Յայտարարութիւն

Sunday, April 8, 2012

Զատկական Բարեմաղթութիւն

Սիրելի ընկերներ , բարեկամներ ,

Հրաշքի համազօր է Քրիստոսի Ս. Յարութիւնը : Ինչպէս Իր Ծնունդը՝ Խորհուրդ մեծ եւ սքանչելի , Իր Յարութիւնն ալ այլ խորհուրդ է , դարձեալ մեծ ու դարձեալ սքանչելի:
Խորհրդածութեան կարգով , արդեօ՞ք աւելի ճիշդ պիտի չըլլար որ մարդ պահ մը ամփոփուէր ու մտածէր թէ ինչ առաքինութիւններով կրնար լիցքաւորուիլ , եթէ իր էութենէն վանէր իր սիրտը ծանրացնող հանգամանքները՝ ատելութիւնը , ոխակալութիւնը , չարամտութիւնը , հպարտութիւնն ու նախանձը եւ այս բոլորին ամենավատը՝ ագահութիւնը՝ իր բոլոր երեսներով : Միթէ՞ կեանքը աւելի դիւրին եւ հաճելի չէ երբ մարդ բարեմիտ է , անոխակալ է եւ առատաձեռն , ազատ ՝ իր սրտին վրայ ճնշող ծանրութիւններէն :

Հրաշքի համազօր մէկ այլ արտայայտութիւն է , ըստ իս , եւ խորհրդածութեան անսպառ նիւթ՝ «մահացող» Քրիստոսի «Ներէ իրենց Տէր , որովհետեւ չեն գիտեր թէ ինչ կ'ընեն» հրահանգ-աղերսը : Յարութեան այս տօնին , ամփոփուինք մի քանի վայրկեան եւ որոշում առնենք դուրս շպրտել սրտերը ծանրացնող հանգամանքները եւ խնդրենք ՝«Ներէ ինծի Տէր , որովհետեւ չէի գիտեր թէ ինչ կ'ընէի» : Թող իւրաքանչիւրի'ս մէջ կատարուի հրաշքը եւ կերտուի' նոր մարդը:
Կը շնորհաւորեմ , այս առթիւ , Յարութիւն անունը կրող բոլոր ընկերներս ու բարեկամներս եւ առաւել կը մաղթեմ , որ նոր մարդու կերտման հրաշքը մշտական գործընթաց դառնայ իրենց կեանքերուն մէջ :
Օրհնեալ ըլլայ Քրիստոսի Յարութիւնը:

Նշան Պասմաճեան
7 Ապրիլ 2012

www.nshanag.com


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝