Յայտարարութիւն

Monday, May 14, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 9 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Կեանքս այս աշխարհում նման է սաստիկ ալեծուփ ծովի, Ուր կոհակների անդուլ, անընդմէջ դիմախուժումով Տարուբերուում է, ցնցուում է հոգիս Մարմնիս շինուածքով, ինչպէս նաւակում: Եսային ևս այսպէս պատկերեց Երուսաղէմի ու Սամարայի Անսպասելի աւերածութիւնն Ու կործանումը պարսիկ հեներից, Որն համեմատել սխալ չի լինի Նաև հոգևոր իմ խորտակման հետ: Քանզի մինչդեռ ես անհոգ, աներկբայ Մի վստահութեամբ արշաւում էի, Փորձութեան միայն չնչին կասկածներ Մտանցելով այն փոքր միջոցի պատճառով, որ դեռ Բաժանում էր ինձ իմ հանգրուանից, Կարծելով արդէն հասնում եմ ափին, Ձմեռը յանկարծ, ամառ ժամանակ, Բքաբեր հողմով վրայ հասնելով՝ Իր ալեկոծ դիմահարութեամբ Իսկոյն վրդովեց հանդարտութիւնը: Եւ ալիքների վայրագ բախումից նաւը խորտակուեց: Քայքայուեց սարքը թիավարութեան. Ջոկուեց իր տեղից կայմը բարձրաբերձ. Առագաստն ամբողջ իր թռչարանով Պատառոտուելով՝ դարձաւ ծուէններ անկարկատելի. Զարդերից զրկուեց շինուածքը շքեղ. Առասանները ձգման՝ խզուեցին. Ցած թեքուեց գլխի դիտարանը պերճ. Կտրուեց պարանն ապավանդակի. Խարսխակալը քարուքանդ եղաւ. Բաժանուեցին զոյգ իրար կցորդուած լուծ-գերանները. Քամիներն ուղղիչ ետ գալարուեցին. Սուզուեց հիմնալաստ նեցուկը նաւի. Ղեկն իր կազմուածքով ջրակուր եղաւ. Նաւարկութիւնը զրկուեց իր բոլոր յարմարանքներից. Ողնափայտն ամուր իսկոյն կոտրուեց. Զիստն ամրապնդող կապարանները ջարդուփշուր եղան. Աւերակ դարձաւ նավագոգը ողջ. Նաւախելը իր եզրաշրթերով խախտուելով՝ թռաւ. Շքեղ բազմոցներն ընկան սուզուեցին. Վայելչակառոյց վանդակապատը հիմքից կործանուեց. Հանգստարանի գահաւորակը քարուքանդ եղաւ. Տախտակամածը իսպառ քայքայուեց. Պնդիչ գամերը դուրս թռան տեղից: Արդիւնքը դրա մնաց ինձ համար Որպէս ողբերիս յիշատակարան: Իսկ նաւավարը նաւի դէմուդէմ Ձեռքը ծնօտին դեգերում է, դառն Արտասուքների գետեր թափելով Եւ նշմարելով խորտակուած նաւի խեղճ բեկորները, Որոնք խողխողուած բանականի պէս Տարուբերուում են ալեկոծ ծովի ծփանքի վրա, Հեծում է անվերջ ցաւագին թախծով: Ճշմարտութիւնից վրիպում չէ այն, Որ հիմա բարի նաւապետը իր երկնաւոր զօրքով՝ Աշխարհի ծովում բանական գոլիս Խորտակուած նաւն է ցաւագին ողբում: Քանզի, արդարև, բարեգութ տէրը, Որպէս օրինակ մարդկութեան, լացեց Նաև իր թաղուած ազգակցի համար, Լացեց մոլորեալ Երուսաղէմի Այլև մոլեգնած Յուդայի վրայ, Որոնցից վերջին երկուսը կորցրին յոյսը փրկութեան՝ Ծովում կործանուած այս նաւակի պէս, Սակայն միւսը, անդունդի յատակ հասնելուց յետոյ, Յոյսի պարանը իր ձեռքում պահած, Փրկչի զօրութեամբ հանգիստ, ապահով դուրս ելաւ նորից: *** Իսպառ ուրացած պարտքը տաղանդիս՝ Ես ապիկարս, գործերով անարգ, Որպէս արքունի գանձերի վատնիչ, Կրկնադատ, մեծին անճողոպրելի պատասխանատու Մի կալանաւոր, փրկութիւնից զուրկ, Արժանի կերպով կանգնել եմ ահա Անխուսափելի պատժի յանդիման: Բիւր քանքար եմ պարտք, այնինչ գրպանում չունեմ մի ունկի. Եւ անբարեխօս փակուած կապկպուած դառն արգելանում, Խաւար բանտի մէջ ճաշակելով լոկ հեծեծանք ու լաց՝ Կանչուում եմ այսպէս անպաշար, անօգ ու անապաւէն: Ի՜նչ է մնում ինձ, թէ ոչ բարբառել Կոծ ու կսկիծով այսքա՜ն ողբաձայն. Ընտրեցի այս չափն ու վերջոյթը նոյն Խորհրդաւոր ու անհատնում թուով երկեակ տասնեակի: Բոլոր կողմերից ժանտ աղքատութեան հնոցն է մրրկում: Անպատսպար ու թշուառ, վշտաբեկ, Ալեկոծ հոգով, միշտ ապաշնորհ ու սխալական Մի մարդ եմ, սիրտս գրաւի դրած: Անողորմ հայցով ահա պիտ' կանգնեմ դատաստանի դէմ. Մեղքի ու մահուան անտես զէնքերով Զգայարանս է գաղտնի խոցոտուում. Փրկութիւնից զուրկ մի գերի եմ ես չարի բռնութեան. Խաստի սուսերն է սուրսայր՝ խոցոտում էութիւնս ողջ: Այժմ իսկ, ատեանի բեմը յիշելիս, Անլոյս մռայլն է կանգնում չարատես աչքերիս մէջ՝ Տարակոյսներով անօգ կապկպուած, Անպաշտպան, մոլար մորմոքուած այսպէս գեհենի հրով՝ Մեղքի վիհերում կործանուում եմ ես ու կորչում անհետ: Ունեցածս անարգ արծաթն անպիտան Չի ընդունուելու և չի ամբարուի տէրունի գանձում: Հայեացքս է պղտոր, ձեռքս անմաքուր, աննուիրական: Բայց բեկուած սրտով, մատներով դողդոջ՝ առած դարձաւ յոյս, Երեսս հողին՝ պաղատում եմ քեզ, օ՜ մայր Յիսուսի, Երկնի իսկուհի՜, կեանքի փրկանա´կ, Բարեխօս եղիր ու մեղաւորիս մաղթի´ր քաւութիւն, Դու, որին երկրից մատուցուում եմ միշտ Հոտանուշ իւղեր, խնկաբուրումներ և օրհներգութիւն: Շար . 9 «»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝