Յայտարարութիւն

Sunday, April 29, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - (Ծաղկաքաղ 5) Թարգմանեց ՝ Վազգէն Գէորգեան

Աղաչում եմ քեզ,բոլոր չարաչար ու տաժանելի Տառապանքների վիշտ ու թախիծով Լի հոգիների խնամակալիդ. Մի´ բազմապատկեր ցաւս հեծութեան Եւ մի´ խոցոտիր վիրաւորուածիս, Մի´ դատապարտիր արդէն պատժուածիս, Բազմաչարչարիս մի´ տանջիր նորէն, Խարազանուածիս մի´ գանակոծիր, Մի´ գլորիր ինձ, երբ ընկած եմ ես Եւ մի´ կործանիր անօգ գայթածիս, Ամօթահարիս մի´ ամաչեցրու, Տագնապահարիս մի´ յանդիմանիր Եւ մի´ խորտակիր յուսահատուածիս, Յուզուածիս էլ մի´ խռովիր նորէն, Մի´ ալեկոծիր բքահարուածիս, Էլ մի´ սասանիր, երբ ցնցուած եմ ես, Մի´ հողմակոծիր արդէն մրրկածիս, Մի´ կեղեքիր ինձ, յօշոտուած եմ, տե´ս, Արդէն ջարդուածիս էլ մի´ ջախջախիր, Էլ մի´ բզկտիր, մորմոքուած եմ ես, Մթնածիս նորից մի´ կուրացրու, Մի´ ահաբեկիր սարսափահարիս Եւ խարշատուածիս էլ մի´ խոռովիր, Անկար հիւանդիս մի´ մահացրու, Մի ծանրաբեռնիր թոյլ ու տկարիս. Մի´ աւելացրու ծանր անուրներ թիկունքիս կարկամ, Դառն հեծեծանքիս՝ նորանոր ողբեր: Մի´ վարուիր այդպէս ուժգնօրէն՝ հողիս, սաստկապէս՝ մոխրիս, Ահարկու՝ փոշուս, անաչառօրէն՝ գոյակիս հանդէպ: Եւ մի´ ընդհարուիր այդքան խստութեամբ՝ Մեծդ փոքրիս հետ, լոյսդ՝ խաւարիս, Բնութեամբ բարիդ՝ ի բնէ չարիդ, Ողկոյզ օրհնութեան անէծքի պտղիս, Քաղցրդ էութեամբ՝ համակ դառնութեանս, Փառաւորեալդ անայլայլելի իսպառ անարգիս, Նշխարդ կենաց՝ կաւի զանգուածիս, Տէրդ տէրերի՝ երկնային տիղմիս, Լիութիւնդ անհատ՝ աղքատ ստրուկիս, Առատութիւնդ աննուազելի՝ Ապաւինազուրկ բազմաչարչարիս, Բարութիւնդ անբաւ՝ ամենաթշուառ չքաւորիս հետ: Քանզի այն ով է, որ հասած լոյսին արևածագի՝ Կասկած չունենայ, թէ խաւարի մէջ կարող է ընկնել, Կամ մօտիկ լինելով կեանքին՝ մահանալ Կամ ազատութեան՝ և բռնադատուել, Փրկութեան՝ մատնուել, նորոգման՝ եղծուել, Կամ թէ օրհնութեան՝ և տարագրուել, Կամ բժշկութեան՝ և վիրաւորուել, Լիառատութեան՝ նուազել յանկարծ, Հացի ճոխութեան՝ ու քաղցած մնալ, Գետի հոսանքին՝ ծարաւից այրուել, Գթին մայրական և նենգադաւուել, Կամ աստուածային աջիդ խնամքին՝ ու զրկուած մնալ: *** Ահա ճարակող քաղցկեղի նման Յանցանքիս վէրքերն անցել են բոլոր օրինակներից Ու տարածուելով՝ լափել լիովին անդամներս ողջ. Գթիք սպեղանի, Իսրայէլի պէս, Որ դրուի անչափ իմ խարաններին. Հիմնախարսխից ազդրերիս մինչև Ծայրագագաթը մարմնիս շինութեան Չկայ այլևս որևէ առողջ Կամ բժշկութեան ենթակայ մի տեղ: Լսի´ր, ողորմած, բարերար, օրհնեալ, Եւ երկայնամիտ սրտիս այս ողորմաղերս պաղատանքներին, Որ անձկութեան մէջ ուղերձում են ինձ: *** Նայի´ր, անձկալի կեանքի յուսատու ամենատես ա´չք, Ցաւագնած սրտիս հեծեծանքների Աղաղակներին դառն ու մեծագոչ, … Աղաչում եմ քեզ, ջարդուած, խորտակուած, Լուծուած հողանիւթ անօթիս նորէն, Տէ´ր, աստուածաբար վերստեղծելով հրաշակերտի´ր: Ինձ, որ պատկերդ եմ, մեղքով հնացած, Մուրաներիդ մեջ ջուլի´ր վերստին խօսքիդ հրայրքով: Քո հանգստարան-խորանի՝ մարմնիս, Շինուածքը խախտուած, պահապան հոգուս հետ, պաղատում եմ, Մաքրագործի´ր քեզ ի բնակութեան: Չար գործերիս տեղ նոյն փոխատարութեամբ մի´ հատուցիր ինձ: Արբած եմ ահա, ըստ մարգարէի, բայց ոչ թե գինով: Քո հրամանով, ազատարար ու ամենակեցոյց, Թափի´ր, բարերա´ր, մահուան բաժակիս Թմրաբեր մրուրն անօրինութեան, Որ վերջին օրս հատուցման ժամին քոնը չքամեմ: *** …Թէև գիտակից, սակայն, անպատշաճ, Զարտուղի, խոտոր ճամբով ընթացայ Ու մոլորուեցի դժնդակօրէն,- Որ մեղանչում է կատարելապէս ըստ ամենայնի: Ոտնահարելով քո կամքով հաստուած Ամէն մի սահման՝ դուրս ընդոստնեցի, Գործելով ստոյգ անօրինութեան: Չարագործութեան չափն անգէտների՝ հասցրած իր լրման՝ Բազմապատկեցի ինքս էլ նիւթելով նորեր տակաւին,- Թէ օրինակ է իսկական դժնի յանցագործութեան: Սաստեցիր, սակայն ես չսոսկացի, Յորդորեցիր, բայց չանսացի երբեք,- Որ մարզ նան է ապստամբութեան: Մեզ արդարութիւն յարդարեցիր, տէ´ր, Ինձ պատրաստեցիր լուտանք ու ամօթ. Քեզ՝ վայելչական փառք ու մեծութիւն, իսկ ինձ՝ նախատինք. Քեզ՝ քաղցր յիշատակ, ինձ՝ մաղձ, քացախուած կատարելապէս. Քեզ՝ անլռելի բարեբանութիւն, Իսկ ինձ՝ ողբաձայն աղաղակ ու կոծ. Քեզ՝ օրհներգութիւն, երանութեամբ լի, Իսկ ինձ՝ յուսամերժ տարագրութիւն. Քեզ՝ իրաւունքներ արժանավայել, Իսկ ինձ՝ դատաստան ամենավարան. Քեզ՝ անճառելի դրուատանք ու գովք, Իսկ ինձ՝ միմիայն մոխիր լիզելու խայտառակ պատիժ: Շար . 5 «»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝