձյալի ներկայությունը ամեն պահ զգացող հոգիները՝ սոսկումի, հրճվանքի, արբեցումի մեջ թավալվում էին հավասարապես:Յուրաքանչյուրը ինքնատիպորեն, գտել էր մեղանչումի իր արահետը: Արահետները գնալով միախառնվում էին ու դառնում ճանապարհ, որի աջ ու ձախ կողմերում վեր էին խոյանում խրոխտ խաչերով երկինք միտող եկեղեցիներ, մտքի անձեռակերտ կոթողներ, հազար ու մի տաճարներ: Կյանքը դարձել էր անգիտակից խաղ, խաղ իր անակնկալ ելքերով: Կրիան քչերից մեկն էր ,որ գիտակցում էր մերկ ու դաժան ճշմարտությունը: Նա լավ գիտեր, որ նույնիսկ արքան մերկ է ու տկլոր, որ նա էլ մի սովորական մահկանացու է եւ հույզերի ալեբախության ժամին դարձել է արքա:


Վաղուց , շատ վաղո~ւց Կրիային պատժելուց հետո Բարձրյալը չէր հետեւում իր սահմանած կարգին: Ի՜նչու հտեւեր, բոլորն էլ արդար էին ու նույնքան էլ մեղավոր: Վերջին դատաստանից հետո աշխարհում միակ մեղավորն ու մեղքի համար պատժվածը մնում էր նախկին ջաղացպանը՝ կրիան, ողջ ազգ ու տակով , տոհմով ու գերդաստանով : Անգամ սերնդագործնեությամբ զբաղվելը տանջալիորեն երկար էր ու պարտադիր՝ միայն ցեղի ներսում: Չնայած խիստ կրքահարույց տեսքին ,մյուս սեռի հանդեպ եղած անհագուրդ տենչերին, վավաշոտ ու թախծածորուն աչքերին, դատապարտված էր անզորությամբ: Բազմակենցաղ կրիայի համար յոթը պորտը արժեք չուներ,ի տարբերություն ջորուն՝ նա սերունդ տալիս էր, բայց դժվար տքնությամբ: Թերեւս դա էր օձի ու կրիայի մտերմության գրվականը:Հին պատժվածները անցած բոլոր սողունների ու զեղունների գլուխը, ազատ ու անկաշկանդ պատկեր նշագրերով սարսափի ու խուճափի ալիքը զորացնում, ավելի էին թեժացնում: Նրանք նկարում էին ՏԱՊԱՆԸ , պոչով արագ սրբում, նկարում էին տապանի նմանակած, բայց առանց Աստծո օրհնանքի վերջերս կառուցած ՏԻՏԱՆԻԿԸ ու տարվում խելահեղ պարով:Վե~րջն է,աշխարհի վերջն է:Չգիտեին , չէ ավելի շուտ չէին ուզում հիշել Նոյին , անգամ ՏԻՏԱՆԻԿԻՑ փրկված Սմբատ Բյուրատի որդուն՝Վաղինակին, էլի միակ հայի, իրական պատմությունը, նրանք համարում էին պատահականություն:Մաքրամաքուր հայի վարքը անըմբռնելի, անծանոթ էր մեղքը շալակած, հազար ու մի նկուղ, պալատ ու լողասենյակ ելումուտ արած անիծված բազմակենցաղներին: Նրանց համար թռիչքն ու ճախրանքը խորթ էր:Սողացողներով ու քծնողներով լեցուն աշխարհը վաղուց խորթացել էր ճախրանքին:Շիփ շիտակ, թրատող մտքից խորշում էին:Կրիաները ջանադիր ու բնազդներով աղում էին լույսի դալուկ ստվերը համառ կամակորությամբ փորձում էին պտտել ժողովեդի դիմակայության որձաքարերը՝ առանց աղունի, ասես բնազդով փորձում էին պտտելով փոշիացնել որձաքարերը:Դարաշրջանը կրիական դարձնելու տենդով տարված,մոլուցքով քծնում էին պահի հպանցիկ արքաներին: Ժամերով լողում էին բոլոր գույների ջրերում, կուլ էին տալիս հազար ու մի համ ու հոտ ունեցող պղտոր

հեղուկներ, որ վաղվա անվերջ երկարող ջրհեղեղի օրերին շուռ գային ջրերի մեջ, մեջքի վրա ստեղծելով պստլիկ տապանի պատրանքը՝ ի տես Աստված: Կարճլիկ թաթիկները պարզած վեր, մեջքի վրա անվերջ աղերսելով. -Փրկիր տեր, մարդ չըմնաց, բոլորը թռան ու սկեցին, մեզ գոնե մարդացրու, կմնանք հլու հպատակ, երբ ջրերը քաշվեն տուր հաց արարելու շնորհը, տար հին տաշտակը, ջրաղացում ջանադիր միշտ կաղոթենք, զզվեցինք զրահից, մեր թաց ու վավաշոտ աչքերից, ետ տուր մեր ողնաշարը: Տերը ինչպես միշտ լուռ էր :Անհաղորդ: Ջրերը բարձրանում էին : Խավարի մեջ հիվանդ ու մելանխոլիկ վետվետում էր դեղնուցքանման լույսը ՝ ձու դառնալու ամբողջանալու երազանքով: Համատարած լռություն էր անխորհուրդ ու մութ: Ապրում էր հայը, ու պատմում: Կորած տիտանիկների, բանախոսող ու վավաշոտ արքաների, նրանց գլխատող հեղափոխականների եւ գալիք ջրավազանների շուրջը երեւացող լռայկաց , խոսուն աչքերով , տանկաձեւ թրթուռավոր սողուն ու միջատ հովանավորող կրիայի զարմանահրաշ պատմությունը:






































«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝