Յայտարարութիւն

Monday, April 23, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ (Ծաղկաքաղ) 2 - Գրիգոր Նարեկացի - Թարգմանեց Վազգէն Գէորգեան




Բարեզարդեցիր խօսելու ձիրքով,
Շունչ ներարկելով՝ փայլ տուեցին ինձ,
Մտքով ճոխացրին, աճեցրիր խելքով և իմաստութեամբ,
Հանճարով օժտած՝ զատորոշեցին շնչաւորներից,
Համադրեցին բանական ոգով,
Պճնեցիր գոյով անձնիշխանական:
Ծնեցիր հօր պէս, հոգատար եղար դայակի նման
Եւ խնամեցիր որպէս ստեղծող:
Ինձ՝ ամբարիշտիս տնկած գաւթիդ մէջ,
Ոռոգեցիր քո կենսատու ջրով,
Աւազաններիդ ցօղով մաքրեցիր,
Արմատացրիր վտակով կենաց,
Կերակրեցիր հացովդ երկնային
Համարձակօրէն նայի դէպի քեզ,
Պարածածկեցիր քո փառքի լոյսով,
Քեզ մօտեցրիր անմաքուր ձեռքիս մատներն հողանիւթ,
Մահացու մոխրիս յարգեցիր որպէս լոյսի ճառագայթ,
Քո հօրը հզօր,օրհնեալ,ահաւոր,
Մարդասիրաբար հայր կնքեցիր և անարժան անձիս:
Չայրեցիր բերանս,լցուած նանրութեամբ,
Երբ ժառանգակից կոչեցի ինձ քեզ.
Չկշտամբեցիր,երբ յանդգնեցի քեզ կցորդուելու.
Չմթագրեցիր լոյսը աչքերիս,
Երբ որ հայեացքս քեզ էի յառել.
Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր.
Չխորտակեցիր դաստակը բազկիս,
Երբ անմաքրապէս քեզ էր կարկառւում.
Չկոտրատեցիր մատներս երբ ես
Շօշափում էի պատգամդ կենաց:
Նուիրման ժամին խաւար չպատեց շուրջս,ահաւո´ր.
Չփշրտեցիր շարքն ատամներիս
Քեզ ըմբոշխնելիս,անսահմանելի´.
Չնայեցիր ինձ բարկութեամբ խոտոր,
Ինչպէս վարուեցիր իսրայէլի հետ,
Երբ խոտորնակի քեզ հետևեցի.
Խայտառակ չարիր հարսնարանիդ մէջ
Ինձ՝անարժանիս,քո պարերգութեան.
Ո´չ հանդերձներս գծուծ տեսնելով՝
Անօրինեալիս յանդիմանեցիր,
Ո´չ ձեռք ու ոտս ամուր կապկպած՝
Ի կուր խաւարի՝ վռնտեցիր դուրս:
***
Լսի՝ր ինձ, Աստուա՝ծ,
Դու, որ աստուած ես ամէ՝ն մի մարմնի, ամէ՝ն մի հոգու,
Ըստ դաւանութեան աստուածնորհի,
Եւ երկայնամիտ ու բազումողորմ, ըստ սուրբ Յովնանի,
Շնո՝րհ արա ինձ, որ օրհնեալ կամքիդ բարեհաճութեամբ
Աւարտի հասնի աղերսամատեանն
Այս ողբերգական, որ սկսել եմ:
Եւ մինչ այժմ ես, երբ ոտք եմ դրել այն ճանապարհին,
Որը տանում է դէպի պատրաստած օթևաններդ,
Արցունքներով եմ խօսքս սերմանում,
Երբ հասնի ժամը հնձի հաւաքման,
Թող որ կատարեալ քաւութեամբ դառնամ զոհ ու բերկրալից՝
Ընտիր խրձերի երջանիկ բերքով:
Չտա՝ս ինձ սրտի անորդի արգանդ, Իարայէլի պէս,
Ոչ էլ աչքերի ցամաք ստինքներ, ո՜վ ամենագո՝ւթ:
Լսի՝ր բանական աղաչաւորիս, հզօր ողորմա՝ծ,
Նախքան երկնքին, երկունքը՝ երկրին,
Եւ սա՝ ցորենին, գինուն ու ձէթին,
Իսկ սրանք բոլորն Իսրայէլին:
Երկնաւորների աղերսն, ուղղուած քեզ,
Թող որ աւելի ազդի իմ հոգուն,
Քան թէ տարրերին ապականացու:
Դու ստեղծող ես,իսկ ես միայն կաւ.
Տարակուսուածիս այս հեծեծագին
Աղերսանքների սկզբից յայտնի´ր կամքդ բարեգութ,
Որ կարողանամ զօրանալ այստեղ,
Որպէսզի երբ որ երկինքը վերին իմ առաջ բացուի,
Չլինի յանկարծ,լոյս վայելելուն անվարժ,անընտել,
Մի մոմի նման հալուելով իսպառ ջնջեմ մէջտեղից:
Սիրտ տո´ւր զրկուածիս,ինչպէս ասողն է գոչել աղօթքով,
Ուժ դալկացածիս և կեանք մաշուածիս խղճի խայթերից,
Ոչ թէ անձկութեամբ ու տառապանքով քեզ որոնելուց:
Ա´ռ աւանդն իմ այս աղաչանքների
Եւ ողորմութեան շնորհներդ տո´ւր,
Ընդունի´ր փոքր այս ՝ տկարիցս
Եւ հզօրիցդ՝ մեծը շնորհի´ր:
Զօրաւոր դարձրո´ւ խօսքերս զղջման՝
Ուղարկելով մեզ հոգի բարձունքից՝
Քո աստուածաշունչ այն պատգամներով,
Որ զետեղել եմ այս մատեանի մէջ:
Ճշմարտութեամբ լուսաւորելով
Առակով ասուած խօսքը Եսայու,
Հաճի´ր, բարերա´ր, պարգևել մահուան արժանաւորիս՝
Իմ անարձագայն պղնձի տեղակ՝ շնորհիդ ոսկին,
Անզարդ սևաթոյր իմ երկաթի տեղ՝
Հրաշէկ պղինձը Լիբանանի,
Որ օրինակն է առաքինութեան:
Ինչու կարծրացնես սիրտը եղկելուս,անճառ, ահաւո´ր,
Որ չթափանցի երկիւղդ այնտեղ:
Թող որ անվաստակ չմնամ փոքր այս աշխատանքից,
Ինչպէս ջրազան սերմնացան՝ ամուլ, անբերրի հողի.
Թող չպատահի ինձ յանկարծ երկնել, սակայն չծնել,
Ողբալ՝ չարտասուել, խորհել՝ չհառաչել,
Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել,
Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես,
Պաղատել, սակայն անտեսուած մնալ,
Կողկողել, սակայն դու չողորմես,
Աղաչել քեզ՝ բայց ոչինչ չշահել,
Զոհեր մատուցել, բայց չճենճերել,
Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ:
Լսի´ր ինձ, նախքան ես կը դիմեմ քեզ, ո՜վ միայն հզօ´ր.
Մեղքերով ապրած օրերիս չափով՝
Անվճար թողած պատժի տուգանքը
Ինձ՝ չարագործիս, նոր տանջանքներով վճարել մի´ տուր:
Փրկի´ր ինձ, գթա´ծ, լսի´ր, ողորմա´ծ,
Մարդասէր եղի´ր իմ հանդէպ, ներո´ղ,
Խնայող եղի´ր, ո՜վ երկայնամիտ,
Պաշտպանի´ր, ապաւէ´ն, բարերարի´ր, հզօ´ր,
Ազատի´ր, ամենակա´լ, կեանք տո´ւր,նորոգո´ղ,
Վերականգնի´ր, ահաւո´ր, լուսաւորի´ր, երկնայի´ն,
Բժշկի´ր, հնարագէ´տ, քաւի´ր, անքնի´ն,
Պարգևատրի´ր, առատաձե´ռն, շնորհազարդի´ր, աննախա´նձ,
Հաշտուի´ր, անախտակի´ր,ընդունի´ր, անոխակալ,
Ջնջի´ր պարտքերս, ո՜վ օրհնաբանեա´լ:
Երբ թշուառութեան պահին աչքերս սևեռած լինեմ
Ինձ սպառնացող զոյգ վտանգներին,
Թող որ տեսնեմ քո փրկութիւնը, յոյս ու խնամակա´լն
Եթէ հայեացքս դէպի վեր յառած՝
Դիտելու լինեմ ամենագրաւ ուղին սոսկալի,
Թող խաղաղութեան հրեշտակդ ինձ պատահի սիրով,
Իսկ վերջին օրս, շունչս արձակելիս,
Ցոյց տո´ւր երկնային երջանիկներից
Մի լուսաթռիչ ու մաքուր հոգի,
Որ հասնի ինձ մօտ սիրուդ պարգևով,
Նաև վախճանուած արդարներից ինձ կարեկից հասցրո´ւ:
Յուսահատ օրս չարագործիր,
Քո անակնկալ բարին շնորհի´ր,
Ո՜վ բարեբանեալ փրկիչ բոլորի,
Հիւանդ ոչխարիդ որպէս ուղեկից
Չլինի որ տաս դժնդակ գազան:
Մեղքով մեռածիս պարգևի´ր, գթա´ծ, անապական կեանք
Ու կործանուողիս ծանր պարտքերիս ծանր պարտքերից՝ փրկութիւնը քո:

Շար . 2

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝