Յայտարարութիւն

Wednesday, May 16, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 11 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Արդ, թող ճշմարտուեն խօսքերդ, օրհնեալ,
Ողորմած, ներող Աստուա´ծ բոլորի,
Այն մեղաւորի հանդէպ բազմագայթ,
Որը զղջումով դարձի էր գալիս.
Թէկուզ և լինի այդ մեղանչողի հուսկ վերջին շնչում
Կամ նոյնիսկ չարիք գործելու պահին:
Մանաւանդ նրա դժնի կցորդս անձնիշխանական՝
Մի մարտիկ է միշտ ստութեան յառած, խաբող շողոքորթ,
Ըստ առակողի՝ հողմեր արածող,
Հաստողից փախչող, առնողին գերի,
Թէև համագոյ, բայց ներհակատարր՝ մոլեկան մարմնով,
Բազմաշարժառիթ ամենավարան,
Որոնց անսահման որքանութիւնը միայն դու գիտես:
Սակայն մեղքերին յաջորդում են միշտ
Ողբերգութիւններ յոյժ ողորմագին ու վհատական,
Բազմաւաղելի ու տաժանակոծ,
Որ գրի առած արդ մեղսատագնապ ամօթահարիս՝
Անբաւ չարաչար տուայտանքների թառանչով թշուառ
Ու ողորմաղերս արտասուքներով,
Տէ´ր, տարածում եմ ահա դէպի քեզ:

***
Որպէսզի ի զուր կրկնաբանուելով
Խօսքս չհասնի շատախօսութեան
Ու աւելի ողբալի դառնայ
Ասեմ՝ թշուառս նրանով իրեն
Արքայութիւն չէ, որ յանդգնում է խնդրել, այլ միայն
Տառապանքների քիչ թեթևութիւն.
Ոչ թէ յոյս ունի ապրել լոյսի մէջ՝ ապրողների հետ,
Այլ մեռեալների հետ՝ զգայական կեանքով՝խաւարում.
Եւ ոչ թե լինել բարձրեալների հետ,
Այլ ընկածների, խորտակուածների:
Հանգստի ժամին նա միշտ լինում է տանջահար, յոգնած,
Խրախճանքի մէջ՝ տխուր ու տրտում,
Դէմքով միշտ ժպտուն, բայց մտքով խոցուած,
Տեսքը ծիծաղկոտ, աչքը ողբի մէջ,
Դրսից սփոփուած է ձևացնում,
Բայց արտասուքը լուռ վկայում է կսկիծը սրտի:
Երկու ըմպանակ ունի ձեռքերում
Մէկն արիւնով լի, միւսը՝ կաթով.
Երկու բուրվառներ կայծակնացնցուղ,
Մէկը՝ խնկաբոյր, մէկը՝ ճենճահոտ:
Անօթներ՝ երկու համեմունք կրող,
Մէկը՝ քաղցրութիւն,մէկը՝ դառնութիւն.
Զոյգ բաժակ՝ երկու պարունակութեամբ,
Մէկը՝ արտասուք, միւսը՝ ծծումբ.
Գաւաթներ՝ բռնած մատների ծայրով,
Մէկի մեջ գինի, միւսում՝ լեղի:
Տեսնում է բացուած զոյգ ներհակ դռներ,
Մէկը՝ դէպի լաց, միւսը՝ վրիպում.
Հակառակագործ երկու հալոցներ,
Մէկն արծարծում է, միւսը՝ շիջում.
Աչքերի երկու տարբեր նայուածքներ,
Մէկում աննշան, չնչին սփոփանք,
Իսկ միւսի մէջ դաժան բարկութիւն.
Բարձրացած երկու ահեղ բազուկներ,
Մէկն՝ հարուածելու, մէկը՝ մերժելու.
Մի դէմք՝ կրկնակի արտայայտութեամբ - տխուր ու ցասկոտ:
Մէկի փոխարէն երկու կշտամբանք,
Մէկը՝ ներկայի, մէկն՝ ապագայի.
Տարակուսելի երկու ապաւէն,
Մէկը՝ “թերևս”, միւսը՝ “գոնէ”.
Նոյն բերանի մէջ երկակի բարբառ,
Մէկը՝ եղկութիւն, միւսը՝ խռովք.
Երկու զգացում միևնոյն սրտում,
Մէկը յեղակարծ, խաբուսիկ յոյսի,
Միւսն անկասկած, ստոյգ կորստեան:
Ահագնատեսիլ լրթագոյն մի ամպ՝ երկու տեղումով,
Նետեր ու քարեր.
Ահեղ որոտում՝ երկու պոռթկումով,
Մէկը՝ կարկտաբեր, մէկը՝ հրացան.
Ցաւագին գիշեր երկու վտանգի՝ լալու ու մահուան.
Սգի առաւօտ երկու գոչիւնով,
Մէկը՝ սաստելու, մէկն՝ սպառնալու.
Զոյգ արեգակներ երկու ծագերից,
Մէկը՝ խաւարի, միւսը՝ կիզման:

***
Եթէ մի բռունցք բարձրանայ յանկարծ խփելու համար,
Կը կարծի իրեն է հարուածելու,
Իսկ եթէ պարզուի ձեռք պարգևաձիր
Թէ ակնկալի, որ իր համար է.
Երբ պարծենում է որևէ մէկը, որ կորանում է նա,
Իսկ երբ գլուխ են վեր բարձրացնում, ընկճուում է սաստիկ.
Երբ չար գործեր են յիշուում, հեծում է,
Իսկ երբ խօսուում է անարատների մասին՝ ամաչում.
Երբ խօսք է լինում հանդերձեալների մասին, դողում է.
Եթէ բացայայտ որևէ մէկից օրհնութիւն ստանայ,
Ինքն իրեն պիտի անիծի ծածուկ.
Երբ ինչ-որ մէկից գովեստներ լսի,
Պիտի կշտամբի, պարսաւի իրեն,
Իսկ եթէ յանկարծ նախատուի սաստիկ,
Ինքն է հաստատում, որ արժանի է.
Եթէ ենթարկուի ծաղր ու ծանակի,
Կը համարի այդ սակաւ հատուցում
Իր չափազանց մեծ պարտքերի դիմաց.
Եթէ լսի, որ իր մահն եմ ուզում,
“Այո” է ասում ու կրկնում դարձեալ.
Եթէ երկնքից մահուան շանթ ճայթի,
Հազիւ թէ դէմքը բարձրացնի վեր.
Իր իրաւունքի մատեանն է գոցուած,
Յոյսն արդարացման լքել է իրեն,
Ու փակ է ճամբան վստահ ընթացքի:
Եւ չէր յապաղի լինել անձնասպան,
Եթէ խեղճ գերուն այն անփրկելի կորուստ չլինէր:
Արդարև, վա՜յ այն մեղաւոր մարդուն,
Ըստ իմաստունի հոգելից խօսքի,
Որ տարակուսուած զոյգ ճանապարհի վրայ կը կանգնի:

Շար . 11


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝