Յայտարարութիւն

Sunday, April 22, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ (Ծաղկաքաղ) 1 - Գրիգոր Նարեկացի - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան


Սիրելի ընթերցող,

Լոսանճելըսաբնակ հայրենի մտաւորական եւ «Նշանակ»ի հրապարակումը բանիւ եւ գործով գնահատող Վահան Գէորգեան ուղարկած է այս գեղեցիկ թարգմանութիւնը , ինչպէս ան կը յայտնէ վարի բացատրութեան մէջ: «Նշանակ» շնորհակալութիւն կը յայտնէ սիրելիք՝ Վահան ու Վազգէն Գէորգեաններուն : Կը հրաւիրենք ընթերցողները , ամէն օր տաս վայրկեան տրամադրել ու կարդալ հատուած մը Նարեկացիի Մատեան Ողբերգութենէն , ժողովրդական լեզուով՝ «Նարեկ» էն : Այս ծաղկաքաղը կը բաղկանայ 55 էջերէ : Պիտի փորձենք քսան օրերու ընթացքին հրապարակել զայն: Բնագիրը Աբեղեան ուղղագրութեամբ է , խմբագրութիւնս յարմար նկատեց զայն Մեսրոպեան ուղղագրութեամբ հրապարակել:
Անգամ մը եւս շնորհակալութիւն Վահան Գէորգեանին:
«Նշանակ»


.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«

Նարեկացին թող աւելի ճոխացնի ու իր շնչով ուժ ու հաւատ ներարկի «Նշանակ»ի գրասէրներին : Այս էջերի թուայնացումը կատարել էր դոկտոր Հրաչ Վարդանեանը, նա՝ Իրանից , ես՝ Հայաստանից, մի օր մենք պատահաբար հանդիպեցինք Գլենդելի գրադարանում եւ արագ մտերմացանք: Մտաւորական ու պրպտող մտքի տէր անհատ էր, լաւատեղեակ հայ գրականութեանը: Սովորել էր ԱՄՆում, կտրուած ծննդավայրից, այս հեռաւոր ափերում ապրում էր Հայաստանով , հայ մշակոյթի նուիրեալներից էր:
Վահան Գէորգեան

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»






Ի Խորոց Սրտի Խօսք Աստծու Հետ

Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես.
Եւ իմ սասանուած մտքի ճենճերող
Իղձերի պտուղն ու բերքը դրած
Անձս տոչորող թախծի կրակին՝
Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ:
Սակայն կը նայես նրան, ո՜վ գթա´ծ,
Ու կը հոտոտես աւելի սիրով,
Քան պատարագն այն բոլորանուէր,
Որ մատուցւում էր ծխով թանձրաբարդ:
Ընդունիր հիւսուածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խօսքերի
Բարեհաճօրէն, ոչ թէ բարկութեամբ:
Բանական զոհիս մտքի խոհածուփ սենեակի խորքից
Սրտիս անձկութեամբ ելած կամաւոր այս նուէրը թող,
Ողջակիզուելով պարարտակուտակ ճարպիս զօրութեամբ,
Բարձրանայ ու քեզ հասնի անյապաղ:
Եւ աղերսախառն դատի մտնելս քեզ հետ, ո՜վ հզօ´ր,
Թող քեզ տաղտկալի չթուայ յանկարծ,
Ինչպէս ձեռքերի կարկառումն ի վեր
Ամբարշտացած Յակոբի ցեղի,
Որի դէմ բողոք գրեց Եսային
Կամ թե սաղմոսի առակում յիշուած
Անիրաւութիւնը Բաբելոնի,
Այլ ընդունելի թող լինի այն քեզ,
Ինչպէս Սելովի խորանի անուշ խնկաբուրումը,
Դաւթի նորակերտ խորանի՝ յանուն այն տապանակի,
Որն իր վերստին գերեդարձութեամբ
Վերագտնումն է խորհրդանշում,
Ասես, նաև իմ կորուսեալ հոգու:

***

Հնչում է ահա ուժգնապէս ձորում վրէժխնդրութեան՝
Ձայնը ահաւոր քո դատաստանի,
Երկնելով իմ դէմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում.
Այժմ իսկ զգում եմ արդէն անձիս մէջ
Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի,
Եւ չար ու բարի խորհուրդների ահա խմբուած բազմութեամբ,
Ապառազինուած զէնք ու սուսերով՝
Բախւում են իրար ոսոխների պէս,
Դարձնելով համակ ինձ մահուան գերի:

***

Եթէ վշտերից լքուած, յոգնաբեկ ՝ մէկը նուաղի,
Թող ամրապնդուած յառնի վերստին
Հառաչանքների այս հարստարանով՝ յուսալով ի քեզ:
Եթէ ամբարտակն ապահովութեան մեղքով խորտակուի,
Թող որ քարերով այս, շնորհաձիր
Աջովդ յարմարուած, կառուցուի դարձեալ:
Եթէ յանցանքի սուսերով յոյսի լարը կտրուի,
Ամենակալիդ բարեհաճութեամբ՝
Ամուր պատուաստմամբ՝ քող կցուի նորէն:
Եթէ հոգեկան մահաբեր մի ցաւ պաշարի մէկին,
Թող որ սրանով, աղօթելով քեզ,
Ստանայ կեանքի յոյս ու փրկութիւն:
Թէ տագնապահար ու տարակուսուած խոցոտուի մի սիրտ,
Սրանով փրկուած՝ թող ապաքինուի ՝ մեծիդ քաղցրութեամբ:
Թէ անքաւելի մեղանչումներից մէկը կործանուած՝
Ընկղմուած լինի խորքն անդունդների,
Թող որ այս կարթով դէպի լոյս ելնի՝ քո աջակցութեամբ:
Եթէ թմրութեամբ խաբեպատիր ու խաւար գործերի
Մէկը դալկացած լինի կարեւէր,
Թող որ զօրանա նորից քեզ համար,
Միակ զօրավի´գ, ապաւինած քեզ:
Եթէ պահպանակն ապահովութեան լքի մի մարդու,
Թող որ սրանով յոյս առնի դարձեալ քո յոգնածութեան:
Եթէ սարսուռը դիւային ջերմի
Խռովի մէկին տենդով մոլեկան,
Թող որ սթափուի այս նոյն նշանով՝
Երկրպագութեամբ խոստովանելով խաչիդ խորհրդին:
Եթէ մրրիկը անօրինութեան խորտակիչ հողմի
Աշխարհիս ծովում մարդու մարմնեղէն
Շինուածքն հարուածի ալեբախութեամբ,
Թող որ խաղաղուի կրկին այս ղեկով՝ ուղղուած դէպի քեզ:

Շար . 1


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝