Յայտարարութիւն

Saturday, May 19, 2012

Մի ծխախոտ աւելի մի պակաս , մի քուէ աւելի մի ձայն պակաս...

Ազգային լուրջ մտահոգութիւն ՝ ստորագրուած Վ.

Յո՞ երթաս Հայաստան...

«Նշանակ»

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»

Ընտրութիւնների ելքը կանխորոշեցին վախկոտութիւնն ու անտարբերութիւնը
Դուք երբևէ ուշադրութիւն դարձրե՞լ էք, թէ անցորդներն ինչպէս են փողոցում ծխախոտի մնացորդ կամ թուղթ գցում:

Գանձագողութեամբ ու թալանով հարստացած խոշոր եղջերաւորները, որոնց քաղաքավարի նորահարուստներ ենք անուանում, իրենց թանկարժէք ավտոմեքենաների պատուհաններից լկտիաբար դուրս են նետում աղբը, քաղաքային լկտի թափթփուկները ևս անթաքոյց են կեղտոտում ու վնասում: Բայց մեր հայրենակիցների այս երկու կարգախմբերը չեն ինձ այս պահին հետաքրքրում, այլ սովորական անցորդները՝ միջին, չափաւոր կարգապահ, չափաւոր կիրթ և հաւասարակշռուած մարդիկ: Նրանք հիմնականում ձգտում են ծխախոտի մնացորդներն աննկատ ու թաքուն գցել գետնին՝ ինչ-որ անկիւնում: Այդ մարդկանց անվստահ հայեացքներից կռահում ես նրանց մտքերը՝ գիտակցում են, որ սխալ են վարուում, բայց նրանց թուում է, թէ ոչ ոք դա չի նկատի, ու իրենց մէկ գործողութիւնից բաղկացած անմեղ արարքը ոչ ոքի չի վնասի. յետո՞յ ինչ՝ մի ծխախոտ աւելի, մէկը պակաս, ի՞նչ տարբերութիւն, փողոցն առանց այն էլ առանձնապէս մաքուր չէ...

Հենց այդ մարդիկ, որ ոչ գող են, ոչ կաշառակեր, ոչ տականք, այլ հասարակ, միջին, անտարբեր մարդիկ, կանխորոշեցին 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւնների ելքը: Նրանք, իհարկէ, հոգու խորքում գիտակցում էին, որ լաւ չէ փողի դիմաց քուէարկելը, որ իրենց գրպանները փող խցկողներն անազնիւ մարդիկ են, և նրանց ողորմութիւնն ընդունելով՝ իրենք էլ են անազնիւ վարուում: Բայց այդ գիտակցութիւնը խառնուեց անտարբերութեանն ու վախկոտութեանը, այն մխիթարական մտքի հետ, որ մի ձայն աւելի, մի ձայն պակաս՝ ոչինչ չի փոխուի, իշխանութիւնները մաքրելը միայն ինձնով չի յաջողուի... Եւ յանկարծ պարզուում է՝ միակը չես, որ աչքերը թաքցնելով՝ փողով քուէարկել է սեփական խղճի դէմ: Քեզ նմանները հարիւր հազարներ են: Եւ միայն դու չես ծխախոտը գաղտագողի գցել մայթին: Այնպէս որ փողոցներում և իշխանութեան մէջ կուտակուած աղբաբլուրների համար հենց ինքդ ես մեղաւոր, և այդ պատասխանատուութիւնից ոչ մի կերպ չես խուսափի:

Վ.

18.05.2012թ.
,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ,,

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝