Յայտարարութիւն

Tuesday, May 15, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 10 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Ողբերգութեանս հիւսուածքին ահա Մի ուրիշ մաս էլ աւելացրի, Շնորհապարգև բարերարիր նոր Արտասուքների առատ պտուղներ ընծայ բերելով: Չափելով խորքերը իմ կորստեան՝ Որքանութիւնը որոշել բնաւ չկարողացայ. Ջանացի յայտնել, պատմել այդ գոնէ հակիրճ խօսքերով, Սակայն լարելով ողջ արագութեամբ թևերը մտքիս՝ Էութեան երբեք հասու չդարձայ. Եվ պարտութիւնն իմ բանակութեան Ձեռքս առած որպէս բարկութեան բաժակ՝ Անզօրութիւնն այդ հոգիս ծուատող Իբրև ճաշակում մահուան ըմպեցի: Իսկ այժմ էլ անթիւ իմ յանցանքները Խղճալի ձայնով երգ եմ դարձել: Մի աներևոյթ բարկ կրակարան Բորբոքուում է մէջս անզովանալի, Ասես թէ անտես եռում են սաստիկ՝ Անշիջանելի հալոց-քուրաներ. Թունոտ նետերի սլաքներ են խոր Մխրճուած սրտիս շտեմարանում. Մահու տանջանքով լեարդս են խոցոտում Խիթերը, բռնած երակները ողջ. Երկունքի ցաւն է, դուրս գալուն անզօր, Գալարուում անել աղիքներիս մէջ. Անմար հրայրքն է լափել մոլեգին Երիկամներս երկու կողմերից. Անտանելի դառն մաղձն է կոկորդիս նախադուռն հասել. Շնչափողիս մէջ հնչում են խռպոտ Ու յուսակտուր աւաղի ձայներ: Իմ իսկ էութեան մասերը բազում, մէկմէկու ներհակ, Պատերազմում են անվերջ իրար դէմ. Երկչոտութեամբ ու տագնապով վարան՝ Վտանգի մէջ է այնտեղ ամեն ինչ. Թէև հարազատ, բայց անհաշտելի ոսոխների պէս Դաւաճանաբար ջարդում են իրար: Թաղված մեղքերի գարշելի տիղմում՝ Ո´չ մեռած եմ ես և ո´չ կենդանի: Ու պատժապարի կասկածոտութեամբ՝ Հայեացքս քեզ եմ ուղղել, բարերա´ր, Որպէսզի կեանքի այս անյոյս վիհից Դուրս բերես դէպի լոյսը անձկալի: *** Ահա ընկղմուեց ու ծածկուեց անհետ Արարածներիդ չարութիւնն համայն Քո երկայնամիտ կամքի լոյսի մէջ, Ինչպէս չնչին մէգն արևի տապում. Այդ են վկայում նաև հենց այստեղ Մեր իսկ էութեան յատուկ բարքերն ու կրքերն ամէնքի: Քանզի մարդկանցից այն ո՜վ մեղանչեց, ու չապրեց զղջում. Ո՜վ ապականուեց՝ ու չպատկառեց. Գարշելի դարձաւ՝ ու ամօթ չզգաց. Սխալմունք գործեց՝ ու չապաշխարեց. Այդ ո՜վ կործանուեց՝ ու չհեծեծաց. Ո՜վ գայթակղուեց՝ ու չվշտացաւ. Պարտութիւն կրեց՝ ու չպապանձուեց. Չարաչար խաբուեց՝ չցաւեց սաստիկ. Ճաշակեց լեղի՝ ու չդառնացաւ. Բարձունքից ընկաւ՝ ու չահաբեկուեց. Կորցրած մեծութեան համար չսգաց. Երանութիւնից զրկուեց ՝չլացեց. Կողոպտուեց իսպառ փառքի շնորհից ու չհեկեկաց. Ո՜վ ինքնավնաս գործեր կատարեց՝ չանարգեց իրեն. Մերժուեց բարձրեալից՝ ու չհառաչեց. Սպառնալիքից Աստուծոյ՝ չսոսկաց. Մի յանցանքի տեղ՝ հազար չաւաղեց. Այդ ո՜վ մերկացաւ ձմրան օրերին՝ ու չդողդողաց. Անօրինացաւ՝ ու չկոշկոճեց խիղճը քարերով. Իր մեծութեան մէջ տեսաւ ստրուկին՝ ու չկսկծաց. Չարիքներ գործեց՝ չեղաւ ինքնամեծ. Լափուեց ախտերով՝ չանգոսնեց անձն իր. Ո՜վ ամօթալի գործեր կատարեց՝ չձաղեց իրեն. Լրբութեան տրուեց՝ ու չնզովեց օրն իր ծննդեան. Ո՜վ մտաբերեց իր արարքները՝ ու չխարշատվեց. Ծածկութիւններն իր տեսաւ՝ չխնդրեց մահ ու կործանում. Գաղտնիքներն յիշեց՝ ու չխորովուեց. Աներևոյթներ երևակայեց՝ Եւ ամօթահար չհակուեց գետին: Այդ ո՜վ չխառնեց հեշտասիրական իր մեղքերի հետ՝ Անշիջանելի բոցը հնոցի. Ո՜վ պագշոտացաւ՝ ու չպապակուեց. Կամովին գործած չարիքներն յիշեց, Եւ չաղօթեց իր կորստեան համար. Անպատմելիներն՝ ու չխռովուեց, Անտանելիներն՝ ու չվշտացաւ, Մեծամեծներն՝ ու չհալուեց իսպառ, Ապականիչներն իր անբծութեան՝ ոչ չտոչորուեց. Յիշեց յանցանքներն, որ եղան պատճառ Իր տարագրման՝ ու չտագնապեց. Տեսաւ իր դէմքի տեսքը աղտեղի Ու չհամարեց իրեն արժանի վերնայինի ցասման. Ո՜վ պատկերացրեց իր աչքերի դէմ Մեկն իսկ մեղքերից կարևորագոյն՝ Ու չխոցոտուեց մահուան զէնքերով, Խայտառակներից՝ չհիւսեց վայեր Ու հեծեծանքներ յուսահատական. Ո՜վ պատկերացրեց իր աչքերի դէմ Մէկն իսկ մեղքերից կարևորագոյն՝ Ու չխոցոտուեց մահուան զէնքերով, Խայտառակներից՝ չհիւսեց վայեր Եւ հեկեկանքներ յուսահատական. Ո՜վ արքայական իր գահից զրկուեց՝ Ու չգալարուեց ջղաձգօրէն. Պերճ պսակի տեղ հող հրեց գլխին՝ Ու չգալարուեց հոգով կրկնապէս. Ո՜վ պայծառացեալ ,պատմուճանի տեղ Քուրջեր հագաւ միշտ՝ ու չմորմոքաց. Ո՜վ կեանքն իր կորցրեց՝ ու չերկնեց անվերջ արիւն-արտասուք. Այդ ո՜վ լուսեղէն զգեստների տեղ Ծածկուեց խաւարով՝ ու չնուաղեց. Ո՜վ չթառամեց սիրելու սգից: Ահա ճշգրիտ պատկերն իրական Յանդիմանական վնասապարտիս.- Տխուր կերպարանք, շիջած ճառագայթ, Իսպառ ցամաքած հիւթալիութիւն, Չորացած շրթունք, անշքացած տիպ,վշտացած հոգի, Այլափոխուած ձայն, ծռուած պարանոց: Բնաւ սխալուած չէր լինի, եթէ մէկն ասէր նաև՝ Անբարձրախոհ միտք ու անհպարտ սիրտ, Պարգև խնդրելուն անիրաւասու երկչոտ տառապեալ, Աղերսանքների իրաւունքից զուրկ ծարաւատոչոր, Ինքնապախարակ թափառաշրջիկ, Արդարալլուկ մերժուած սովահար, Ինքնանահատակ մահապարտ մի հեգ, Արժանապատիժ մի վտարանդի, Անձնանէծ թշուառ: Սրան օրինակ կարող են լինել Այն փարիսեցին, որն արդարագործ Համարեց իրեն, սակայն կշտամբեց, Եւ մաքսաւորն այն, որ ճանաչելով Իրեն մեղապարտ՝ բարեհռչակուեց: Շար . 10 «»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝