Յայտարարութիւն

Sunday, May 13, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 8 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Թէ զինուոր տեսնեմ, մահ եմ սպասում, Թէ պատգամաբեր՝ արհաւիրքի բօթ, Եթէ գրագիր՝ կորստեան մուրհակ, Թէ օրհնապահ՝ անէծք ու նզովք, Եթէ քարոզիչ՝ ոտքերի փոշու թօթափում միայն, Եթէ անզգամ ՝ կսկիծ ու մորմոք: Թէ ջրով փորձուեմ, պիտի խորտակուեմ, Թէ դեղ ընդունեմ, պիտի մահանամ, Եէե տեսնում եմ ինձ հասնող բարիք, Փախուստ եմ տալիս՝ չար կասկածներով, Թէ բարձրացած ձեռք՝ կորանում նկուն, Թէ մի խրտուիլակ՝ սարսուն ահաբեկ, Ընդոստում՝ ամէն թեթև թնդիւնից Դողում, երբ յանկարծ հրաւիրուում եմ խրախճանութեան: Իսկ եթէ մեծիդ ես ներկայանամ, պիտի սարսափեմ, Պիտի կարկամեմ, եթէ կանչուելու լինեմ հարցումի, Եթէ իրաւամբ քննուելու լինեմ, պիտի համրանամ: Արդ, իրար վրայ կուտակուած այսքան Ամենաթշուառ ու ողորմագին վիշտ-տագնապներս, Որ զգայութեան խորքերում սրտիս գոյատևելով՝ Անբժշկելի ցաւերով ներքուստ Խոցոտում է այն նետերով անտես, Որոնք մշտակիր, անարտաքսելի, Հանապազամուխ ու յարամնաց խրուած հոգուս մէջ, Ամբողջութեամբ այն լցրած շարաւով Ու պատճառելով կրկնակի հարուած՝ Չարաչար մահս են կանխագուշակում: Գաղտնի, ծածկապէս ներսս մթերուած՝ Երկաթը պատող թարախը անվերջ տագնապում է ինձ. Շնչառութեանս միջոցին ներքուստ Անբուժելի ու խորը վէրքերի ցաւեր ազդելով, Որից նուաղած ձայնիս խարախար աղաղակները, Արտասուախառն ու կողկողագին Թախիծով հոգուս, իղձաղերսներով, Այլև ինձ համար՝ ինձ հետ աղօթող՝ Երկրաստեղծ բոլոր նահատակների Ամենանուէր ողր ու հեծութեամբ՝ Այս ստորային վայրերից դէպի Ամենահնար բարեգործիդ եմ երկինք առաքում: Շնորհի´ր, ո՜վ Տէր. անդորրութիւն ու հանգստավէտ կեանք՝ Զուր աշխատութեամբ խեղճ յոգնաբեկիս, Դո´ւ, որ համայն ես ամէն ինչի մէջ Եւ ամէն ինչով միշտ փառաբանուած: *** Կտրուեց լարը ապրելու յոյսի, Ու ճարակուեցի ես ամբողջովին գարշ բորոտութեամբ. Երևաց չնչին պալարն սպիտակ փայլուն ու տգեղ, Երկդիմի կերպով նախնական ախտի հետքերը կրող, Իբրև կրկնակի անմաքրութեան նիշ. Ապականութեամբ լափուած՝մարմինս իսպառ քայքայուեց, Մահացաւ,մեռաւ Ատստծու համար. Պարծանքի նշոյլն անհետ չքացաւ. Փրկութեան յոյսը մատնուեց փորձութեան. բարին խաւարեց. Կեանքի դուռն ընդմիշտ փակուեց իմ առաջ. Ծերացաւ ամէն մխիթարութիւն. Մօտեցաւ ատեանը դատաստանի. Մէջս արծարծուեց թոյնը մահաբեր. Խպանւան այնտեղ յարութիւն առաւ. Նաւահանգիստը խցուեց քարերով. Յոյսի շաւիղը փակուեց, կուրացաւ. Շնորհի ծածկոյթն հանուեց ինձանից. Վայելչութիւնը փառքի՝ խաւարեց. Խափանուեց հանճարն առաջնորդական. Բազմացաւ փուշը կշտամբանքների. Ծաղկեցին որթերն անօրինութեան. Մէջս բորբոքուեց բոցը գեհենի. Տաժանքի լուծը ծանրացաւ վրաս. Եւ ստրկութեան կապանքը պրկուեց. Ընկաւ նեցուկը յարկիս շինութեան. Կործանուեց մոյթը բարձրակառոյցիս. Միաբանութիւնն ընտանի՝ քանդուեց. Ու տրտմեց սաստիկ սրբութիւն սիրող Աստծու հոգին: Շար . 8 «»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝