Յայտարարութիւն

Monday, May 14, 2012

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատուական վարչութեան մեկնաբանութիւն

1991թ. ապրիլի վերջին - մայիսի սկզբներին Ադրբեջանի ՆԳՆ յատուկ նշանակութեան միլիցիայի ջոկատները` (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի աջակցութեամբ սկսեցին պատժիչ գործողութիւններ, նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի և նրան յարակից հայաբնակ շրջաններից տեղահանել հայ բնակչութեանը: Իրականացուեց «Կոլցո» լայնածաւալ ռազմական գործողութիւնը, որն ուղղուած էր Ադր. ՍՍՀ Խանլարի շրջանի Գետաշէն և Մարտունաշէն գիւղերի, Շահումեանի, Հադրութի և Շուշիի շրջանների որոշ գիւղերի հայ բնակչութեան վտարմանը:



Այդ գործողութեան արդիւնքում ամբողջովին դատարկուեցին, հիմնայատակ աւերուեցին կամ ադրբէջանցիներով: Բնակեցուեցին տասնեակ հայկական բնակավայրեր: Բռնատեղահանուեցին տասնեակ հազարաւոր մարդիկ, սպաննուեցին հարիւրաւոր հայեր: Իր ծայրայեղ դաժանութեամբ և մարդու իրաւունքների զանգուածային խախտումներով աչքի ընկած <<Կոլցո>> գործողութեան հետևանքով էր հենց, որ շեշտակիօրէն սրուեց լարուածութիւնը տարածաշրջանում, և ղարաբաղեան հակամարտութիւնը տեղափոխուեց ռազմական հարթութիւն:

ԵԱՀԽ առաքելութեան 1992 թ. Փետրուարի 28-ի զեկուցման մէջ նշվել է` <<1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին իրադրութիւնը յատկապէս սրուեց, երբ խորհրդային բանակը Ադր. ՆԳՆ ստորաբաժանումների օգնութեամբ տարածաշրջանի շատ գիւղերից տեղահանեց հայերին: Տեղահանութիւնն իրականացուել է առանձնայատուկ դաժանութեամբ>>:



<<Կոլցո> ռազմական գործողութեան ընթացքում տեղի ունեցած դէպքերն իրենց արտացոլումն են գտել միջազգային մի շարք կազմակերպութիւնների փաստաթղթերում, դարձել լսումների թեմա` ՌԴ Գերագոյն Խորհրդի մարդու իրաւունքների կոմիտէում և գնահատուել Եւրախորհրդարանի և ԱՄՆ սենատի բանաձևերում:

Մոսկովեան <<Մեմորիալ>> միութեան իրաւապաշտպան կենտրոնն արձանագրել է մարդու հիմնարար իրաւունքների ամենակոպիտ խախտումներ. <Կոպտօրէն խախտուել է իւրաքանչիւր մարդու կեանքի, ազատութեան, անձնական անձեռնմխելիութեան իրաւունքը, կիրառուել են կտտանքներ, կատարուել` ինքնակամ կալանքներ և ձերբակալութիւններ, կատարուել են բազմաթիւ գոյքային իրաւախախտումներ: Բնակչութեան տեղահանումը կրել է զանգուածային բնոյթ: Այդ խախտումներին յատուկ ցինիկութիւն է հաղորդում այն փաստը, որ խաղաղ բնակչութեան նկատմամբ զանգուածային բռնութիւնը կատարուել է հենց իրաւապահ մարմինների կողմից: Այդ ամենի պատասխանատուութիւնն ընկնում է ինչպէս Ադրբեջանի Հանրապետութեան ՆԳՆ և ՊԱԿ-ի բարձրագոյն ղեկավարութեան, այնպէս էլ ԽՍՀՄ ՆԳՆ, պաշտպանութեան նախարարութեան և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի հրամանատարութեան վրայ: Այդ յանցագործութիւնները ստուեր են նետում նաև ԽՍՀՄ բարձրագոյն ղեկավարութեան վրայ>>:

1991 թ. մայիսի 1-ին ԱՄՆ սենատում ընդունուեց միաձայն որոշում, որով դատապարտուում էին <<ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարութեան կողմից ԼՂ, Հայաստանի և Ադրբեջանի հայազգի բնակչութեան դէմ կատարուած յանցագործութիւնները>>: Նրանում, մասնաւորապէս, դատապարտուում էին <<Լեռնային Ղարաբաղում և յարակից հայկական բնակավայրերում ու Հայաստանում անմեղ մարդկանց, կանանց և երեխաների վրայ կատարուած յարձակումները, ռազմական ուժի լայնածաւալ կիրառումը, ինչպէս նաև Հայաստանի արևելեան և հարաւային սահմաններին անզեն բնակչութեան գնդակոծումները>> և կոչ էր արուում <<վերջ տալ շրջափակմանը, ուժի գործադրման միւս ձևերին, ինչպէս նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դէմ ուղղուած ահաբեկչութեանը>>:

Մայիսի 25-ին ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամաւորների չորրորդ նստաշրջանում քննարկման դրուեց Հայաստանի և Ադրբեջանի մի շարք շրջաններում ստեղծուած իրադրութեան շուրջ զեկոյցի նախագիծը, որն էլ ձայների ճնշող մեծամասնութեամբ ընդունուեց: Որոշման մէջ, մասնաւորապէս, նշուում էր, որ <<համաձայն մարդու իրաւունքների միջազգայնօրէն ճանաչուած նորմերի և համաձայնագրերի` անհրաժեշտ է անմիջապէս դադարեցնել խաղաղ բնակչության տեղահանումը, ազատ արձակել պատանդներին և զինուած բախումների գործերով քննութեան տակ գտնուողներին յանձնել ԽՍՀՄ դատախազութեան վարոյթ>>:

Այդուհանդերձ, <<Կոլցո>> ռազմական գործողութեան ընթացքում թոյլ տրուած յանցագործութիւններին համապատասխան քաղաքական և իրաւական գնահատական չի տրուել միջազգային հանրութեան կողմից, իսկ կազմակերպիչներն ու կատարողները մնացել են անպատիժ: Այն նախադէպ դարձաւ, որպէսզի Ադրբեջանը նոր ռազմական յանցագործութիւններ և անմարդկային գործողութիւններ իրականացնի հայազգի խաղաղ բնակչութեան նկատմամբ:

Առ այսօր բռնատեղահանուած բնակիչները զրկուած են սեփական տները վերադառնալու հնարաւորութիւնից և չեն ստացել որևէ փոխհատուցում:

Ափսոսանքով պէտք է արձանագրել նաև, որ <<Կոլցո>> ռազմական գործողութեամբ տեղահանութեան ենթարկուած ոչ մի հայկական գիւղ չի յիշատակուում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտութեան կարգաւորման համար միջազգային դիտորդների կողմից առաջարկուող և ոչ մի փաստաթղթում:





«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝