Յայտարարութիւն

Friday, May 11, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 6 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Ընտիր բարութեան ո՜վ անկշռելի անսահմանութի´ւն, Արդ ընդունեցիր քո ընտրեալներից Դու քեզ արժանի ու ախորժելի կնդրուկի, Մինչդեռ ես այստեղ, ըստ արժանիքիս, Խտացայ միայն դրա համեմատ Բազմակրկնակի բարդուած պարսաւներ: Բայց եթէ այսպէս անբիծներն էին նաև աղերսում, Հապա ինձ համար, որ դժնաբարոյ Բոլոր մարդկանցից խիստ վրիպեցի, Նախատինքների ի՜նչ տողեր հիւսեմ: Անառակ վարքով մոլոր ընթացայ հանց վայրենամիտ. Շրթունքներովս համարձակուեցի Բարբառել անվերջ երկրասէր խօսքեր. Խենթի մոլութեամբ սիրահարուեցի Ամօթալի ու զազիր գործերին. Նոյնիսկ հոգուս գրաւականի՝ Շնչառութեանս տնօրէն չեմ: Ամբարտացայ փոշիս շնչաւոր, Անապածեցի կաւս ձայնաւոր, Խիստ հպարտացայ հողս անարգուած, Յոյժ խրոխտացայ մոխիրս մերժելի, Բազուկ բարձրացրի բաժակս փշրելի: Տարածուեցի շա՜տ, շատ աւելի, քան վեհագոյնները, Սակայն ետ մղուած՝ նորից ինքս իմ մէջ ներամփոփուեցի. Բարկութեան բոցով ժպրհեցի ցոլալ տիղմս բանական. Մեծամտեցի որպէս մի անմահ Ես, որ մահուան եմ ենթակայ անբան չորքոտանու պէս. Գիրկս բաց արի այս կեանքի սիրուն. Դէմքի փոխարէն թիկունք դարձրի քեզ. Մտքիս թռիչքով մութ խորհուրդների միջոցով սլացայ. Անարատ հոգիս մարմնիս փափկութեամբ յաւէտ վատեցի. Ձախ կողմից ուժգին զօրութիւն տալով՝ Տկարացրի աջիս ուժերն ու յաղթեցի նրանց. Հոգածութիւնդ իսկ տեսայ իմ հանդէպ, Որ այստեղ գրել չեմ կարող, սակայն չպատկառեցի. Ծայրի հաւքի պէս դէպի վաղեմի Սովորութիւնն իմ նորից սլացայ, Ինչպէս երբեմն Եփրեմի մասին ասել է Յովսէփն. Աղօթքիս պահին նոյնիսկ այս կեանքից չկտրուեցի. Մտքիս երիվարը ոտքի կանգնած չպահեցի ես Բանականութեան երասանակով. Հին չարիքների վրայ բարդեցի նորերն ինքնաստեղծ. Ըստ Յոբի խօսքի, իմ իսկ ձեռքերով, Անկարկատելի մի գոգնոց դարձայ. Ըստ առակողի, անանելի մի վիժուածքի պէս, Մարդահամարից իսպառ ջնջուեցի… *** Ինչպէ՜ս համարեմ ես ինքս ինձ մարդ, Երբ կարգն եմ դասուած տմարդների. Կամ ինչպէս պիտի բանական կոչուեմ, Երբ յիմարութեամբ իմ՝ անբանների կցորդն եմ միայն. Ինչպէս կարող եմ անուանել տեսնող Ես, որ իմ ներքին լոյսերն եմ մարել. Եւ ինչու պիտի ունենամ համբաւ զգայականի, Երբ իմացութեան դռներս են փակուած. Ինչով կարող եմ ցոյց տալ ինձ որպէս անեղծի տիպար, Երբ անձնասպան եմ եղել հոգեպէս: Նոյնիսկ շարժուն ու շնչաւորական Իրաւունք չունեմ ինքս ինձ կոչելու, Թող թէ հոգևոր և կամ բանական. Անօթների մէջ անպէտքագոյնն եմ, Անարգագոյնն եմ որմնաքարերից, Արհամարհուած եմ կանչուածների մէջ, Վատթարագոյնը՝ հրաւիրեալներից: Սուրբ Երեմիայի ասածի նման՝ Բռնուած ցաւերով ու տանջանքներով Երուսաղէմի՝ Ահաբեկուել ու սմքել եմ մահուան արհաւիրքներով, Բոլորից լքուած ու անմխիթար. Խամրեցին օրերս հեծեծանքներից Ու տարիներիս ընթացքը անվերջ հառաչանքներից, Ըստ սաղմոսողի նուագերգութեան. Զերթ ասուին՝ցեցից և փայտը՝ որդից, Ըստ իմաստունի, Ես էլ հալուեցի խիթերից սրտիս. Ինչպէս սարդոստայն իսպառ մաշուեցի, Ըստ սաղմոսողի, ու դարձայ խոտան. Ըստ մարգարէի, ինչպէս փութանցիկ Առաւօտուայ ամպ ու վաղորդեան ցօղ անհետ ցնդեցի: Շար . 6 «»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝