Յայտարարութիւն

Thursday, April 26, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ (Ծաղկաքաղ) 3 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց Վազգէն Գէորգեան

Քեզնից ստացած արժանիքներս այս, բարիքները ողջ Ու ներողամիտ համբերութիւնդ, Օրհնեա´լ, բարերա´ր և երկայնամի´տ, Ես՝ մեղապարտս, փոխարինեցի Անթիւ անհամար ու բազմապիսի անօրինութեան, Այլև մարմնական հոգևոր բոլոր ախտերով ծփուն՝ Երկնաքարշ յոյզ ու մտորումների: Եւ այսպէս ահա, այդ բոլորի տեղ, Աստուա´ծ իմ և տէ´ր, Ես՝ խելակորոյս յիմարամիտս, Քեզ չարիքներով փոխհատուցեցի, Ինչպէս Մովսէսն է յանդիմանաբար ասել առակով: Երախտիքներն ու բարիքները քո Անմիտ ընթացքով վատնեցի իսպառ. Բարձրեալիդ կողմից հոգատարութեամբ Ինձ վրա բարդած անճառ, լուսաւոր շնորհները ողջ Խելագարութեամբ մրրիկով ցնդեցրի: Թէպետ շատ անգամ հոգածու ձեռքդ կարկառելով ինձ՝ Ուզեցիր ձգել դէպի քեզ, սակայն ես չցանկացայ, Իսրայէլի պէս, ըստ մարգարէի ամբաստանութեան: Թէև խոստացայ քեզ հաճոյ լինել, Սակայն այդ ուխտը նոյնպէս դրժեցի Նոյն չարիքները նիւթեցի դարձեալ, Վերադառնալով նախկին կենցաղիս: Անդաստանները սրտիս հերկեցի Միայն մեղքերի փշերի համար, Որ որոմն այնտեղ արգասաւորուի: Ինձ են պատշաճում առակները ողջ Աստուածարեալ սուրբ մարգարէների Քանզի դու ինձնից յուսացիր խաղող, Փոխարէնը ես ընձիւղեցի փուշ. Որթացած այգիս դառն ու անախորժ պտուղներ տուի: Ապաւինեցի անհաստատ հողմին, Որով յարածուփ տատանումնրով Այս ու այն կողմ եմ միշտ տարուբերւում: Ըստ Յոբի խօսքի, գնացի անդարձ մի ճանապարհով Յիմարի նման շէնքս շինեցի աւազի վրայ. Խաբուած՝ կարծեցի լայն արահետով Կարող եմ հասնել անձկալի կեանքին. Ինքս փակեցի ելքը ճամբէքիս. Կամովին բացի վիհս կորստեան: Իմ լսելիքի պատուհանները խցեցի ամուր Որ կենդանարար խօսքդ չլսեմ: Գոցեցի նայուածքն հոգուս աչքերի, Որ չնկատեմ դեղս փրկութեան. Վեր չցատկեցի մտքիս լքումից ու թմրութիւնից՝ Ի լուր պատգամիտ ահաւոր փողի. Մեծ դատաստանի հրափորձ օրուայ Ուժաբեր ձայնից չաչալրջացայ. Չարթնացայ երբեք կորստի տանող մահաբեր քնից: Հանգիստ չտուի հոգուդ՝ մարմնեղէն տաղաւարիս մէջ Բանական շնչիս հետ չխառնեցի Մասը՝ պարգևած քո շնորհների. Ըստ առակողի, ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստ՝ Կենդանի հոգիս մատնելու մահուան: *** Ի՝նչ շահ սրանից, կամ ինձ ի՝նչ օգուտ, Ու արձակելով այսպէս շարունակ Ողբ ու հեծութիւն՝ ինքս վհատուեմ Ու դուրս չթափեմ խօսքիս խարանով Մահացու վէրքիս շարաւն ամբարուած Կամ ՝անօթութիւնը, որ մթերուած է սրտիս խորքերում, Առաջ բերելով հոգեկան սաստիկ ցաւատանջ խիթեր, Նողկանք պատճառող մատնամխութեամբ չփսխեմ իսպառ: *** Ահա մտքերիս սևեռուն հայեացքն ուղղած դէպի քեզ Որպէս թիրախի, անձն իմ անպիտան, Խօսքիս քարերով, ինձ պէս անընտել վայրի գազանի, Անողորմաբար պիտի քարկոծեմ: Թէկուզ դրանով չարժանանամ իսկ արդար կոչվելու, Բայց, իմաստունի խօսքի համաձայն, Ինքնակամօրէն, ինչպէս մի ոսոխ, Պիտի ոգորեմ ինքս իմ անձի դէմ: Եւ բոլոր գաղտնի յոյզ ու մտքերն իմ Խոստովանելով՝ որպէս կատարուած չարագործութիւն Պիտի անսքօղ հրապարակեմ, Խպնեմ քո առաջ, Աստուա՜ծ իմ և տէ´ր: Քանզի որքան շատ պարսաւեմ ինքս ինձ, Այնքան աւելի պիտ' արժանանամ Աննուազելի քո ողորմութեան, Ստանալով իմ անթիւ մեծամեծ պարտքերի դիմաց՝ Առաւել առատ շնորհները քո: Որքան աւելի ճարակուած լինեմ Անբժշկելի, ծանր ու անամոք վէրք ու խոցերու: Դրա համեմատ այնքան առաւել ու կրկնապատիկ՝ Բարձրեալ բժշկիդ իմաստութիւնը ամենահնար Ցուցադրուելով պիտի հռչակուի: Շար . 3 «»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝