Յայտարարութիւն

Saturday, June 9, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 14 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Միթէ երկրածին ամենապատիր
Անցաւոր մէկին պաղատեցի ես,
Որ աղաղակն իմ հնչի ընդունայն.
Կամ բանականիդ մի մահկանացու,
Որ իմ փրկութեան յոյսը լինի սին.
Կամ թէ եղծական մի ադամորդու,
Որը ո´չ միայն տկար է խօսքով, այլև´ զօրութեամբ.
Ինչ-որ երկրաւոր գահակալների աղերս ուղղեցի,
Որոնց հետ նաև անցողիկ լինեն բարիքներն իրենց.
Հարազատ եղբօր, որն ինքն է կարօտ
Փնտռելու անդորր սեփական անձին.
Հօրն իմ երկրաւոր, որ հասած կեանքի արևնամուտին՝
Կորցրած լինի գորովանք ու գութ.
Կամ թէ աշխարհիս թագաւորներին,
Որոնք ճարտար են միմիայն մահուան ու սպանութեան
Արուեստների մէջ, ոչ թէ կեանք տալու:
Այլ քեզ, միայն քեզ, բարերար Աստուա´ծ, օրհնեալ երկնաւոր,
Որ կենդանի ես, կենդանութիւն ես տալիս բոլորին
Այլև կարող ես վախճանից յետոյ անգամ լիովին
Ու անկեղծօրէն վերանորոգել:

***
Չեմ պարծենում ես, որ ամէն ինչով նախատուած եմ միշտ,
Եւ անարգուածս չեմ հպարտանում,
Յուսալքուածս չեմ խրոխտանում,
Պապանձուածս էլ չեմ մեծաբանում,
Խայտառակուածս էլ չեմ ըմբոստանում,
Թշուառականս չեմ երջանկանում
Եւ ամբարիշտս չեմ արդարանում:
Ինչպէս որ առանց սանձակալի ձին
Անխոտոր, անգայթ չի գնայ երբեք,
Եւ աննաւավար նաւն ալիքներով չի սուրայ առաջ,
Ինչպէս արօրը առանց մաճկալի
Հերկ չի կատարի հաւասարապէս,
Ամոլի զոյգերն առանց հօտաղի
Չեն ընթացակցի հաշտ ու համաքայլ,
Ինչպէս ամպերը չեն չուում առանց հողմերի,
Եւ անժամանակ չեն ցնդում աստղերն ու չեն գումարուում,
Արեգակն առանց օդի տարրեղէն
Շրջապտոյտն իր չի բոլորում,
Այնպէս էլ և ես առանց ակնարկող հրամաններիդ
Ոչ մի բան անել չեմ կարող երբեք...

***
Ինչպէս մէկը, որ սաստիկ հողմակոծ,
Բազմավտանգ ու ալեծուփ ծովում
Ծեծկուած, չարչրկուած, լլկուած ուժգնօրէն՝
Քշուում ընկնում է հոսանքների մէջ վայրենահեղեղ,
Ուր տագնապահար՝ ձեռքի մատները
Ձգում է տարտամ այս կողմ ու այն կողմ,
Զերթ գարնանազայր գետերի բռնի հոսանքով մղուած՝
Տարուում է սակայն ակամայ վազքով ու թաւագլոր
Եւ խառնախռիւ, մամռոտ, տղմախառն,
Գարշահոտ, պղտոր ջրեր կուլ տալով,
Իսպառ շնչասպառ, գալարքով մահուան՝
Ի վերջոյ խեղդուում յորձանքների մէջ խորասուզուելով.
Ճիշտ այդպիսին եմ և ես՝ եղկելիս:
Խօսում եմ ինձ հետ, և չեմ իմանում,
Գոչում եմ, սակայն չեմ լսում ոչինչ,
Ձայն եմ տալիս ինձ, և չեմ արթնանում,
Կանչում են, սակայն չեմ շարժուում տեղից,
Փողահարում են, և չեմ ելնում մարտի,
Վիրաւորուում եմ նոյնիսկ՝ չեմ զգում:
Զազիր կուռքերի նման թափուր եմ,
Բայց մտքերի ներգործութիւնից,
Բայց իսկութիւնը եղուկ պատկերիս
Այս օրինակից շատ աւելի չար,
Ատելի է ու մեղադրելի
Եւ Քրիստոսի ատեանին արժան:

***
Ինչպէս մի օտար իմաստասէրի
Բարուոք թուաց չար համարել մահը,
Եթէ գիտակցուած, հասկացուած չէ այն,
Ես էլ իմ խօսքով նոյնն եմ հաստատում.
Քանզի անզգայ անասունի պէս
Մեռնում ենք և չենք զարհուրում,
Կործում ենք և չենք սարսափում,
Թաղուում ենք և չենք խոնարհուում,
Տարագրուում ենք և չենք տագնապում,
Եղծուում ենք և չենք ափսոսում,
Մաշուում ենք և չենք գիտակցում,
Խամրում ենք և չենք սթափուում,
Գնում ենք, չենք զգուշացնում,
Գերուում ենք ու չենք էլ զգում:
Իսկ երանելի Յոբն համարում է մարդուս մահն հանգիստ.
Ես էլ սրբի հետ նոյնը կ'ասէի,
Եթէ մահացած գործերի բեռը
Այսպէս ծանրացած չլինէր վրաս.
Նամանաւանդ որ որոգայթը խիստ գաղտնի է, իսկ իր
Հնարադիրը աննկատելի.
Ներկան անգոյ է, անցեալը՝ անյայտ, գալիքն՝ անստոյգ,
Ես անհամբեր եմ, իսկ բնութիւնս՝ խիստ թերահաւատ,
Ոտքերս՝ անհաստատ, մտքերս էլ՝ ցնդած,
Կրքերս՝ բռնաւոր, բարքս՝ անժուժկալ,
Մարմինս ամբողջ մեղք է մակարդուած, կամքս՝ երկրասէր,
Հակամարտութիւնն էակից է ինձ, խառնուածքս է ներհակ,
Բնակարանս կաւեղէն է, իսկ անձրևներն՝ ուժգին,
Անթուելի են իմ կարիքները, պատահարներն էլ ամենագրաւ,
Միտքս է չարամէտ, տենչերս՝ բարեատեաց,
Կեանքս՝ միօրեայ, զուարճութիւններս՝ աննշան, չնչին,
Խաբուում են վրաս, ինչպէս մանկական խաղալիքի հետ,
Աշխատութիւնս է իզուր, ընդունայն,
Իսկ վայելքներս՝ փուճ, երազային,
Ամբարներս լոկ ոչնչով են լի, պահեստներս՝ հողմով,
Ինքս նման եմ դարձել ստուերի,
Իսկ կերպարանքս ծիծաղելի է:
Քանզի երբ հասաւ ինձ պատուիրանը, ըստ սուրբ Պօղոսի,
Անպատրաստ գտաւ իր համար, մեղքերն յարութիւն առան,
Յանդիմանուելով արդարութիւնից.
Այնժամ մահացայ ես կեանքի համար
Եւ կենդանացայ կորստեան համար:

Շար . 14


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝